Ո՞վ, ինչպե՞ս եւ ի՞նչ հրահանգով սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին
12:13, February 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱվետիսյանների սպանության և հետագա զարգացումների շուրջ հանրային քննարկումը սկսվեց մեկ րոպե լռությամբ: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը նախ հարկ համարեց ընդգծել, թե ինչու է որոշվել հանրային քննարկում կազմակերպել: «Սպանությունից անցել է 32 օր, եւ մեր իշխանությունները, իրավապահները, իմ գնահատմամբ, որեւէ որակյալ տեղեկություն մեզ չեն տալիս, որպեսզի կարողանանք դատողություններ անել, կամ եզրահանգման գալ: Վերջը որոշել ենք այսպիսի հանրային քննարկում սկսել»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:
Ըստ Լեւոն Բարսեղյանի, հենց իշխանությունների լռությունն է դատապարտել, որ կայանա այս քննարկումը:
Հանրային քննարկման նախնական օրակարգում ընդգրկված հարցերը հետեւյալն էին.
Ա. Համադրել սպանությանն առնչվող հայտնի տեղեկությունները, հարցերը եւ հակասությունները, քննարկել դրանք, նախաձեռնել հանրային հետաքննություն՝ հանցագործությունը բացահայտելու համար:Բ. Վերլուծել բուն սպանությանը հաջորդած իրավախախտումներն ու հանցագործությունները, ՀՀ իրավապահների գործողությունները, սխալներին, անգործությանը, դիտավորություններին առնչվող փաստերը: Որոշել հանրության անելիքները բուն եւ հաջորդած հանցագործությունների բացահայտման, իրավապահների անգործության վերացման, գործը եւմեղադրյալին ՀՀ արդարադատության համակարգ անցկացնելու համար:Գ. Նախաձեռնել համանման դեպքերից քաղաքացիական պաշտպանության հնարավոր մեխանիզմների մշակում. Ի՞նչ ենք պարտավոր անել, որպեսզի անհնար լինեն նման հանցագործությունները:
Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանը նշեց, որ սովորական դարձած գործելակերպն են որդեգրել իշխանությունները, որ ժամանակն ամեն ինչ մոռացության կմատնի եւ այլեւս հասարակական պահանջ չի լինի:«Գյումրիում հասարակական պահանջը կա եւ շարունակում է մնալ նույն ձեւի: Այն ապաշնորհ, անճարակ վարքագիծը, որը դրսեւորեցին իրավապահ մարմինները, մինչեւ հիմա էլ շարունակվում է: Մնացական Ալեքսանյանին ձերբակալելը, հետո բաց թողնելը, մեղադրանք առաջադրելը, այդ բոլորը ցույց են տալիս, որ ճիշտ հետեւություններ արված չեն: Վերջին շրջանում ոչինչ այդքան չէր միավորել գյումրեցիներին, որքան այս ողբերգությունը: Բոլորը սպասում են, թե ինչ են անելու իշխանությունները: Մեր քայլերը պայմանավորված են նախ եւ առաջ դրանով: Ակտիվ սպասման եւ չմոռանալու հատված է: Գյումրիում դա է մնում գլխավոր անելիքը: Միայն գյումրեցիների մասին չէ խոսքը, այլ Հայաստանի»,- ասաց Սեյրան Մարտիորսյանը:Քննարկմանը մասնակցող Ժառանգություն խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ 3 փաստաթուղթ է կազմել՝ հաղորդում հանցագործության մասին, առնչվող այն փաստերին, որոնց վերաբերյալ ՀՀ իրավապահ մարմինները չեն արձագանքել եւ քրեական գործ չեն հարուցել: Փաստաթղթերը հասցեագրված են ՀՀ գլխավոր դատախազին:
«Ինչպե՞ս է զենքը դուրս եկել բազայից եւ հասել Ավետիսյանների բնակարան: Սա փաստացի զենքի ապօրինի փոխադրում է, որին Հայաստանի իրավապահ մարմինների կողմից, որպես հանցակազմ պարունակող արարք, այդ մասով քրեական գործ հարուցված չէ եւ այդ մասով Պերմյակովին մեղադրանք առաջադրված չէ: Հաջորդն այն է, որ Պերմյակովին ձերբակալել են պետական սահմանը փորձ անելու պահին: Սա էլ ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքի հանցակազմ է, եւ դրա համար էլ Պերմյակովին պետք է մեղադրանք առաջադրեին: Այս հարցում էլ ՀՀ իրավապահ մարմինները ցուցաբերել են անգործություն»,- ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Պերմյակովին ձերբակալելուց հետո, անկախ այն հանգամանքից, թե ովքեր են ձերբակալել՝ հայերը, թե ռուս սահանապահները, պետք է տեղեկացված լիենին ՀՀ իրավապահները:Ըստ պատգամավորի, ՀՀ իրավապահ մարմինները, դրսեւորելով անգործություն, թույլ են տվել, որ ապօրինի ձերբակալեն Պերմյակովին, ապա ապօրինի տեղափոխեն բազա եւ պահեն այնտեղ: «Սրանք հանցագործություններ են, որոնց մեր իրավապահները պետք է անդրադարձ կատարեին»,- ասաց Փոստանջյանը՝ շեշտելով, որ դեռեւս իր ուղարկած նամակներին պատասխան չի ստացել:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն իր հերթին նշեց, որ հանրային քննարկումը հանրային պահանջի շարունակության դրսեւորումներից մեկն է: Բողոքի ցույցերի ժամանակ բարձրացված հարցերի պատասխանները ստանալու ակնկալիք ունեն:
Սաքունցը հայտարարեց, որ իրականում Գեւորգ Կոստանյանը ՇՄ դատախազության առաջ տված խոստումը չի կատարել, համենայնդեպս, չկան ապացույցներ, որ նա դիմել է Յ. Չայկային:
«Գլխավոր դատախազի դիմումը մենք ոչ մեկս չենք տեսել: Հանրային քննարկման կարեւոր նպատակներից մեկն է, որ ի կատար ածվեն հանրության պահանջները: Ի՞նչ ենք անելու այդ ուղղությամբ: Սա մեր առաջին եւ կարեւոր հարցն է: Երկրորդը՝ ինքնին բուն գործի քննությունը: Ես չեմ պատկերացնում, ո՞նց պետք է ՀՀ քննչական կոմիտեն քննություն իրականացնի, եթե հիմնական կասկածյալը իր հսկողության տակ չէ: Այս հանցագործության մեջ հայտնի չէ մոտիվը, շարժառիթը, որ հենց Ավետիսյանների ընտանիքն է ընտրված: Շատ կարեւոր է նաեւ կատարման մեխանիզմը՝ ո՞վ, ինչպե՞ս եւ ի՞նչ հրահանգով է կատարվել հանցագործությունը»:
Եթե այս հարցերին պատասխան չտրվեն, կամրապնդվի սպանության քաղաքական ենթատեքստը, կարծում է իրավապաշտպանը:«Հանդիսանու՞մ է ռուսական բազան անվտանգության երաշխիք, թե ոչ, այս հարցին եւս պետք է մեր հստակ դիրքորոշումը ունենանք: Եթե հանդիսանում է, ապա ի՞նչ երաշխիք: Եթե քննութունը պատշաճ չի կատարվում, ուրեմն երաշխիքները բացակայում են: Հստակ պահանջ պետք է ունենանք՝ ինչի՞ համար ենք կերակրում մի բան, որը մեզ համար վտանգավոր է: Եւ այս հարցը առաջին հերթին պետք է դնել ՀՀ իշխանությունների առաջ: Եթե նրանք չեն բարձրաձայնում այս հարցը, ուրեմն ՀՀ քաղաքացիները պետք է դնեն այս հարցերն այն մարմնի առաջ, որն իր վրա այդպիսի միսիա է վերցրել: Եւ իհարկե ռուսական բազայի ղեկավարության պատասխանատվության հարցը: Բացի ցավակցելուց, այլ գործողություն մենք չենք տեսել: Ծառայողական քննություն նշանակվե՞լ է, թե ոչ», հարցադրում է Արթուր Սաքունցը:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը:
«Առաջին պահից սկսվեց ամեն ինչ քաղաքականացվել ռուսական իշխանությունների կողմից, եւ երկրորդ՝ Հայաստանի իշխանությունների, իրավապահների անգործությամբ: Ե՞րբ է քաղաքականացվում, երբ իրավական ճանապարհով չի ընթանում աղմկահարույց գործի հետաքննությունը եւ նախաքննությունը, երբ չկա ընդհանրապես որեւէ տեղեկատվություն: Այս գործով ամեն վայրկյան պետք էր տեղեկություն հաղորդել՝ օն-լայն ռեժիմով: Մեկ ամսից ավել է անցել, բայց ըստ էության մենք այն նույն տեղում ենք, ինչ որ կար առաջին կամ երկրորդ օրը: Որեւէ լրացուցիչ կամ արժեքավոր տեղեկություն մենք չունենք: Բոլոր վարկածները շարունակում են մնալ սեղանի վրա»,- ասաց Շահնազարյանը:
Քննարկման մասնակիցներն ակնկալում են, որ հանրային քննարկումը կվերածվի քննարկումների շարքի եւ բազմաթիվ անպատասխան մնացած հարցերի պահանջ կներկայացվի մինչ այժմ հանցավոր անգործություն ցուցաբերող իշխանություններին:
Աղբյուրը՝ www.lragir.am