Վանաձորը առաջ է գնում, բայց չի զարգանում: Վանաձոր քաղաքի ՏԻՄ կառավարման ՀՔԱՎ-ի գնահատականը
10:30, July 30, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Տեղական ժողովրդավարությունՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից 2013 թ. հուլիսի 29-ին կազմակերպվել էր «Վանաձոր քաղաքի ՏԻՄ կառավարման գնահատում 2008- 2012թթ.» զեկույցի շնորհանդեսը:
Վանաձոր համայնքի ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների մշտադիտարկում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սկսել է կատարել 2012 թ. նոյեմբերի 1-ից Քաունթերփարթ ինթերնեշել Հայաստանի աջակցությամբ:
Մշտադիտարկման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք է բերվել Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացված տեղեկատվության հարցումների միջոցով: Զեկույցում ուսումնասիրվել են վերջին 4 տարիների բյուջեի եկամտային և ծախսային մասերը: Ուսումնասիրությունների առարկա է հանդիսացել նաև տեղական բյուջով նախատեսված հատկացումների համապատասխանությունը համայնքի զարգացման քառամյա ծրագրով սահմանված նպատակներին և խնդիրներին:
Զեկույցի ներկայացման ժամանակ ծրագրի համակարգող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կառավարիչ Վարդինե Գրիգորյանը առանձնահատուկ ուշադրությամբ ներկայացրեց մի շարք անհամապատասխանություններ, որոնք տեղ են գտել Վանաձորի քաղաքապետարանի ներկայացրած պաշտոնական տվյալներում: Այսպես, ակնհայտ անհամապատասխանություններ են՝ ընտրելու իրավունք ունեցող անձանց և չափահաս քաղաքացիների թվերի անհամապատասխանությունը, կամ այն, որ Վանաձորը 2009-2012թթ. ծրագրով ունեցել է 1433360 մ2 ճանապարհ, իսկ 2013-2016 թթ. ծրագրով ՝ 1246885 մ2, դրան հակառակ մայթերը ավելացել են 1506 մ2-ով: Տարօրինակ է նաև այն, որ Վանաձորում արտագաղթի տվյալներ չկան, այսինքն բնակչությունը չի նվազում, հակառակը 4 տարիների ընթացքում բնակչությունն ավելացել է՝ ինչի մասին վկայում է աղբահանման ծառայությունից օգտվողների թվի աճը:
Առանձնացվեց այն փաստը, որ ավագանին բավարար վերահսկողություն չի իրականացնում համայնքի ղեկավարի նկատմամբ, ինչպես նաև հետևողական չէ իր կողմից ընդունված որոշումների կատարմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդգծեց այն, որ ՏԻՄ գործունեությունը բավարար հրապարակային չէ, կազմված ծրագրերը չեն ներկայացվում հասարակությանը, ինչպես նաև քաղաքացիները չեն կարողանում տեղեկանալ ընդունված որոշումներին, քանի որ չկան հատուկ ցուցատախտակներ, որոնց վրա պետք է փակցվեն ավագանու որոշումները: ՀՔԱՎ գրասենյակի կողմից գրավոր հարցման արդյունքում, պարզ է դարձել, որ քաղաքապետարանը չի կատարում համայնքի կարիքների գնահատում, համայնքի հիմնախնդիրնրի դասակարգում՝ ըստ առաջնահերթությունների:
Կարևոր է նշել, որ ավագանու և համայնքի ղեկավարի կողմից մշակված և հաստատված համայնքի զարգացման ծրագիրը ձևական բնույթ է կրում և տարեկան բյուջերի հետ նրա համապատասխանությունը չնչին է:
Զեկույցներով հանդես եկան նաև համայնքի բյուջեի մշտադիտարկման փորձագետ Աբրահամ Արտաշեսյանը և ՏԻՄ որոշումների մշտադիտարկման փորձագետ Սարգիս Գալստյանը:
Եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով նաև ծրագրի ղեկավարն է: Ա. Սաքունցը իր խոսքում նշեց. «Համայնքի ղեկավարի և ավագանու գործունեությունը լիարժեք չի իրականացվում, չեն գնահատավում համայքի պահանջմունքները, ավագանին որոշումներ ընդունում է գրեթե միաձայն: Զարգացման քառամյա ծրագրի քաղաքապետի ուղերձը կրկնությունը է, ըստ էության, որը ինքնին բացասական ցուցանիշ է, քանի որ ուղերձը շատ կարևոր նշանակություն ունի և պետք է իր մեջ ներառի առաջիկա ժամանակաընթացքում առկա խնդիրների լուծումները, այն պետք է մեսիջ լինի հասարակությանը»: Ա. Սաքունցը կարևորեց, որ համայնքի զարգացման ծրագիրը կազմելիս պետք է առաջնորդվեն հասարակության և համայնքի հիմնախնդիրներով:
Զեկույցը կարող եք տեսնել այստեղ՝ http://archive.hcav.am/publications/վանաձոր-քաղաքի-տիմ-կառավարման-գնահատ