Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում ընթացող բողոքի ակցիաների մասին. թարմացվում է
16:16, April 16, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԺամը 20:30-ի դրությամբ
Հանրահավաքի համար անհրաժեշտ տեխնիկան հնարավոր չեղավ Ֆրանսիայի հրապարակից տեղափոխել Բաղրամյան պողոտա, և ցուցարարները որոշեցին վերադառնալ հավաքի նախնական վայր։
Հանրահավաքին քննարկվում է վաղվա գործողությունների պլանը։
Ցուցարարները որոշեցին շարունակել ապակենտրոնացված գործողությունները և կրկին շրջափակել Երևանի միանգամից մի քանի փողոց։
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նույնը անել Հայաստանի այլ բնակավայրերում, և գործողություններն սկսել գիշերվանից։
Վերջնանպատակը ՀՀ Ազգային ժողովի շենքի շրջափակումն է ապրիլի 17-ի առավոտյան։
Գյումրիից հանրահավաքի վայր եկող ավտոշարասյանը թույլ չեն տվել առաջ շարժվել, ցուցարարները որոշեցին շարունակվելու դեպքում ընդառաջ գնալ նրանց։
Ավելի ուշ Գյումրիից եկած ավտոշարասյանը թույլատրել են առաջ շարժվել։
Այս պահին ոստիկանության բաժիններում բերման ենթարկվածներ այլևս չկան։
Ժամը 18:30-ի դրությամբ
Բուժօգնություն ստանալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա և հայտարարեց, որ հանրահավաքի վայրը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվում է Բաղրամյան պողոտա:
Հանրահավաքը կսկվի ժամը 19:00-ին:
ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:
Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են․
Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:
Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Ժամը 17:00-ի դրությամբ
Փշալարերը հեռացնելու փորձ կատարած Նիկոլ Փաշինյանը և մյուս ցուցարարները վնասվածք են ստացել և այժմ բուժօգնություն են ստանում:
Որոշ ցուցարարներ վնասվածքներ են ստացել ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև որոշ ոստիկաններ:
Հավաքի վայրում գտնվողների փոխանցմամբ՝ Բաղրամյան-Օրբելի խաչմերուկում ոստիկանները 6-7 քաղաքացու արգելանքի են վերցրել և պահում են ոստիկանական մեքենայի մեջ։
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ուղղված Նիկոլ Փաշինյանին
Բաղրամյան պողոտայում Ձեր կողմից ղեկավարվող հավաքի մասնակիցների բռնի գործողությունների արդյունքում կոպտորեն խախտված է հասարակական կարգը:
Ոստիկանության բոլոր նախազգուշացումները, պահանջները և սահմանափակիչ այլ գործողությունները այլևս անարդյունավետ են, ուստի ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով՝ ոստիկանությունը Ձեզանից պահանջում է դադարեցնել հավաքը:
Հավաքի վայրում Ձեր բացակայության կամ Ձեր կողմից ոստիկանության պահանջը չկատարելու դեպքում սահմանված ողջամիտ ժամկետի ավարտից հետո Ոստիկանությունը կցրի հավաքը՝ կիրառելով ուժ և հատուկ միջոցներ:
Ժամը 16:00-ի դրությամբ
Նիկոլ Փաշինյանը որոշեց գնալ աշխատանքի՝ Ազգային ժողով, որի դիմաց ոստիկանությունը մեծ ուժեր էր կուտակել և թույլ չէր տալիս առաջ գնալ:
Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ որոշեցին ճեղքել ոստիկանական պատը և հեռացնել փշալարերը: Ընդհարման արդյունքում որոշ ցուցարարներ վնասվածքներ ստացան:
Ոստիկանությունն սկսեց հատուկ միջոցներ կիրառել:
Ժամը 15:00-ի դրությամբ
Այսօր՝ 2018 թ. ապրիլի 15-ի առավոտից ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ՝ «Քայլ արա: Մերժիր Սերժին» շարժման ներկայացուցիչները արգելափակել են Հայաստանի մայրաքաղաք Երևանի տասնյակ փողոցներ:
Ցուցարարները ավելի քան 5 ժամ իրազեկման ակցիայից հետո հավաքվել են Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Երևանի տարբեր մասերից միավորվելով՝ ցուցարարները պատրաստվում են շարունակել քայլերթը:
Ավելի վաղ Երևանի Հերացու փողոցում նստացույց անող ուսանողների նկատմամբ բռնություն գործադրեցին մի խումբ անձինք, որոնք պատրաստվում էին մեքենայով անցնել փողոցով, սակայն արգելափակման պատճառով հնարավոր չէր: Մեքենայի ուղևորները հարձակվեցին ցուցարարներից մի քանիսի վրա և մարմնական վնասվածքներ հասցրին:
Այդ ամենը տեղի էր ունենում ոստիկանության ծառայողների աչքի առաջ: Ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած անձինք մեքենայով հեռացան փողոցից:
Այս պահին բողոքի ակցիաներ են ընթանում նաև Գյումրի և Վանաձոր քաղաքներում: