Արման Անտոնյանի գործով Դատարանի կայացրած որոշումը կբողոքարկվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան
18:41, September 16, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2015 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ Մ. Մակյանի, շարունակվեց Արման Անտոնյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդ Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը:
Բողոքի քննությանը ներկա էր միայն բողոքաբերի ներկայացուցիչ Ա. Սաքունցը: Վարույթն իրականացնող մարմինը, հանձին՝ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Գեղամյանի, և Երևան քաղաքի դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Հ. Սարգսյանը չէին ներկայացել դատական նիստին:
Բողոքի քննությունը վարույթն իրականացնող մարմնի և վերահսկող դատախազի բացակայությամբ շարունակելու հարցի լուծումը Ա. Սաքունցը թողեց Դատարանի հայեցողությանը:
Նախագահող դատավոր Մ. Մակյանը նշեց, որ նախորդ դատական նիստին Ա. Գեղամյանը և Հ. Սարգսյանը բողոքի վերաբերյալ իրենց առարկությունները ներկայացրել են, ուստի գտավ, որ դատական նիստը կարող է շարունակվել վերջիններիս բացակայությամբ:
Ա. Սաքունցը բողոքի վերաբերյալ որոշ լրացումներ ներկայացրեց Դատարանին, որոնք վերաբերում էին սույն գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշմամբ արձանագրված թերություններին: Մասնավորապես, դիմումի լրացմամբ Ա. Սաքունցը նշեց, որ հիշյալ որոշմամբ արձանագրված նախաքննության թերությունները և խախտումները չեն վերացվել լրացուցիչ նախաքննության ընթացքում, ուստի պնդեց իր կողմից ներկայացված բողոքը:
Դատարանը, բողոքի քննությունը համարելով ավարտված, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
2015 թ. սեպտեմբերի 16-ին հրապարակված որոշմամբ Դատարանը մերժեց Ա. Սաքունցի և Ա. Զալյանի կողմից ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ա. Գեղամյանի՝ Արման Անտոնյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ բերված բողոքը՝ հաստատելով հիշյալ որոշման օրինականությունը :
ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը Ս. Անտոնյանի ներկայացուցիչների կողմից սահմանված ժամկետում կբողոքարկվի ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:
Հիշեցնենք, որ Ա. Անտոնյանը 2010թ. հունվարի 17-ից մինչ փետրվարի 27-ը չբերության գանգատով բուժման կուրս է անցել Երևանի «Սեքսոպաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնում»: 2010թ. մարտ ամվսա վերջերին առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով Ա. Անտոնյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա՝ ինֆեկցիոն հիվանդանոց, իսկ 2010 թ. ապրիլի 1-ին՝ անգիտակից, կոմային վիճակում տեղափոխվել է Երևան քաղաքի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է «հեպատիտ B» հիվանդությունից:
Տես նաև՝ hcav.am