Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով վեցերորդ դատական նիստի մասին
15:44, February 16, 2016 | Մամլո հաղորդագրություններ | Ավետիսյանների ընտանիք2016 թ․ փետրվարի 12-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում կայացավ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով վեցերորդ արտագնա դատական նիստը, նախագահությամբ՝ դատավոր Հ. Մովսեսյանի:
Այս դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ներգրավված ևս երեք վկաներ, որոնք մասնակցել են Վ. Պերմյակովի ձերբակալությանը, ռուսական սահմանապահ զորքերի զինծառայողներ կինոլոգ Ս. Սլյուսրը, Ս. Սումբուլյանը և Է. Թորոսյանը: Վերջինս Վ. Պերմյակովի ձերբակալության ժամանակ ընդգրկված է եղել 12-րդ ուղեկալի օպերատիվ խմբում:
Վ. Պերմյակովի որոնողական աշխատանքներում ընդգրկված կինոլոգ Ս. Սլյուսրը հայտնեց, որ սահմանապահ ծառայության որոնող շունը հայտնաբերել է Վ. Պերմյակովի ոտնահետքերը և հասել մինչև Գյումրի քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի բակը:
Ստուգելու համար, թե արդյոք Վ․Պերմյակովը կարող է թաքնված լինել այդ տանը, ահազանգել են ՀՀ Ոստիկանությանը, որի ժամանումից հետո ստուգելու արդյունքում Վ. Պերմյակովը չի հայտնաբերվել:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների հարցերին, թե ռուսական բազայի և ռուս սահմանապահ զորքերի ներկայացուցիչները որոնողական աշխատանքների ժամանակ զինված են եղել, թե ոչ, Ս. Սլյուսրը պատասխանեց՝ ոչ: Այսինքն՝ ռուսական բազայի տարածքը լքած, ինքնաձիգով և 50 փամփուշտով զինված Վ. Պերմյակովին որոնողները եղել են անզեն:
Որոնողական աշխատանքները ռուսական ռազմաբազայի օպերատիվ խումբը սկսել է ժամը 04:00-04:30-ին և շարունակել մինչև 08:00-ի սահմանները (ըստ կինոլոգի՝ որոնող շունը կարող էր <<աշխատել>> առավելագույնը 3 ժամ)։ Նկատենք, որ դա այն ժամանակահատվածն է, երբ տեղի էր ունենում 05։00-05:30-ի սահմաններում, Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը:
Ս. Սումբուլյանը և Է. Թորոսյանն իրենց ցուցմունքներում հայտնել են, որ առավոտյան ժամը 08-ին հայտարարված է եղել ուժեղացված ռեժիմ՝ սահմանի պահպանության նպատակով: Սակայն այդ ռեժիմին համապատասխան տրված հրահանգները և հրամանները ոչնչով չեն տարբերվել սահմանապահ զինվորական <<սովորական>> ծառայության դեպքում տրվող հրահանգներից: Այդ օրը 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասում սահմանապահ ծառայության հերթապահությունը 1-ին անգամ նշանակվել է ժամը 24:00-ի սահմաններում. մինչ այդ այդ տեղամասում մարտական հերթապահություն չի նշանակվել: Թե ինչու, վկաները չկարողացան բացատրել: Սակայն մարտական հերթապահությունից 10 րոպե անց՝ ժամը 00:15-ին, հայտնաբերել են սահմանը խախտելու փորձ կատարող անձին, որը, ըստ 12-րդ ուղեկալի հրամանատար Ս. Մերզլիկինի, հանդիսացել է Պերմյակովը:
<<Ուժեղացված ռեժիմով>> սահմանի պահպանության ծառայություն իրականացնող զինծառայողներին հրամանատարությունը չի ծանոթացրել Վ. Պերմյակովին բնութագրող տվյալներին: Վերջիններս Վ. Պերմյակովի անհատական բնութագրերին ծանոթացել են միայն հեռուստատեսությամբ տարածված տեղեկատվության միջոցով:
Սահմանի խախտման փորձ կատարած Վ. Պերմյակովին 12-րդ ուղեկալի օպերատիվ խումբը ձերբակալել և տեղափոխել է սահմանապահ ծառայության վայր։ Եվ միայն 30-40 րոպե հետո են ժամանել ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Վերջիններս չեն փորձել հանդիպել ռուսական սահմանապահ ծառայության վայր տեղափոխած օպերատիվ խմբին՝ Վ. Պերմյակովին պահանջելու հարցով:
Այս դատական նիստի ընթացքում ռուսական սահմանապահ զորքերի ծառայողները նույնպես հայտնեցին, որ ծանոթ չեն ռուս-հայկական պայմանագրերի բովանդակությանը, և նրանց համար միակ օրինական հիմք են հանդիսացել իրենց հրամանատարի կողմից տրված հրամանները:
Կարևոր հանգամանք ևս բացահայտվեց այս դատական նիստի ժամանակ․ ձեռբակալման սկբում Վ․Պերմյակովն այն հարցին, թե ինչու է սպանել, պատասխանել է․ «Ես ոչ ոքի չեմ սպանել»։
Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հաջորդ արտագնա դատական նիստը նշանակված է 2016 թ. փետրվարի 26-ին՝ ժամը 12:00-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում: