«Եթե Ռուսաստանը չհանձնի Պերմյակովին, ուրեմն հանցագործությունը կոծկելու միտում ունի»
16:17, January 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ԵՏՄՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ձեռքբերում է համարում այն, որ քաղաքացիների ճնշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը խոստացավ, որ պաշտոնապես կդիմի ՌԴ գլխավոր դատախազին՝ Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու խնդրով:
«Ցանկանում եմ արձանագրել այդ արդյունքը, որովհետեւ ի սկզբանե գլխավոր դատախազը բացառում էր նման հարցադրումը` հղում կատարելով ՌԴ սահմանադրությանը, որ Ռուսաստանի քաղաքացուն իրավունք չկա հանձնել այլ երկրի, ըստ էության բացառում էր նման հնարավորությունը: Այնուհետեւ ընդհանուր մեկնաբանություններով փորձում էր փոխել հասարակական պահանջն այն բովանդակությամբ, որ ընդհանրապես այդ գործի քննությունը կիրականացվի ՀՀ տարածքում եւ դատական նիստը տեղի կունենա ՀՀ տարածքում: Բայց հավաքի մասնակիցների ջանքերի եւ հետեւողական պահանջների արդյունքում մենք արձանագրեցինք, որ գլխավոր դատախազը խոստացավ ,որ անպայման կդիմի՝ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով»:
Իրավապաշտպանն ընդգծում է, որ սա կլինի առաջին քայլը, երբ որ ՀՀ իշխանությունը՝ հանձինս ՀՀ գլխավոր դատախազության, հանդես կգա քայլով, որով արձանագրվում է, որ ՀՀ իշխանության մարմինը հանդես է գալիս իր քաղաքացու շահերի պաշտպանողի դիրքում: Բացի այդ, անհրաժեշտ է համարում, որ այդ Կոստանյանի նամակն ուղղված Յուրի Չայկային լինի հրապարակային:
Իրավիճակը բոլորովին այլ կլինի, եթե ՌԴ կողմը հրաժարվի մեղադրյալին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: Եթե ՌԴ գլխավոր դատախազը մերժի ՀՀ գլխավոր դատախազին, դա, ըստ Արթուր Սաքունցի, կասկածի տակ կդնի ռուսական կողմի հավաստիացումները՝ սպանության գործի անաչառ քննության հավաստիացումների վերաբերյալ:
«Դա նշանակելու է, որ ՌԴ-ն չի աջակցում հանցագործության բացահայտմանը, ավելին, հանցագործությունը կոծկելու միտում ունի: Այս առումով մենք պետք է մտածենք, եւ առաջին հերթին գլխավոր դատախազը՝ իր հետագա անելիքների մասին, որովհետեւ եթե չվերադարձվի Պերմյակովը, ապա բոլոր այն խոսակցությունները, որ իբր ՌԴ-ն պատրաստ է աջակցելու, պատասխանատվության ենթարկելու, կմնան լոկ խոսքեր եւ ոչ թե իրական գործողություն: Որովհետեւ հավաստիացնողը կամ կամք դրսեւորողը պետք է նաեւ կատարի Հայաստանի օրենսդրության պահանջը՝ այն է՝ հանցագործության մեջ կասկածվող անձին հանձնի ՀՀ իրավապահ մարմիններին, որպեսզի քննություն իրականացվի», – ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպանը:
Աղբյուրը՝ galatv.am