ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ
15:28, June 16, 2016 | Հայտարարություններ, ՍեփականԸնտրական օրենսգրքի վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ 2016թ. մայիսի 25-ին, ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ Ընտրական օրենսգրքի՝ այսպես կոչված բարեփոխումներին ուղղված գործընթացը կարող է ունենալ որևէ նշանակություն, եթե դրանց արդյունքում ամբողջ ծավալով ընդունվեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության, ինչպես նաև ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի կողմից ՀՀ-ին հասցեագրված բոլոր առաջարկությունները, որոնք այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացան փաստացի գործող կայուն քաղաքական մեծամասնության կողմից։
Մասնավորապես՝ պետք է վերացվեն հետևյալ սահմանափակումները․
- – Դիտորդների պարտադիր ստուգարք հանձնելու պահանջը,
- – Դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչերի թվաքանակի սահմանումը,
- – Դիտորդների լիազորությունների և գործառույթների նվազեցումը, մասնավորապես՝ ընտրական իրավունքների և գործընթացների խախտումների արձանագրման, դրանց վերացմանն ուղղված նախկին օրենսգրքով նախատեսված արդյունավետ գործառույթները, զեկույցների համար տեղեկատվական աղբյուրների սահմանափակումները, ընտրության արդյունքների բողոքարկման իրավունքը, դիտորդների նկատմամբ հետապնդման անթույլատրելիությունը,
- – Քաղաքական կոալիցիայի ձևավորման համար կուսակցությունների թվի սահմանումը:
- – Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում ավագանու ընտություններում քաղաքացիական նախաձեռնությունների կողմից թեկնածուների առաջադրումը:
Հայաստանի Հանրապետությունում իրական ընտրական բազմազանություն և հավասար հնարավորություններ ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նախատեսվող տարածքային ցուցակները և իրականացնել միայն մեկ՝ համամասնական սկզբունքով բոլոր պատգամավորների ընտրությունը Հանրապետության ողջ տարածքում՝ բացառելով ըստ գործող օլիգարխների ազդեցության գոտիների ընտրության սկզբունքը, որով նաև կապահովվեն երկու սեռերի ներկայացվածության իմաստալից և իրական երաշխիքները։
Կարևորում ենք ընտրական խախտումների արդյունավետ քննությունը և ընտրական խախտումներ կատարած անձանց հետագա ընտրություններում, բացի որպես ընտրող, այլ կարգավիճակում /վստահված անձ, դիտորդ, որևէ հանձնաժողովի անդամ, թեկնածու/ մասնակցելու իրավունքի սահմանափակումը։
Ընտրական գործընթացի ողջ ընթացքը տեսաձայնագրելու, ընտրողների գրանցամատյանների մատչելիության ապահովման կարևոր խնդիրների լուծումը, առանց վերը նշված խնդիրների լուծման, չի կարող նպաստել արդյունավետ քաղաքացիական վերահսկողության իրականացմանը և ընտրությունների նկատմամբ հասարակության վստահության ձևավորմանը:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հունիսի 16, 2016թ.