«ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանրագիր ներկայացնելու իրավունք ունի, և ԿԸՀ-ն պարտավոր էր դրան պատշաճ պատասխան տրամադրել». Վարչական դատարանի վճիռը
16:35, January 16, 2018 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ընտրական իրավունք2017 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Վարչական դատարանը մերժեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:
Կազմակերպությունը դատարան էր դիմել 2017 թ. ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ մարտի 18-ին ԿԸՀ ներկայացրած դիմում-առաջարկներին պատշաճ պատասխան ստանալու հայցով:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջարկները վերաբերում էին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ աշխատանքային ժամերին անցկացրած նախընտրական քարոզչությանը, Գագիկ Ծառուկյանի ու Առաքել Մովսիսյանի նախընտրական խոստումներին ու Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետարանի շենքում ՀՀԿ ընտրական շտաբ տեղակայելուն:
ԿԸՀ-ն գտել էր, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի որևէ իրավունք չի խախտվել, և Կազմակերպությունը նշված խախտումների կապակցությամբ ԿԸՀ դիմելու իրավունք չունի, և այս հիմքով մերժել էր դիմում-առաջարկությունների կապակացությամբ վարչական վարույթ հարուցելը: Նույն օրը ԿԸՀ-ն իր նախաձեռնությամբ վարչական վարույթներ էր հարուցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերոնշյալ դիմում-առաջարկներում նշված խախտումների կապակցությամբ և արդյունքում թեկնածուների գործողություններում որևէ խախտում չէր արձանագրել:
Այս որոշումներին Կազմակերպությունը ծանոթացել է ԿԸՀ կայքէջի միջոցով:
Վարչական դատարանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմում-առաջարկություններին պատշաճ պատասխան տրամադրելու վերաբերյալ իր 2017 թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ արձանագրել է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հանրագիր ներկայացնելու իրավունք ունի, և ԿԸՀ-ն պարտավոր էր պատշաճ պատասխան տրամադրել Կազմակերպությանը:
Դատարանը գտել է, որ ԿԸՀ-ի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և դրա արդյունքում կայացված որոշումները ըստ էության պատասխաներ են պարունակել Կազմակերպության հանրագրերի վերաբերյալ, սակայն արձանագրել է, որ «հանրագրի իրավունքը ենթադրում է պատասխանի փաստացի ստացում», և ԿԸՀ կայքէջում դրանց ծանոթանալու հնարավորությունը Դատարանը պատշաճ պատասխանի տրամադրում չի համարել:
Այդուհանդերձ՝ հաշվի առնելով, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն արդեն ԿԸՀ վերոնշյալ որոշումներին ծանոթանալու հնարավորություն ստացել է, դրանք Կազմակերպությանը տրամադրելուն պարտավորեցնելու անհրաժեշտություն չի տեսել:
Մինչդեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր ներկայացրած դիմում-առաջարկներին պատշաճ պատասխան չի ստացել, և դատարանը ևս, այդ փաստն արձանագրելով հանդերձ, այնուամենայնիվ սխալ է գնահատել հայցադիմումի բովանդակությունն ու մերժել այն:
Կազմակերպությունը դատարանի վճիռն ստանալուց հետո այս հիմքով կբողոքարկի այն:
Արձանագրենք, որ մինչ օրս ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի ստացել դատարանի վճիռը: