Հայ–թուրքական սահմանի դեպքում մի կերպ հասկացանք, բայց հայ–իրականական սահմանն ինչո՞ւ են ռուս սահմանապահները հսկում. Արթուր Սաքունց
20:28, December 15, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԿառավարության ներկայացուցիչները հայ-իրանական սահմանի վրա շինթույլտվությունն արգելելու որոշման նախագիծը ներկայացնելիս անհեթեթ բացատրություններ տվեցին, որի նպատակը դեմք փրկելն էր: Tert.am –ի հետ զրույցում հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
«Նախ, առաջին հերթին, կառավարության որոշման մեջ հստակ գրված է «ռուս սահմանապահներ», կոնկրետ ռուսական սահմանապահ զորամասի համարն է նշված: Այսինքն՝ լավագույն կամ վատագույն դեպքում անհնար է շփոթել ռուս կամ իրանցի կամ սահմանապահների անունները: Սա տեխնիկական մասով, եթե ուզում են դրան հասցնել, բայց բովանդակային տեսակետից՝ սահմանամերձ գոտիներում,տարածքներում պետության կողմից որևէ շինարարություն կամ գործողություն կատարելը հանդիսանում է միմիայն տվյալ պետության իրավասության խնդիրը,եթե այդ գործողությունը չի ենթադրում այնպիսի գործոնների առաջացում, մասնավորապես՝ ատոմակայան, ամբարտակի կառուցում,(սա էլ այն պատճառով, որ գետերի սահմանը անցնում է մեջտեղով և հնարավոր չէ ՝գետի մի մասն օգտագործել, մյուսը՝ ոչ) զորավարժություն և այլն, որոնք կարող են հանգեցնել հարևան պետության անվտանգության կամ ռեսուրսների օգտագործման հետ կապված հարցեր: Խոսքն, ընդամենը, վերաբերում է ճանապարհին»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ չի գտնվի որևէ միջազգային փաստաթուղթ, որտեղ նշվի, որ ճանապարհի շինարարության համար պետք է թույլտվություն վերցնել հարևան պետության իշխանություններից: Այստեղ իրավապաշտպանն անգամ որևէ աշխարհաքաղաքական թիրախ, խնդիր, մարտահրավեր էլ չի տեսնում, պարզապես ասաց, որ սահմանապահ զորքերի մի հրամանատար չի թողել ու վերջ:
Հիշեցնենք, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար ստորագրված պայմանագիրը դադարեցնելու հարցը՝ Ջրային պետական կոմիտեի ներկայացուցիչը պարզաբանեց, թե հարցը սխալ է հասկացվել, և խոսքը Ռուսաստանի սահմանապահների մասին չէ, այլ ըստ էության, իրանական: Ինչ վերաբերում է նախագծի հիմնավորման մեջ գրվածին, վրիպակ է եղել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են այդ դեպքում ռուս սահմանապահները մասնակցում բանակցություններին, նա ասաց, որ որովհետև ռուսական կողմն է սահմանը պահում: Ըստ նրա՝ դա ինքնիշխանության իրավունքի ոտնահարում չէ:
Արթուր Սաքունցը հարցին նայելով քաղաքական տեսանկյունից, ասում է.«Մշտապես է դրվել հարցը, թե արդյոք պետք է Ռուսաստանի սահմանապահ զորամասը ապահովի նաև հայ-իրականական սահմանի պահպանումը: Հասկացանք՝ հայ-թուրքական, թեպետ դա էլ չեմ հասկանում, որովհետև վրաց-թուրքական սահմանը պաշտպանում են վրաց սահմանապահները»:
Հիշեցնենք, որ Հայաստանին ուղղված` «ՌԴ-ի կինը լինելու և անհավատարիմ կին լինելու» ռուս լրագրողների հայտնի մեղադրանքից հետո, սկսել են հնչել Գյումրու ռազմաբազայից և Հայաստանից, առհասարակ, ՌԴ սահմանապահ զորքերը հանելու կոչեր: Այսօր նման կոչով հանդես եկավ հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Սանասարյանը՝ հայ-իրանական սահմանի շինարարության արգելանքի փաստը դիտարկելով որպես ՀՀ ինքնիշխանության կորստի ևս մեկ ցուցադրություն:
Մյուս կողմից, Ռուսաստանի նկատմամբ ավելի չափավոր տրամադրություն ունեցող անձինք, նման կոչեր անողներին մեղադրում են քաղաքական արկածախնդրության մեջ՝ հարցնելով, թե , լավ, ասենք, Ռուսաստանը հանեց իր զորքերը, հետո ինչ է լինելու: Նաև մշտապես բերվում է այն փաստարկը, որ արցախյան պատերազմի առաջին տարում՝ 1992-1993-ին հայ-թուրքական սահմանին թուրքական զորքի կուտակումներ են նկատվել:
Արթուր Սաքունցը, ով մշտապես պաշտպանում է նման կոչերը, նախ նշեց, որ այն կարծիքին չէ, ասելով, որ Հայաստանը մի կողմից ներկայանում է որպես Հարավային Կովկասում ամենամարտունակ բանակն ունեցող երկիր, մյուս կողմից, ասում է, որ մենք մեր ուժերով չենք կարող պաշտպանել հայ-թուրքական սահմանը:
Մյուս կողմից էլ իրավապաշտպանն ասաց, որ կուտակումներ եղել են նաև հայ-ադրբեջանական սահմանին, և մյուս կողմից՝ հայ-իրականական սահմանին կուտակումներ չեն եղել և չկան նման կուտակումներ Երևանի «Զվարթնոց» օդակայանի մոտ, որտեղ ևս ռուս սահմանապահներն են, որտեղ անձնագրային ռեժիմի հսկողությունն իրականացնում են Ռուսաստանի սահմանապահ զորամասի հսկողությամբ: Չնայած տարբերանշանները փոխված են՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքեր, բայց մենք գիտենք, որ էդ ամեն ինչը իրականացվում է ՌԴ սահմանապահ ծառայության ներքո»,-ասում է Արթուր Սաքունցը:
Անդրադառնալով այսօր «Ժամանակ» օրաթերթի հրապարակած այն տեղեկությանը, որ «հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական գյուղերի բնակիչները պատմում են, որ սահմանը հսկող ռուս սահմանապահները զանգվածաբար փակում են սահմանային ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները և ընդհանրապես դադարեցնում են սահմանի հսկողությունը, Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ ժամանակին եղել է քրեական գործ, երբ 50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն մեր սահմանամերձ բնակավայրերից՝ հայ-թուրքական սահմանով ուղղակի տեղափոխել էր Թուրքիա, որտեղ և անասուններն իրացվել են»:
Սա , ըստ Սաքունցի, քրեական գործի նյութերի հիման վրա ապացուցված փաստ է, բայց որևէ մեղավոր այդպես էլ չբացահայտվեց: