Իրավիճակը կզարգանա քրեական ռազբորկաների կանոններով
12:08, February 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄեր զրուցակիցն է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը
Հայաստանի ներքաղաքական կյանքում ՀՀԿ-ԲՀԿ պայքարը թեժացել է, ԲՀԿ-ն արտահերթ իշխանափոխության պահանջ է առաջ քաշում։ Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը, որքանո՞վ են դրանք ոչ իմիտացիոն և ինչո՞ւ նման կտրուկ շրջադարձ եղավ, ի՞նչը ստիպեց Սերժ Սարգսյանին նման քայլի գնալ։
Այս օրերին ամենատարբեր մեկնաբանություններն արվեցին՝ հասկանալու և բացատրելու այն, ինչ կապված է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունների սրման հետ։ Իմ կարծիքով՝ պետք է մի քանի կարևոր նախապայմաններ աչքաթող չանել. երկար ժամանակ, ավելի կոնկրետ 2011թ. հայտնի քաղաքագիտական վերլուծությունից հետո քաղաքական դաշտում իրադարձություններն այն տրամաբանություններն այն ուղղությամբ էին գնում, որ մենք որպես այդպիսին ընդդիմություն չունենք։
Դրա ամենավառ ապացույցը ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ գրեթե բոլոր քաղաքական ուժերի (բացառությամբ 7 հոգու) միահամուռ կողմ քվեարկությունն էր։ Այսինքն՝ երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշման ժամանակ քաղաքական ուժերի միջև արժեքային տեսակետից տարբերություն չկա։ Սա կարևոր հանգամանք է, որ պետք է հաշվի առնել։ Ավելին՝ նույնիսկ ընդդիմությունն այնքան էր բացակայում, որ սկսեցին անվանել ոչ իշխանական ուժեր։ Այդ հենքի վրա շատ տարօրինակ կերպով հակասություն է առաջ գալիս Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև։
Միշտ քաղաքական ու հանրային դաշտում իրավիճակը սրվում է նախընտրական ժամանակահատվածում, հիմա կարծեք թե ընտրություններ չկան, ու առաջին հայացքից չկա անհրաժեշտ պայմաններ հակասությունների սրման համար։ Բայց, իմ կարծիքով, կա մեկ մոտիվացիա՝ սահմանադրական բարեփոխումները։
Սահմանադրական բարեփոխումների նպատակը ոչ թե սահմանադրության բարելավումն է, այլ Սերժ Սարգսյանն ուզում է փաստացի միակուսակցական համակարգն ամրապնդի իրավաբանորեն՝ նախագահական կառավարման համակարգը փոխարինելով խորհրդարանականով։ Ոչ իշխանական ուժերը հասկանալով, որ փաստացի միակուսակցական համակարգի դեմ իրենց ռեսուրսներն անբավարար են՝ ֆինանսական, մարդկային ու նաև գաղափարական առումներով, նրանց միակ հույսը մեկ անձի՝ նախագահի միջոցով իշխանությունը վերցնելն է։ Դրա համար այդ ուժերը դեմ են սահմանադրական փոփոխություններին, որովհետև նախագահի ինստիտուտը որպես այդպիսին վերանալու է։
Ըստ էության՝ սահմանադրական փոփոխությունները հենց այն մոտիվն են, որոնց պատճառով ի հայտ են եկել հակասությունները։Այստեղ գալիս է հաջորդ հարցը՝ արդյոք Գագիկ Ծառուկյանն այն անձն է, որը կարող է նախագահի պաշտոնի հավակնություն ունենալ։ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները ևս հերքում են այս հանգամանքը։ Նա հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է երկրի նախագահի պաշտոնը, որից ինքը հրաժարվել է։ Բայց Սերժ Սարգսյանն էլ միամիտ չէ. նա այդ առաջարկությամբ, ըստ էության, արձանագրել է, որ Գագիկ Ծառուկյանը չէ հիմնական հավակնորդը։ Այդ դեպքում ովքե՞ր են մնում՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Որքան էլ Լևոն Տեր-Պետրոսյանը ջանքեր գործադրի, ԲՀԿ-ն իր համար քաղաքական հենարան չի կարող դառնալ։ Մնում է միայն Ռոբերտ Քոչարյանը, որի մասին բազմիցս նշվել է։ Այսինքն՝ այսօր մենք ունենք զուտ պալատական պայքար, որն արդեն հրապարակային տեսք է ստացել։ Եթե որոշ երկրներում պալատական հակասությունները լուծվում են պալատի ներսում, քողարկված, որոնց մասին կարելի է ենթադրություններ անել այդ պայքարի արդյունքներից ելնելով, Հայաստանում այդ պալատական ինտրիգներն ու հակասությունները հրապարակային են դարձել, իբր դա քաղաքական պայքար է։
Այստեղ ուղղակի նույն ԵՏՄ-ի համակարգի ներսում ընդգրկված ներկայացուցիչների միջև պայքարը է իշխանությունը վերցնելու համար։
Իսկ ինչո՞ւ նման կոշտ գնահատական հնչեցրեց Սերժ Սարգսյանը։
Նախ՝ Սերժ Սարգսյանը երբեք հրապարակային գործիչ չի եղել և չի կարող լինել։ Երբ նա հրապարակային որևէ բան է ասում, բացթողումներ է անում։ Նա էմոցիաներով է ղեկավարվում, ոչ թե սառը դատողությամբ։ Նա չկարողացավ հանդուրժել, որ ինքը գործ ունի ոչ թե սուբյեկտի հետ՝ հանձինս Գագիկ Ծառուկյանի, այլ օբյեկտի հետ, իսկ իրական գործիչը թաքնված վիճակում օգտագործում է Գագիկ Ծառուկյանին որպես գործիք։ Սերժ Սարգսյանին սա վիրավորեց, և նա որոշեց այդ գործիքը ջարդել։ Իսկական սուբյեկտը, որ այդ վեճում կա, թաքնված է, չի երևում, և Սերժ Սարգսյանի հետ աշխատում է գործիքի միջոցով։ Այն հիմնավորումները և այն ձևակերպումները, որոնք Սերժ Սարգսյանը ներկայացրեց, ցինիզմի ու ինքնամերկացման դրսևորում էր։ Սերժ Սարգսյանը փաստորեն մերկացրել է ողջ համակարգը, քանի որ նրանք սիամական երկվորյակներ են, մեկը մյուսի հայելային արտապատկերումն են։ Այն, ինչ Սերժ Սարգսյանն ասում է Գագիկ Ծառուկյանի ու նրա թիկունքում թաքնված Ռոբերտ Քոչարյանի մասին, նույնը իրեն է վերաբերվում, որովհետև այդ նույն քաղաքական ուժը (ՀՀԿ) նաև Քոչարյանի հենարանն է եղել։ Սերժ Սարգսյանի էմոցիոնալ վիճակը պայմանավորված է նրանով, որ նա վտանգ տեսավ սեփական իշխանության վերարտադրման համար։ Փաստորեն, Սերժ Սարգսյանը բացահայտեց այն, ինչի մասին մենք բարձրաձայնում էինք երկար ժամանակ։ Հիմա մենք ունենք Սերժ Սարգսյանի ինքնախոստովանությունն ու ապացույցը՝ ի դեմս նրա գնահատականների, այն իրավիճակի, արժեքային համակարգի ու մոտեցումների, որոնցով ղեկավարվում է Հայաստանի քաղաքական դաշտը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից։
Արդեն իսկ վարչապետը հանձնարարել է հարկային ստուգումներ սկսել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում։ Այսինքն՝ իշխանությունը փորձում է չեզոքացնե՞լ Ծառուկյանին:
Բուն խնդիրը ոչ թե արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրությունները, ինչպես մատուցվում է, այլ սահմանադրական փոփոխությունների անցնցում ապահովումն է։ Եվ Սերժ Սարգսյանը փորձում է սահմանադրական փոփոխություններով իր իշխանության վերարտադրության համար իրավական հիմքը ձևավորել անցնցում, իսկ ոչ իշխանական ուժերը փորձում են խոչընդոտել, որպեսզի նախագահի ինստիտուտը մնա մինչև նոր նախագահական ընտրությունների անցկացում։ Իշխանության կողմից օրենսդրական լծակների օգտագործումը նպատակ ունի գլխավոր գործիքին հնազանդեցնել, խեղճացնել, որպեսզի անցնցում այդ սահմանադրական փոփոխություններն անցկացնեն։
Դա նրանք միանշանակ կանեն, որովհետև շատ լավ գիտեն, թե ում հետ գործ ունեն։ Հենց այդ սպառնալիքի գոյությամբ էր պայմանավորված հենց ԲՀԿ-ի գոյությունը։ ՀՀԿ-ի հոխորտացող, իրենց լավ զգացող անդամների միակ ասելիքը սպառնալիքն է, որ օրինական լծակներով, բայց դրանք ընտրողաբար կիրառելով իրենց կենթարկեցնեն բոլոր անհնազանդներին։ Այժմ ԲՀԿ-ի կազմը տարուբերումների մեջ է, որովհետև այնտեղ բազմաթիվ գործարարներ կան։ Ես մի փոքր համարձակ կանխատեսում եմ ուզում անել՝ ասելով, որ ԲՀԿ-ում մնալու են մի քանի հոգի, որոնք քիչ թե շատ քաղաքական մարդիկ են, որոնք օլիգարխներ չեն, մեծ բիզնեսներ չունեն։ Մյուսները շատ հեշտությամբ լքելու են ԲՀԿ-ն և գուցե ստեղծեն նոր մի կառույց, որը կկոչվի նոր ԲՀԿ կամ վերածնված ԲՀԿ։ Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն ոչ թե գաղափարական, քաղաքական հիմքի, այլ անձի շուրջ ստեղծված կառույց է։ Ես կարծում եմ շատ շուտ կխելոքացնեն ԲՀԿ-ին, բավարար հիմքեր կգտնեն հարկային պարտավորությունների չկատարման, տարբեր քրեական հանցագործությունների մասին հրապարակման վերաբերյալ, անգամ կարող ենք Ծառուկյանին տեսնել ճաղերի հետևում։
Այսինքն՝ ներքաղաքական լուրջ ցնցումներ, զանգվածային բողոքի ալիք չի՞ սպասվում Հայաստանում։
Ներքաղաքական չասենք, բայց քաղաքական հագուստով, քրեական բովանդակությամբ ռազբորկաներ կլինեն։ Իսկ քրեական ռազբորկաներին բնորոշ են ուժային մեթոդները, այդ թվում գուցե նաև սպանությունները։ Մաֆիայի կանոններով այդպես է, նրան, ով իրենց դեմ է դուրս գալիս, ոչնչացնում են։ Հնարավոր է և տնտեսական ոչնչացում, և ֆիզիկական, որովհետև նրանց զինանոցը քաղաքական չէ։Նրանք մի պարզ բան են ասում. «Սերժ, Ռոբերտը իշխանությունը տվեց քեզ, հիմա ժամկետը լրացել է, մյուս կնքահայրը պիտի լինի ինքը»։ Սերժ Սարգսյանն էլ ասում է՝ ոչ, ես մշտական կնքահայր եմ լինելու, ինչը մաֆիայի կանոններին անհարիր է։ Քոչարյանն ասում է՝ մեր սահմանադրությամբ նշված է, որ երկու անգամից ավելի չես կարող լինել նախագահ, իսկ դու խախտում ես այդ սկզբունքը, Սերժ Սարգսյանն էլ պիտի պատասխանի՝ գիտեք, ես սկզբունքը չեմ խախտում, այլ խաղի կանոններն եմ փոխում։
Այսինքն՝ մենք ականատես կլինենք ԲՀԿ-ի շարքերը լքելու գործընթացի՞ն։
Ես հիմա առավել քան համոզված եմ, որ ԲՀԿ-ի օլիգարխական թևը պարզապես կամ կբացակայի հանրապետությունից իր գործերով, որպեսզի անմիջապես ալիբի ունենա, որ ստիպված է բացակայել, կամ որոշ ահաբեկվածները կհայտնեն իրենց՝ խմբակցությունից դուրս գալու կամ անդամությունը սառեցնելու մասին, տակը կմնան մի քանիսը՝ Վարդան Օսկանյան, Նաիրա Զոհրաբյան և այլն, կամ էլ կուսակցության ղեկավարը ինքը կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ հաշվի առնելով իրավիճակի սրությունը և այլն, կամ էլ կհայտնվի ճաղերի հետևում։
Ստացվում է՝ Գագիկ Ծառուկյանի համար ճակատագրական ընտրությո՞ւն է դառնում այս քայլը։
Այսպես ժամանակին Վազգեն Սարգսյանից անցում կատարվեց դեպի Ռոբերտ Քոչարյան, հետո ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ ժամանակին հոկտեմբերի 27-ին պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը ԱԱԾ ղեկավարի պաշտոնից, հետո այս կուսակցությունում Սերժ Սարգսյանը դարձավ նախագահ, և նրանք, ովքեր ժամանակին մեղադրում էին Սերժ Սարգսյանին հոկտեմբերի 27-ը չկանխելու կամ անգործություն ցույց տալու մեջ, հանկարծ միաձայն ընտրեցին Սերժ Սարգսյանին կուսակցության ղեկավար, այն դեպքում, երբ ահաբեկչության հետևանքով սպանվել էր իրենց կուսակցության նախկին ղեկավարը։ Իրենք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը, հետո այդ մարդուն ընտրեցին կուսակցության ղեկավար, որպեսզի իշխանության մեջ իրենց դիրքերը պահեն։ Հիմա նույնն էլ ԲՀԿ-ն։ Իրենց ղեկավարի հարցերը հիմա կլուծեն, կընտրեն այլ ղեկավար, կամ էլ ընդհանրապես կցրվեն, քանի որ չկա սկզբունքային, գաղափարական, արժեքային հիմք։ Եվ այդ մարդը, որը որպես գործիք օգտագործվում է, ստիպված կլինի սիրուն հանգստանալ և մնալ ամենաերիտասարդ թոշակառուն։
Աղբյուրը՝ www.lragir.am