Անվտանգության երաշխիք կլիներ, եթե ռուսական կողմն ասեր` վերցրեք Պերմյակովին, եկեք ռազմաբազա և ստուգեք. Արթուր Սաքունց
12:17, February 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԵս չեմ պատկերացնում, թե Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ո՞նց պետք է քննություն իրականացնի, եթե հիմնական կասկածյալն իր հսկողության տակ չէ: Այս մասին այսօր Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հանրային քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Այստեղ շատ կարևոր է գործողությունների վերաբերյալ տարածված տեղեկությունների իմի բերելը, պետք է իմի բերել այն, ինչ գրում է տեղական և ռուսական մամուլը: Շատ կարևոր է տեսնել, թե ինչ տենդենցներ է ռուսական կողմը դրսևորում»,- ասաց Արթուր Սաքունը և նշեց, որ որևէ կերպ չի խոսվում հանցագործության կատարման շարժառիթի մասին:
«Իմ կարծիքով` սա ահաբեկչական գործողություն է Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ, բայց կոնկրետ կատարման հետ կապված ո՞րն է շարժառիթը, որ հենց Ավետիսյանների ընտանիքն է ընտրված: Շատ կարևոր է նաև կատարման մեխանիզմը, այսինքն` ո՞վ, ինչպե՞ս և ի՞նչ հրահանգով է կատարել այդ հանցագործությունը: Այս հարցերի պատասխաններով այդ քաղաքական հնարավոր ենթատեքստը կարող է բացահայտվել, իսկ եթե չի էլ բացահայտվում առավել ևս ամրապնդվում է քաղաքական ենթատեքստը»,- նշեց Սաքունցը և հավելեց, որ հանրային բողոքն այս հարցերի պատասխանների միջոցով պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում ստանա: «Իրապես դա հանրության նկատմամբ մարտահարվեր է: Մենք պետք է կարողանանք ձևակերպել անվտանգության հետ կապված խնդիրը: Մենք չենք կարող դա լռության կամ անուշադրության մատնել»,- ասաց Սաքունցը և նշեց, որ պետք է տրվի այն հարցի պատասխանը, թե ռուսական ռազմաբազան կդառնա՞ հայերի անվտանգության երաշխիք, թե` ոչ:
«Այս հարցի վերաբերյալ մենք պետք է մեր հստակ դիրքորոշումն ունենանք: Եթե հանդիսանում է, ապա ի՞նչ երաշխիքներ է տալիս, որովհետև մենք հիմա դա չենք տեսնում, քանի որ քննությունը պատշաճ չի կատարվում, նշանակում է երաշխիքները բացակայում են: Երաշխիքներ կլինեն, եթե ռուսական կողմն ասեր` վերցրեք Պերմյակովին, եկեք ռազմաբազա, ինչ փաստաթուղթ ուզում եք ստուգեք, բաց ենք մենք ձեր առջև: Սա կլիներ երաշխիքներից ամենակարևորը, բայց եթե այդ ամեն ինչը չկա, նշանակում է երաշխիքների մասին խոսելը խիստ կասկածելի է»,- իր խոսքը եզրափակեց Արթուր Սաքունցը:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am