ՀՔԱՎ-ը՝ ընդդեմ ՀՀ Կառավարության գործով նշանակվեց դատաքննություն
10:39, March 16, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2016 թ. մարտի 15-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Կ. Ավետիսյանի, տեղի ունեցավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ Կառավարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին գործով հերթական նախնական դատական նիստը:
Հիշեցնենք, որ սույն հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է պարտավորեցնել ՀՀ Կառավարությանը՝ տրամադրել 1992-2015թթ. ընթացքում ՀՀ վարչապետի կողմից զենքով պարգևատրված անձանց տվյալները՝ ըստ տարիների:
Դատական նիստին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացուցիչ, Կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ Էդգար Անդրեասյանը և Նարեկ Սիմոնյանը:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Ա. Զալյանը հստակեցրեց ներկայացված հայցադիմումի առարկան՝ պահանջելով պարտավորեցնել ՀՀ Կառավարությանը տրամադրել նաև զենքով պարգևատրված անձանց քանակը 1992-ից մինչ 1998 թվականը, քանզի Կազմակերպությունն ստացել էր 1998-2015 թվականների համար զենքով պարգևատրված անձանց քանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև՝ տեղեկատվություն տրամադրել պարգևատրված զենքի տեսակների վերաբերյալ:
Նախագահող դատավոր Կ. Ավետիսյանի հարցերին ի պատասխան՝ Ա. Զալյանը նշեց, որ Կազմակերպությունը պահանջում է տրամադրել պարգևատրված անձանց անուն, ազգանունները, ինչպես նաև զենքի տեսակները՝ ըստ մարտական և ոչ մարտական զենք դասակարգման:
ՀՀ Ոստիկանության կողմից սույն գործով ՀՀ Կառավարության ներկայացուցիչ հանդես եկող Ն. Սիմոնյանը դատարան ներկայացրեց հայցադիմումի վերաբերյալ գրավոր առարկություններ, որով նշեց, որ ըստ ՀՀ Ոստիկանության՝ պահանջված տեղեկատվության տրամադրումը կհանգեցնի անձանց անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի սահմանափակմանը, և հղում կատարեց «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթներին, համաձայն որի՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:
Դատարանի՝ ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ՀՀ Կառավարության ներկայացուցիչ հանդես եկող Է. Անդրեասյանին ուղղված այն հարցին, թե արդյոք պետական բյուջեի միջոցների օգտագործման վերաբերյալ կազմված հաշվետվությունները տեղեկություններ են պարունակում զենքի գնման մասին, վերջինս դրական պատասխան տվեց:
Պատասխանողի ներկայացուցիչներին Դատարանը նաև հարցեր ուղղեց նախորդ նախնական դատական նիստին հայցվորի ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված՝ լրատվամիջոցներում կատարված հրապարակումների մասին: Մասնավորապես, նախագահող դատավոր Կ. Ավետիսյանը հետաքրքրվեց, թե արդյոք լրատվամիջոցներում կատարված հրապարակումները խախտել են անձի անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը: Է. Անդրեասյանը, ի պատասխան, ենթադրություն հայտնեց, որ այդ դեպքերում առկա է եղել զենքով պարգևատրված անձի համաձայնությունն իր վերաբերյալ տվյալները հրապարակելու մասին:
Այնուհետև Դատարանը հարցրեց, թե արդյոք զենքով պարգևատրված անձանցից ճշտվել է՝ նրանց համաձայնության առկայությունը կամ բացակայությունը Կազմակերպության հարցմանը պատասխանելու առնչությամբ: Է. Անդրեասյանը նշեց, որ նման գործողություն չի կատարվել, նա նշեց, որ այդ տեղեկատվությունը ծառայողական օգտագործման նպատակով է նախատեսված և հրապարակման ենթակա չէ:
Նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը փորձեց պարզել նաև տեղեկտավությունն ստանալու նպատակը: Ա. Զալյանը նշեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հասարակական կազմակերպություն է, և տեղեկատվության ստացումն անհրաժեշտ է Կազմակարեպության ռազմավարական նպատակների իրականացման համար, մասնավորապես, նա նշեց, որ տեղեկատվության հարցման նպատակն է պարզել, թե ինչ միջոցներ են ծախսվում ՀՀ պետական բյուջեից՝ զենքի պարգևատրումների շրջանակներում:
Դատարանը, ճշտելով այլ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտության բացակայությունը, գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված և գործը նշանակեց դատաքննության, որը տեղի կունենա 2016 թ. ապրիլի 26-ին՝ ժամը 11:30-ին: