Ավետիսյանների սպանության դրդապատճառը մինչեւ հիմա բացահայտված չէ. Արթուր Սաքունց
12:28, February 16, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության սպանության դրդապատճառը դեռ բացահայտված չէ: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով հրավիրված հանրային քննարկմանն ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
«Բացի այն ընդհանուր բանը, որ ահաբեկչություն է իրականացվել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ոչինչ այս պահին չկա: Այսինքն՝ հայտնի չէ, թե որն է շարժառիթը, թե ինչու է Ավետիսյանների ընտանիքը ընտրված, եւ շատ կարեւոր է կատարման մեխանիզմը՝ ով, ինչպես եւ ինչ հրահանգով է կատարել այս հանցագործությունը: Այս հարցերի պատասխաններով քաղաքական հնարավոր ենթատեքտը հնարավոր է բացահայտել, իսկ եթե չի բացահայտվում, ապա քաղաքական ենթատեքստը ամրապնդվում է»,-ասաց Սաքունցը:
Նրա խոսքով՝ հանրության բարձրացրած պահանջը, որ ՀՀ գլխավոր դատախազը դիմի ՌԴ դատախազին՝ գործը Հայաստանում քննելու հարցով, դեռեւս բավարարված չէ, եւ այս պահանջը պետք է շարունակել:
Սաքունցը նշեց, որ կարեւոր է ռուսական ռազմաբազայի ղեկավարության մեկնաբանությունը կատարվածի մասին, որը մինչեւ հիմա չկա:
«Ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը բացի ցավակցությունից, պետք է բացատրեր, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, արդյոք ծառայողական քննություն նշանակվել է, եւ ովքեր են պատժվել»,-ասաց իրավապաշտպանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դստերը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց, սակայն դեպքից 7 օր անց հիվանդանոցում մահացել էր նաեւ նա: Այս գործով նույն օրը, կեսգիշերին մոտ ձերբակալվել է ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, ըստ պաշտոնական տվյալների՝ հայ-թուրքական սահմանի մոտ: Ներկայումս նա գտնվում է ռուսական ռազմակայանում: Նրան կալանավորել եւ մեղադրանք են առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ (երկուսից ավելի մարդկանց սպանություն) եւ 338-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Հունվարի 21-ին Պերմյակովին մեղադրանք են առաջադրել նաեւ հայ քննիչները՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի (դասալքություն՝ ծառայողական զենքով): Սպանության փաստով քրգործ է հարուցվել նաեւ ՀՀ Քննչական կոմիտեում: Հայաստանի Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը փետրվարի 3-ին նամակով դիմել էր Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը Հայաստանի իրավապահ մարմիններին փոխանցելու վերաբերյալ միջնորդությամբ:
Աղբյուրը՝ news.am