«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրեց 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների և 2017 թ. մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման արդյունքները
10:44, June 15, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2017 թ. հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցած շնորհանդեսով «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրեց 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների և 2017 թ. մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման արդյունքում պատրաստված զեկույցների աշխատանքային տարբերակները:
Դիտորդական առաքելության իրականացմանը ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական միությունը, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամը, Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Սիգրիդ Րոզինգ Թրասթ հիմնադրամը, Հայաստանում Չեխիայի դեսպանությունը և Նորվեգիայի Հելսինկյան Կոմիտեն:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:
Վերջինս իր խոսքում կարևորեց ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության դերը՝ մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության հաստատման տեսանկյունից: Անդրադարձավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հետ համագործակցությանն ու կարևորեց Եվրոպայի խորհրդի կողմից Հայաստանում իրականացվող՝ ընտրական գործընթացներին առնչվող ծրագրերում Կազմակերպության դերն ու գործունեությունը: Հատուկ ընդգծեց, որ դիտորդական առաքելության իրականացմանը նախորդած սեմինարներին ու դասընթացներին որպես խոսնակներ մասնակցել են նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Վերջում Ն. Վուտովան հույս հայտնեց, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչների հետ համագործակցությունը շարունակական կլինի:
Ա. Սաքունցը շնորհակալություն հայտնեց տիկին Վուտովային և Եվրոպայի Խորհրդի Երևանյան գրասենյակին աջակցության համար և անդրադարձավ ինչպես դիտորդական առաքելության, այնպես էլ առհասարակ Հայաստանում ժողովրդավարության հաստատման ու պահպանման գործում Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի դերին ու նշանակությանը։ Նա նաև շեշտեց, որ ավելի մեծ թվով դիտորդներ հնարավոր եղավ ներգրավել Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ:
Հաջորդիվ դիտորդական առաքելության արդյունքները ներկայացրին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը, Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ու ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավական վերլուծությունների մասնագետ, փաստաբան, «Անկախ դիտորդ» դաշինքի ավագ իրավաբան Արտուր Հարությունյանը:
Վարդինե Գրիգորյանը ներկայացրեց դիտորդական առաքելության իրականացման մեթոդաբանությունը, նշեց, որ ընտրվել են Սահմանադրական հանրաքվեի ժամանակ ամենաբարձր մասնակցություն ունեցած տեղամասերը՝ հնարավորինս մեծ թվով մարդկանց ընտրական իրավունքը պաշտպանելու նպատակով: Նա նաև ներկայացրեց դիտարկման գործիքները, որոնք դիտորդները կիրառել են ընտրական ողջ գործընթացը վերահսկելու համար:
Ապա անդրադարձավ նախընտրական քարոզչության և քվեարկության կազմակերպման ընթացքում արձանագրված խախտումներին՝ դրանք ներկայացնելով 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների և 2017 թ. մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների միջև համեմատականներ անցկացնելով:
Համաձայն դիտորդների գնահատականների՝ ընտրատեղամասերի կեսից ավելին եղել է անմատչելի կամ ոչ բավարար մատչելի: Եվ ԱԺ, և Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասերի շուրջ 40 տոկոսում գրանցվել են կուտակումներ: ԱԺ ընտրությունների ընթացքում տեղամասերի 17 տոկոսում, իսկ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ տեղամասերի 33 տոկոսում ընտրողներին խմբերով ընտրատեղամասեր տեղափոխելու փաստեր են գրանցվել: Ընտրատեղամասերի 77 տոկոսում՝ ԱԺ ընտրությունների ժամանակ և 83 տոկոսում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ խնդիրներ են եղել էլեկտրոնային գրանցման սարքերի հետ:
«Անկախ դիտորդ» դաշինքի դիտարկմամբ՝ հիմնական խնդիրը երկու ընտրություններում էլ եղել է վերահսկվող քվեարկություն տարբեր դրսևորումներով:
Վ. Գրիգորյանն անդրադարձավ նաև ԱԺ-ում կանանց ներկայացվածության թվին՝ ընդգծելով, որ կանայք ԱԺ-ում դեռևս փոքր թիվ են կազմում: Շեշտեց՝ համամասնական ընտրակարգում տարածքային թեկնածուների առկայությունը այն մեխանիզմն էր, որով հնարավորություն է տրվում տարածքային հեղինակություններին մանդատներ և ձայներ բերելու կուսակցությանը:
Դանիել Իոաննիսյանն էլ անդրադարձավ կուսակցությունների միջև ձայների բաշխվածության տրամաբանությանն ու դա պայմանավորեց տարբեր մեկնարկային դիրքերով, ունեցած ֆինանսական հնարավորություններով ու կուսակցությունների ներկայացուցիչների՝ պետական ծառայող լինելու հանգամանքով, այս առումով առաջատարը իշխանության մեջ գտնվող կուսակցություններն էին: Նրա դիտարկմամբ՝ սրանով է պայմանավորված նաև վարչական ռեսուրսների չարաշահումը:
Դիտորդական առաքելության արդյունքում վերհանված խնդիրներից մեկն էլ տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից էլեկտրոնային դիմումների ընդունման անհնարինությունն է: Դ. Իոաննիսյանի դիտարկմամբ՝ դրա առկայությունը գործընթացն ավելի արդյունավետ կդարձնի: Դրա վերաբերյալ զեկույցներում առաջարկություն է արվել:
«Անկախ դիտորդ» դաշինքի ավագ իրավաբան Արտուր Հարությունյանը ներկայացրեց իրավաբանական խմբի աշխատանքը դիտորդական առաքելության իրականացման գործընթացում, անդրադարձավ ընտրական իրավունքի խախտման դեպքերով դատարան ներկայացված դիմումներին: Նշեց, որ Դաշինքի կողմից ներկայացված դիմումներին ԿԸՀ-ի կողմից պատշաճ պատասխան չտրամադրելու վերաբերյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան, և դրանք այժմ քննվում են դատարանում: Ա. Հարությունյանը հավելեց, որ արդեն կա նախադեպ Կազմակերպության կողմից դիտորդի իրավունքների պաշտպանության նպատակով դատարան ներկայացրած դիմումն ընդունելու: Նախկինում նման դիմումները վարույթ չէին ընդունվում դատարանի կողմից:
Ա․ Հարությունյանը ներկայացրեց նաև ընթացքում առաջացած խնդիրներն ու առաջարկություններ՝ ընտրական հանձնաժողովների հետ կապն ավելի արդյունավետ դարձնելու և ընտրական իրավունքի խախտման դեպքերին ավելի օպերատիվ ձևով արձագանքելու համար:
Ամփոփելով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Ա. Սաքունցը նշեց, որ առաջիկայում դիտորդության հիման վրա կկազմվի նաև ընտրական գործընթացներում ոստիկանության գործողությունների վերաբերյալ զեկույց՝ համաձայն ոստիկանների ուղեցույցի:
Ապա ներկայացրեց ընտրական գործընթացների վերաբերյալ մտահոգություններն ու առաջարկները, և ընտրությունները որակեց ոչ ազատ: Մասնավորապես՝ կարևորեց դիտորդների՝ իրենց կարծիքի համար չհետապնդվելու հնարավորության, ընտրական իրավունքի խախտումների դեպքերը պետության դեմ ուղղված հանցագործություն որակելու և ավելի խիստ պատիժներ նշանակելու անհրաժեշտությունը, Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականանների՝ ընտրական օրենսգրքում ամրագրումը և արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացումը:
Զեկույցների վերաբերյալ իր դիտարկումներն ու առաջարկները ներկայացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: ԿԸՀ-ի կողմից ավելի ուշ կներկայացվեն նաև գրավոր առաջարկներ:
«Իրավունքի Եվրոպա» ՀԿ ներկայացուցիչ Քրիստինա Գևորկյանն անդրադարձավ այն դեպքերին, երբ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները, դուրս հրավիրվելով տեղամասից, վերադարձել են այլ կազմակերպության վկայականով: Դրանց վերաբերյալ ԿԸՀ ներկայացված դիմում-բողոքներն անհետևանք են մնացել և այդ գործերն արդեն վարչական դատարանում են:
Ք. Գևորկյանը խոսեց նաև դիտորդների նկատմամբ տարբեր եղանակներով ճնշումների մասին, որի արդյունքում դիտորդը հրաժարվում է իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդումից կամ դիմում-բողոքներից:
Իր դիտարկումները ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Ս. Հովհաննիսյանը՝ նշելով, որ ընտրական իրավունքի խախտման դեպքերով նախապատասրատված նյութերի 80 տոկոսը դիտորդական կազմակերպությունների հաղորդումների հիման վրա են եղել:
Կարծիքներ հայտնեցին նաև քննարկմանը մասնակից քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» ՀԿ ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը կարևորեց դիտորդական առաքելության վերաբերյալ զեկույցների հրապարակումը և անդրադարձավ դիտորդների համար ստուգարքների վերացմանը՝ նշելով, որ դա դրական առաջընթաց է: Դիտարկումներ արեց նաև կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների գրանցման նկատմամբ ԿԸՀ կողմից առավել մեծ ուշադրություն դարձնելու վերաբերյալ: Կարևորեց նաև դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից իր դիտորդի իրավունքների իրավունքների խախտման փաստը դատարանում վիճարկելու հնարավորությունը:
Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ վստահություն չկա դատաիրավական համակարգի նկատմամբ, նման զեկույցներով վերհանված խնդիրները հաճախ լուծում չեն ստանում, իրավապահ մարմինները հետևողական չեն լինում խախտումների վերացման ուղղությամբ և հռետորական հարց հնչեցրեց՝ «Հետո՞»:
2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների և 2017 թ. մայիսի 14-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցները դեռևս խմբագրման փուլում են և կհրապարակվեն ավելի ուշ:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հիմնադիր անդամներն են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Իրազեկ քաղաքացիների միավորում, Մարտունու կանանց համայնքային խորհուրդ, Գորիսի մամուլի ակումբ կազմակերպությունները: