Պատասխանատվություն կրելո՞ւ են արդյոք ոստիկանապետն ու նրա ենթակաները. հնարավոր է, որ ոստիկանական համազգեստը նորից փոփոխվի
18:48, August 16, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ2011 թվականից Հայաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչները հասարակությանը ներկայացան բոլորովին նոր համազգեստով: Փոփոխության ենթարկվեց համազգեստի ձևը, գույնը, ինչպես նաև տարբերանշանները: Ոստիկանները հույս ունեին, որ համազգեստի փոփոխությունը կփոխի նաև ոստիկանության մասին հասարակության շրջանում առկա կարծրատիպը:
Պարզվում է՝ ՀՀ ոստիկանությունում ամեն դեպքում գոհ չեն համազգեստից: ԳԱԼԱ-իունեցած տեղեկություններով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պատրաստվում է դիմել ՀՀ կառավարությանը, որպեսզի հերթական անգամ փոխվեն համակարգի ներկայացուցիչների համազգեստները: ՀՀ ոստիկանությունից մեր լրագրողին փոխանցել են, որ այս պահին հստակ ինֆորմացիա հայտնել չեն կարող: «Այդ հարցի վերաբերյալ բավականին քննարկումներ եղան, դա մեր որոշելիքը չէ, դա կառավարության որոշմամբ է լինելու՝ մեր ուզելով չի այն»,- ԳԱԼԱ-ին փոխանցել են ՀՀ ոստիկանությունից:
Իսկ այն, որ հայրենի ոստիկաններին համազգեստի փոփոխությունը չօգնեց հասարակության շրջանում վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ակնհայտ է: Մեկ անգամ չէ, որ խոսվել է այն մասին, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները օրվա իշխանությունների հրահանգների հլու հնազանդ կատարողներ են: Հասարակության շահերը պաշտպանելու առաքելության փոխարեն ոստիկանները դարձել են հանրահավաքներ եւ բողոքի ակցիաներ «ցրողներ», քաղաքացիական ակտիվիստներին տարբեր, շատ հաճախ նաեւ չհիմնավորված բռնի ուժով բերման ենթարկողներ: Այդպես եղել է մինչեւ 2011 թվականը՝ այսինքն համազգեստի փոփոխությունը եւ շարունակում է մնալ նույն վիճակում: Հետեւաբար համազգեստի փոփոխությունը հարցի լուծո՞ւմ է, թե ոչ:
ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց, թե միայն համազգեստի փոփոխությունը որեւիցե էական փոփոխություն չի բերի, որովհետեւ ոստիկանները նախ եւ առաջ պետք է կրթվեն եւ աշխատեն օրենքի շրջանակներում: «Պետք է ոստիկանները կրթվեն այն գիտակցությամբ եւ գործելակերպով, որ քաղաքացիների հետ հարաբերվելու ժամանակ շարժվեն իրավունքի գերակայության սկզբունքով, այսինքն քաղաքացիների, մարդու իրավունքների պաշտպանության գիտակցությամբ մոտենան»,- ասաց իրավապաշտպանը:
Միեւնույն ժամանակ, ըստ Ա. Սաքունցի, համազգեստի փոփոխությունը եւս անհրաժեշտ փոփոխություն է, որովհետեւ մնացել էին Խորհրդային Միության միլիցիայի համազգեստով, որը հոգեբանական եւ գիտակցական ընկալման տեսանկյունից ընդունվում էր որպես խորհրդային միլիցիա, որը քաղաքացիներին, ընդդիմադիրներին ճնշելու միջոց է օգտագործվել: Ա. Սաքունցի գնահատմամբ՝ եթե փոփոխությունը կատարվի միայն համազգեստի տեսքով, ապա դա կկրի հերթական, անգամ իմիտացիոն բնույթ: Ինչ վերաբերում է վերջին փոփոխությանը, ապա ըստ իրավապաշտպանի՝ դա եւս իր նպատակին չծառայեց: Այն օգտագործում են միայն «հրեշտակները», ովքեր մեծ թիվ չեն կազմում համակարգում: «Ճիշտ է, «հրեշտակներին» սովորացրել էին քաղաքում բոլորի հետ այլ կերպ վարվել, բայց հետո, երբ հրեշտակների գումարտակի մեջ մտցրեցին այլ ոստիկաններ, ովքեր չէին անցել այդ պատրաստվածությունը, ուղղակի համազգեստը փոխեցին եւ դարձան «հրեշտակներ», նրանց գործունեության մեթոդները մնացին նույնը»: Եվ որ ամենակարեւորն է, որ ոստիկանները իրենց գործողությունների մեջ փոփոխության ենթարկվեն եւ քաղաքացիների նկատմամբ բռնություններ չգործադրեն:
Ա. Սաքունցը օրինակ է բերում Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական վերջին նիստը, որի ընթացքում ամբաստանյալներից Վարդան Վարդանյանը հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում իր նկատմամբ ֆիզիկական ճնշում են գործադրել, իսկ գործադրողներից մեկը եղել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Հիմա այդ փաստի վերաբերյալ ինչ քննություն է գնալու, պատասխանատվություն կրելու են արդյո՞ք ոստիկանապետն ու նրա ենթակաները: Սա է կարեւորը, իսկ թե ինչ համազգեստով են լինելու, դա էական չէ»,- եզրափակեց Ա. Սաքունցը:
Աղբյուրը՝ galatv.am