Զինծառայության ի՞նչ սահմանափակումներ կան առողջական խնդիրներով զորակոչվածների համար. Պաշտպանության նախարարությունը կպարզաբանի վարչական դատարանում
12:19, February 16, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Զինված ուժերԶորակոչիկներին և նրանց հարազատներին իրավական աջակցություն տրամադրելու շրջանակներում ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հաճախ է զինծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիրներով զինված ուժեր զորակոչվելու դեպքեր արձանագրում: Սովորաբար տարբեր առողջական խնդիրներով անձանց ճանաչում են պիտանի զինծառայությանը՝ սահմանափակումով, և հաճախ հստակ չեն սահմանվում, թե որ առողջական խնդրի դեպքում կոնկրետ ինչ ծավալի ֆիզիկական ծանրաբեռնվածություն է նախատեսվում:
Այս նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2012 թ.-ից համապատասխան հարցումներ է ուղարկում ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Ի պատասխան դրանց՝ պաշտպանական գերատեսչությունից սկզբնական շրջանում հայտնում էին, թե սահմանված կարգ առկա չէ, ապա՝ գտնվում է մշակման փուլում, իսկ ահա վերջին տարիներին պարզ դարձավ, որ համապատասխան ձեռնարկ առկա է, սակայն հրապարակման ենթակա չէ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2016 թ. հոկտեմբերի 12-ի տեղեկատվության հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունը կրկին մերժել է տրամադրել զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը:
Նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը մերժումը հիմնավորել է պահանջվող տեղեկատվության՝ պետական գաղտնիք լինելու հանգամանքով և հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին (Տեղեկատվություն տնօրինողը [….] մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական [….] գաղտնիք):
Նրա պնդմամբ՝ հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը ներառում է «պաշտոնների ցանկ, որը բացահայտում է ՀՀ զինված ուժերի կազմակերպչական կառուցվածքը», իսկ դա, ՀՀ միջազգային պարտավորություններին համապատասխան, ենթակա չէ բաց հրապարակման: Վերջինս, սակայն, չի մեկնաբանում, թե ինչպես կարող է առողջական խնդիրների պատճառով որոշակի պաշտոններում նշանակվելու սահմանափակման վերաբերյալ տեղեկատվությունը կամ այդ պաշտոնների ցանկը բացահայտել ՀՀ Զինված ուժերի կառուցվածքը:
Հավելենք, որ հիշյալ ձեռնարկը ՀՀ Պաշտպանության նախարարությունը հիշատակել էր նաև շարային զինվորական ծառայության և սահմանափակումով զինվորական ծառայության տարբերությունների, ինչպես նաև դրանք կարգավորող իրավական ակտերի մասին Կազմակերպության դեռևս 2014 թ. հոկտեմբերի 23-ի հարցման պատասխանում՝ կրկին նշելով, որ պահանջվող տեղեկատվությունը ներառված է վերը նշված՝ գաղտնի հրամանով գործողության դրված ձեռնարկում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պահանջվող տեղեկատվությունը պետական գաղտնիք համարելը չի բխում իրավական պետության սկզբունքներից, քանի որ նրանով սահմանվում են զինծառայողների իրավունքներին վերաբերող դրույթներ, և այս առումով տեղեկատվության տրամադրման սահմանափակումը անհրաժեշտ չէ՝ ժողովրդավարական պետության անվտանգության նկատառումներից ելնելով:
Պաշտպանության նախարարությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Վարչական դատարան: Դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել: