ԵՄ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը միանում է Ստեղծարար Եվրոպա ֆորումի կողմից ընդունված հայտարարությանը
16:23, October 16, 2017 | Համատեղ, ՀայտարարություններԵվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի լիակատար անդամակցությանն ուղղված ստորեւ ներկայացվող հայտարարությունն ընդունված է «Ստեղծարար Եվրոպա Ֆորում» նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացրել է «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը՝ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի դրամաշնորհների վերատրամադրման ծրագրով, LEA միջազգային հիմնադրամի (Վրաստան) եւ Ինտերնյուս (Ուկրաինա) միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Հայտարարությունը նախաձեռնվել է «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, 2017թ. հուլիսի 12-14-ին տեղի ունեցած համաժողովի մասնակիցների կողմից։
Ստեղծարար Եվրոպա երեւանյան ֆորումը բարձր է գնահատում Եվրոպական միության նախաձեռնությամբ հիմնադրված «Ստեղծարար Եվրոպա» ծրագիրը, որը բաղկացած է երկու խոշոր ենթածրագրերից` Մշակույթ եւ Մեդիա: «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի շրջանակներում Եվրամիությունը հսկայական միջոցներ է տրամադրել մասնակից երկրների մշակույթի զարգացմանը (ԵՄ եւ ԱլԳ երկրների ամբողջ ծրագրի բյուջեն 2014-2020 թվականների համար հաստատված է €1.46 միլիարդի չափով):
Դեռեւս 2015-ին ծրագրին միացել են Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, ինչը խթան է դարձել այդ երկրներում ստեղծագործական ոլորտի զարգացման համար: Սա պետք է օրինակ ծառայեր Հայաստանի իշխանություններին: 2015թ. նոյեմբերին «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի միանալու մասին հատուկ հայտարարություն է ընդունել Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը հասցեագրված էր Հայաստանի իշխանություններին եւ կոչ էր անում անմիջապես միանալ ծրագրին: Այնուամենայնիվ, Հայաստանը ոչ 2016 թվականին, ոչ էլ 2017-ին չի միացել ծրագրին, եւ դա բացասական ազդեցություն է ունեցել երկրում ստեղծագործական հատվածի զարգացման վրա:
Թեեւ՝ ֆորումի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն, Հայաստանը Մշակույթի ենթածրագրի շրջանակներում կմիանա «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին 2018 թվականի սկզբին: Այնուամենայնիվ, դա լիովին չի արտացոլում երկրում մասնագիտական ստեղծագործական կազմակերպությունների ակնկալիքներն ու պահանջները, առկա իրավիճակում նրանք զրկվում են հսկայական ֆինանսավորման աղբյուրներից օգտվելու հնարավորությունից:
Ստեղծված իրավիճակում կարեւոր ենք համարում եւս մեկ անգամ բարձրաձայնելու Հայաստանի «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին ամբողջ ծավալով` Մշակույթ եւ Մեդիա բաղադրիչներով, լիարժեք մասնակից դառնալու կարեւորությունը:
Ստեղծարար Եվրոպա Երեւանյան Ֆորումի մասնակիցները կոչ են անում ՀՀ կառավարությանը դրական արձագանքել ստեղծագործական ոչ կառավարական կազմակերպությունների եւ ոլորտի մասնագետների պահանջին, եւ ապահովել անհրաժեշտ բոլոր պայմանները «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին Հայաստանի լիակատար անդամակցության համար, որպեսզի մշակույթի ոլորտում գործող հայաստանյան կազմակերպությունները կարողանան դիմել 2018թ. սկզբին նախատեսված դրամաշնորհների հաջորդ մրցույթին: Շահած ծրագրերը ոչ միայն հնարավորություն կտան նոր լիցք հաղորդել Հայաստանում մշակույթի եւ մեդիա-մշակույթի ոլորտների զարգացմանը, այլ նաեւ նոր հնարավորություններ կստեղծեն փոխշահավետ համագործակցության համար Եվրամիության եւ Արեւելյան գործընկերության երկրների համապատասխան կազմակերպությունների հետ:
16.10.2017