Երիտասարդական Կազմակերպությունների ոչ ֆորմալ ցանցի երկրորդ հանդիպումը կայացավ Վրաստանում
15:21, June 16, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն«Կովկասի Խաղաղության Փաթեթ» (“PeaceBag Caucasus”) նոր կազմավորված Երիտասարդական կազմակերպությունների ոչ Ֆորմալ ցանցի գործունեության շրջանակներում 2014թ. մայիսի 31-ից հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանի Ուռեկի քաղաքում կայացավ «Հզորացնելով Կովկասը II» (“Empowering Caucasus II”) սեմինարը: Սեմինարին մասնակցում էին 24 ակտիվ երիտասարդներ տարբեր երկրներից, մասնավորապես՝ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Ֆինլանդիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Թուրքիայից և Նեդերլանդներից:
Սեմինարի նպատակն էր քննարկել և բացահայտել խաղաղասիրություն հասկացությունը, ապահովել ցանցի անդամների ներցանցային համագործակցությունը, ինչպես նաև ցանցի անդամներին հնարավորություն ընձեռել մշակելու և իրականացնելու հետագա համատեղ գործողություններ և ծրագրեր:
Ցանցի անդամների առաջին հանդիպումը, նույն՝ «Հզորացնելով Կովկասը» թեմայով դասընթացը, կայացել է 2013 թ. հուլիսին Իսպանիայի Բարսելոնա քաղաքում՝ նպատակ ունենալով վերոհիշյալ տարածաշրջաններում միջմշակութային երկխոսության հնարավորութուն ստեղծել, տեղական և միջազգային մակարդակով բարձրացնել իրազեկվածությունը Կովկասում տիրող իրավիճակի մասին, հզորացնել տեղական ՀԿ-ների կարողությունները խաղաղասիրական ծրագրերի իրականացման, ռազմավարական գործընկերության հզորացման գործում:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, որպես մարդու իրավունքների պաշտպանությամբ, այդ թվում նաև՝ խաղաղասիրությամբ զբաղվող կազմակերպություն, ևս մասնակցեց սեմինարին:
Սեմինարի ընթացքում տարաբնույթ դերախաղերի, թիմային աշխատանքների և ինտերակտիվ դասընթացների միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու եւ քննարկելու խաղաղասիրությանն ու կոնֆլիկտին առնչվող տարբեր հասկացություններ, ինչպես նաև արհեստականորե ստեղծված իրավիճակներում կոնֆլիկտի խաղաղ լուծմանն ուղղված իրենց առաջարկություններն անելու:
Մասնակիցների հետագա համագործակցությունն ու ցանցի արդյունավետ գործունեությունը առավել իրատեսական են դառնում տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերի կողմից մշակած հետագա ծրագրերի և դրանց իրագործման հեռանկարների միջոցով:
Թիմերը մշակեցին և ներկայացրեցին հետագայում իրականացվելիք համատեղ ծրագրեր, որոնք կրկին ուղղված կլինեն խաղաղասիրության գործընթացի ուսուցանմանն ու տարածմանը Հարավային Կովկասի երկրներում ոչ ֆորմալ կրթության (դասընթացների) միջոցով:
Հարկ է նշել, որ ցանցը գործում է ԵՄ անդամ երկրներում, Ռուսաստանում և Հարավային Կովկասում: