Բացի «Կարմիր խաչից»՝ մեր գերիներին վերադարձնելու համար պետք է գործի դրվի դիվանագիտական ողջ զինանոցը
09:46, August 16, 2014 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԳերիների փոխանակման կամ մահացածների մարմինների վերադարձման հիմնական միջազգային մեխանիզմը «Կարմիր խաչն» է, բայց պետք է գործի դրվեն նաև այլ մեխանիզմներ՝ դիվանագիտական ողջ զինանոցը, ներառյալ անձնական կապերը, որոնք քիչ դեր չունեն անգամ երկրների միջազգային հարաբերություններում: Պետք է գտնվեն այնպիսի կառույցներ ու դերակատարներ, որոնց խոսքը Ադրբեջանի իշխանությունները կլսեն:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
«Գաղտնիք չէ, որ կան պետություններ, որոնք որոշակի ազդեցություն ունեն Ադրբեջանի վրա: Եվ եթե մեզ մոտ լիներ գերի, Ադրբեջանը, բնականաբար, կդիեմեր այն պետություններին, որոնց հետ Հայաստանը շատ ավելի մոտ է, որոնց կարծիքը Հայաստանի իշխանությունների համար կարևոր է: Հիմա պետք է գտնվեն այնպիսի միջազգային կառույցներ կամ դերակատարներ, որոնց խոսքը Ադրբեջանի իշխանությունները կլսեն: Դիվանագիտական աշխատանքն անընդհատ աշխատանք է, որի նպատակն է՝ բացահայտել, ուսումնասիրել, ի հայտ բերել մեր հնարավորությունները, թե որ ժամանակ, որ բնույթի խնդրի լուծման համար որ գործոնները կարող են ազդեցություն գործել, որ կառույցներն ու անձինք կարող են ազդեցություն ունենալ: Ու ոչ թե հիմա պետք է այդ ուղղությամբ աշխատանք կատարվի, այլ դա պետք է արդեն կատարված աշխատանքի դրսևորումներից մեկը լիներ: Ես չեմ հիշում, որ մեր ԱԳՆ –ի արածի մասին մենք ունենանք տեղեկատվական դասակարգված ցանկ, որը անընդհատ թարմացվում է »,-ասաց Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձի վերաբերյալ բանակցություններ են սկսվել, սակայն առայժմ որևէ առաջընթացի մասին «Կարմիր խաչի» հայաստանյան կոմիտեն չի հաղորդում:
Ի պատասխան դիտարկման, թե դիվանագիտությունը, որպես կանոն, այն ոլորտն է, որտեղ հնարավոր է՝ շատ բան արվում է, քիչ բան՝ բարձրաձայնվում, ապա իրավապաշտպանը նկատեց. «Բայց մենք, վերջին հաշվով, ո´չ միայն հրապարակային գործառույթների , այլև՝ տարբեր բաների հիման վրա ենք եզրահանգումներ անում՝ ինչ-որ բան արվու՞մ է, թե՞ ոչ: Հիմա ես միջազգային կոնֆերանսում եմ, որտեղ ՀՀ պաշտոնական ներկայացուցչի տեղը թափուր է, այն դեպքում, երբ տարածաշրջանի այլ երկրների ներկայացուցիչները ներկա են»:
Աղբյուրը՝ www.tert.am