Ընտրական նոր օրենսգրքում միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլման վերաբերյալ անցկացվեցին սեմինարներ Հայաստանի մի շարք քաղաքներում
13:06, June 16, 2016 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունքՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպայի խորհրդի և Եվրամիության կողմից իրականացվող «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում 2016 թ. հունիսի 2-7-ը Վանաձոր, Գյումրի, Գորիս, Մարտունի և Երևան քաղաքներում անցկացրեց ընտրական նոր օրենսգրքում միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլման վերաբերյալ սեմինարներ, ինչպես նաև՝ նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ երկօրյա դասընթաց 2016 թ. հունիսի 9-10-ը Ծաղկաձորում:
Շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ընտրական գործընթացներով հետաքրքրված այլ անձանց մասնակացությամբ իրականացված սեմինարների ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիթորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանի և Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից անդրադարձ կատարվեց ՀՀ ընտրական օրենսդրության, ընտրությունների պատմությանը, ինչպես նաև ընտրական նոր օրենսգրքում միջազգային չափանիշների և միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների արտացոլմանը:
Երկօրյա եզրափակիչ դասընթացի ընթացքում համակողմանիորեն ուսումնասիրվեցին ընտրական նոր օրենսգրքի բոլոր կարգավորումները, հատկապես՝ քվեարկության կազմակերպման գործընթացը, դրան նախորդած և հաջորդած գործընթացներին առնչվող հարցեր, ինչպես նաև Ազգային ժողովի և առանձին համայնքների ընտրություններին վերաբերող դրույթներ: Երկօրյա դասընթացին հրավիրվել էր նաև ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, որը պարզաբանեց Ընտրական օրենսգրքով սահմանվող նոր կարգավորումների կիրառումը 2016 թ. աշնանը նախատեսվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների և 2017 թ. գարնանը նախատեսվող ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ:
Ծրագիրը շարունակական է, դրա շրջանակներում նախատեսում է նաև դիտորդների վերապատրաստում և դիտորդական առաքելության իրականացում առաջիկա ընտրությունների ընթացքում: