ՀՀ վերաքննիչ դատարանում տեղի ունեցավ քաղբանտարկյալների գործով երկրորդ դատական նիստը
18:00, January 16, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք | Շանթ Հարությունյան, Քաղբանտարկյալներ2015 թ. հունվարի 16-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, շարունակվեց 2013 թ. նոյեմբերի 5-ին կալանավորված Շանթ Հարությունյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Հիշեցնենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ. Մ. Մարտիրոսյանի, Շանթ Հարությունյանին և ևս 13 ամբաստանյալի մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում: Հիշյալ դատական ակտի դեմ բոլոր ամբաստանյալները ներկայացրել են վերաքննիչ բողոք: Վերաքննիչ բողոքների քննության շրջանակներում նախորդ դատական նիստին իրենց վերաքննիչ բողոքները ներկայացրել էին Ավետիս Ավետիսյանի, Սևակ Մնացականյանի, Հայկ Հարությունյանի և Մկրտիչ Հովհաննիսյանի պաշտպանները:
2015 թ. հունվարի 16-ի դատական նիստին շարունակվեց վերաքննիչ բողոքների քննությունը: Վերաքննիչ բողոքներով հանդես եկան Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը, Արմեն Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պաշտպան Արա Զաքարյանը, Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի և Լիպարիտ Պետրոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանը, Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Շահեն Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:
Ալեք Պողոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն իր վերաքննիչ բողոքով նշեց, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտը հիմնավորված չէ, մեղադրական դատավճռի հիմքում չեն կարող դրվել միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները, մեղադրական դատավճիռը չի կարող հիմնվել միայն ենթադրությունների վրա: Պաշտպանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչ հիմքով է դատարանը ենթադրել, որ Ալեք Պողոսյանը մահակով հարվածել է ոստիկանության աշխատակցին այն դեպքում, երբ դատարանում հետազոտված տեսագրության մեջ նման բան չկա: Պաշտպանը հետևություն կատարեց, որ նշվածը միանշանակորեն արտագրվել է մեղադրական եզրակացությունից՝ չունենալով որևէ իրավական հիմնավորում: Պաշտպանը նաև հավելեց, որ իր պրակտիկայում առաջին անգամ է հանդիպում նման դեպքի, երբ ամբաստանյալին արդարացնող ապացույցները դրվել են մեղադրանքի հիմքում:
Պաշտպան Արա Զաքարյանը պնդեց ներկայացված վերաքննիչ բողոքը, խնդրեց, որպեսզի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անդրադառնա բողոքի բոլոր հիմքերին, ինչը չի կատարվել առաջին ատյանի դատարանի կողմից: Արա Զաքարյանը նշեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանը պետք է գնահատական տա խուլիգանության հանցակազմին, պարզի՝ արդյոք իր պաշտպանյալների արարքում առկա են խուլիգանության հատկանիշներ, արդյոք արարքը հիմնավորվել է ապացույցներով: Բացի այդ, պաշտպանը նշեց, որ իր բողոքում անդրադարձել է նաև ՀՀ նախագահի կողմից ամբաստանյալների անմեղության կանխավարկածը խախտելու հարցին և հույս հայտնեց, որ նախագահող դատավորներն իրենց մեջ ուժ ու կամք կգտնեն պաշտպանելու օրենքը, ոչ թե ՀՀ նախագահի հայտարարությունը:
Ամաստանյալներ Վահե Մկրտչյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի և Լիպարիտ Պետրոսյանի պաշտպան Հովհաննես Քոչարյանն իր բողոքով հայտնեց, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասին տրված մեկնաբանությունը շեղվում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի այն դրույթից, ըստ որի իրավական ակտը պետք է բխի օրենքի տառից ու ոգուց: Մասնավորապես, դատաքննության ընթացքում որևէ ապացույց ձեռք չի բերվել այն մասին, որ կատարված արարքն ուղղված է եղել հասարակական կարգի դեմ, քանի որ բոլոր գործողությունները բացառապես ուղղված են եղել ոստիկանության աշխատակիցների դեմ: Բացի այդ, դատաքննության ընթացքում չեն հետազոտվել այնպիսի ապացույցներ, որոնք թույլ կտան նշել, որ խուլիգանության հանցակազմն իր պաշտպանյալների արարքում առկա է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանություններին համապատասխան: Հովհաննես Քոչարյանը նշեց նաև այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները հավաքին աջակցելու փոխարեն խոչընդոտել են հավաքը: Նա գտավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցադրումներին՝ արդյոք տեղի է ունեցել խաղաղ հավաք, արդյոք հավաքն օրինական է դադարեցվել, արդյոք ոստիկանության աշխատակիցներն իրավաչափ են գործել:
Պաշտպան Ինեսսա Պետրոսյանն իր վերաքննիչ բողոքով նշեց, որ իր պաշտպանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի և Վարդան Վարդանյանի արարքներում խուլիգանության հանցակազմ առկա չէ, քանի որ բացակայում են հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը: Պաշտպանն իր խոսքում ասաց, որ դատարանը որևէ գնահատական չի տվել հավաքի ընթացքում սադրիչների առկայության փաստին, որոնցից չորսն այդպես էլ չեն հայտնաբերվել: Ինեսսա Պետրոսյանը ևս արձանագրեց ամբաստանյալների անմեղության կանխավարկածի խախտումը, նշեց, որ առաջին ատյանի դատարանում կայացված վերջին նիստի օրը նախագահող Մ. Մարտիրոսյանը ամբաստանյալներից շատերին թույլ չի տվել հանդես գալ ճառով և վերջին խոսքով, մերժել է Լիպարիտ Պետրոսյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ գործով իր շահերի պաշտպանության համար հանրային պաշտպան ներգրավվելու մասին: Բացի այդ, պաշտպանը նշեց նաև, որ դատարանի դատական ակտը հրապարակվել է նիստից մոտ մեկուկես ժամ անց՝ 19:30-ին:
Վերաքննիչ բողոքով հանդես եկած բոլոր պաշտպանները խնդրեցին բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը և ճանաչել ամբաստանյալների անմեղությունը, իսկ Ինեսսա Պետրոսյանը խնդրեց նաև ճանաչել ամբաստանյալների անմեղության կանխավարկածի և հավաքների ազատության իրավունքների խախտումը:
Գործով ամբաստանյալները միացան իրենց պաշտպանների վերաքննիչ բողոքներին: Սույն դատական նիստին վերաքննիչ բողոքներով հանդես եկան ամբաստանյալներ Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Վահե Մկրտչյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Լիպարիտ Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը:
Արմեն Հովհաննիսյանն իր ելույթի ավարտին պահանջեց, որ դատարանը կամ իրենց ճանաչի քաղաքական բանտարկյալ կամ անմեղ կամ իշխանությունները հրաժարվեն իշխանությունից և նստեն մեղադրյալների աթոռին: Նա շնորհավորեց բոլոր արժանապատիվ հայերի Ամանորը և Սուրբ ծնունդը, քաղբանտարկյալների հարազատներին առողջություն և զորություն մաղթեց ու բացականչեց՝ ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն Հայաստանին: Նրան միացավ նաև ամբողջ դահլիճը:
Ամբաստանյալներ Վահե Մկրտչյանը և Ալբերտ Մարգարյանն իրենց խոսում նշեցին, որ դատարանն իրենց համար ամբիոն է, որտեղից կարող են իրենց խոսքն ուղղել ժողովրդին: Ալբերտ Մարգարյանը նշեց, որ այն, ինչ որ իրենք ասում էին մեկ տարի առաջ, ժողովուրդը հիմա զգում է իր մաշկի վրա:
Միսակ Առաքելյանը նշեց, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենք դուրս են եկել արժեքների հեղափոխության, որի համար էլ դատապարտվել են: Նա հավելեց, որ իրենք կրկին գալու են իրենց հեղափոխությանը:
Վարդան Վարդանյանն իր խոսքում համոզվածություն հայտնեց, որ դատական ակտն ի սկզբանե պատրաստ է եղել, քանի որ մեկ ժամվա ընթացքում դատարանը չէր կարող հարյուր և ավելի էջերից բաղկացած դատական ակտ կայացնել: Վարդան Վարդանյանը վրդովված նշեց, որ վեց հոգու սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ նախագահը որևէ հայտարարություն չի կատարել, մինչդեռ իրենց խուլիգան է որակել:
Ամբաստանյալ Վարդան Վարդանյանի հայտարարությունից հետո դատական նիստը հետաձգվեց այլ գործով զբաղվածության պատճառով, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվեց 2015 թ. հունվարի 23-ին, ժամը 12:30-ին: