«Ազատության աստիճանն ու տարածքները ՀՀ-ում հաջորդ տարվա ապրիլին զուգընթաց է՛լ ավելի են նեղանալու». Արթուր Սաքունց
14:10, December 16, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱզգային անվտանգության ծառայության կողմից ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ահաբեկչություն նախապատրաստելու համար քրեական հետապնդում սկսելու հայտարարությունը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները ավտորիտարիզմից անցում են կատարում բռնապետական վարքագծի, որին հաջորդելու են երկրում խոսքի, կարծիքների արտահայտման ազատության էլ ավելի սահմանափակումը, քրեական հետապնդումները: «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Նա մի շարք հարցադրումներ է հնչեցնում՝ այս դեպքի հետ կապված։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ի նկատմամբ, ով, ըստ հաղորդագրության, 2017-ի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է Martin Avagyan օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր՝ «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու մասին:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Ռ.Ք.-ն ՀՀ-ում իրավիճակն ապակայունացնելու, բնակչությանն ահաբեկելու, վախի մթնոլորտ ձևավորելու, պետական իշխանության մարմինների վրա ապօրինի ճնշում գործադրելու նպատակով ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց մահվան կամ ծանր մարմնական վնասվածքներ պատճառելուն, նշված հետևանքների իրական սպառնալիքներ ստեղծելուն ուղղված հրկիզումներ, պայթյուններ և հանրավտանգ այլ գործողություններ իրականացնելու համար մարդկանց հավաքագրելով՝ փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների:
Բացի այդ, ըստ ԱԱԾ-ի, ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ նույն անձը խորհուրդներով, ցուցումներով, ինչպես նաև միջոցներ տրամադրելով՝ նախապատրաստել է հանցակիցների միջոցով ՀՀ տարածքում ահաբեկչական գործողությունների իրականացում:
Նշված անձը Ռոբերտ Քուրքյանն է, ով բնակվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ռոբերտ Քուրքյանը լրագրողներին ասել է, որ ոչ մի խումբ չունի:
«Ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին և սարսափի է մատնել իշխանություններին։ Ես արտահայտել եմ միտք, որը հանգամանքներից ելնելով դուր է եկել աշխարհասփյուռ հայությանը, և այդ տեսակետից եթե նայեք, կարելի է ասել, որ համախոհներ ունեմ»,- ասել է նա:
Արթուր Սաքունցն ասում է, որ ԱԱԾ-ի հայտարարությունում տեղ գտած ձևակերպումների հետ կապված մի շարք հարցեր կան:
«Ըստ էության, մեկ հոգի, ԱՄՆ-ում նստած, կարող է նման գործողություն նախապատրաստել, նման ծավալի ահաբեկչություն նախապատրաստել՝ մեծ թվով մարդկանց ներգրավելու միջոցով: Առնվազն պետք է ենթադրել, որ այդ մարդը կամ ունի բավական լուրջ ռեսուրսներ, կամ հզոր բազա, կամ Բեն Լադենի նման մեկն է, ով կարող է մարդկանց ոգևորել: Այն ամենը, ինչ ասում եմ, ելնում եմ նման դեպքերում միջազգային փորձից: Կամ նա մի այնպիսի կարողություն ունի, որ մարդկանց կարողանում է պրոպագանդել, իր գաղափարներով ու մոտեցումներով գրավել: Այսինքն՝ պետք է ունենալ բավարար հիմքեր՝ ապացուցելու, որ այդ անձն ունի այդ կարողությունները»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ի նշված քաղաքացին այդ հատկություններով օժտված անձ է, նա արդեն իսկ պետք է աչքի ընկներ այն երկրում, որտեղ բնակվում է:
«Ենթադրենք՝ կարող էր ունենալ մարտիկների պատրաստման բազա կամ տարածք, որտեղ զորավարժություններ է անցկացնում: Այսինքն՝ ես նկատի ունեմ, որ ինքը չէր կարող աչքի չընկնել տվյալ երկրի անվտանգության ծառայությունների կողմից, որովհետև ցանկացած երկրում նման տվյալներով մարդը չի կարող աննկատ մնալ»,- հավելեց նա:
Սաքունցն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ ԱԱԾ-ի կողմից հետախուզվող Քուրքյանը ի հայտ է եկել, հայտարարել, որ, այո, իրեն են որոնում: Այսինքն՝ ԱԱԾ-ի, այսպես կոչված, գաղտնիության քողի տակ արված հայտարարությունն առավել քան ծիծաղելի է, որովհետև անձը հրապարակավ արդեն հանդես է եկել, որ ինքը բժիշկ է, ապրում է ԱՄՆ-ում, և որ ԱԱԾ-ն իրեն է փնտրում: Այնինչ ահաբեկչություն իրականացնելու մտադրություն ունեցող անձը, իրավապաշտպանի խոսքով, հրապարակավ հանդես չի գա, կթաքնվի:
«Ո՞ւմ է պետք է այս հայտարարությունը, այս հիմքով քրեական գործի հարուցումը և գործողություններ կատարելը: Այստեղ ես տեսնում եմ մի քանի գործոններ: Նման հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելը ենթադրում է, որ իրենք նաև պետք է ինչ-որ շահ ունենան: Շահն ավելի շատ քաղաքական է, քան իրավական, որովհետև սա «Սասնա ծռերի», Արթուր Վարդանյանի, Սամվել Բաբայանի գործերի շարունակությունն է: Ստացվում է, որ իշխանության աչքում ցանկացած ծայրահեղ դրսևորումներով գնահատականներ՝ «Մա՛հ ռեժիմին» կամ նմանօրինակ բովանդակությամբ գրառումներ, կարող են վտանգ դիտարկվել»,- ասում է նա:
Ըստ Արթուր Սաքունցի՝ իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ ձախողել են քաղաքականությունը: Սերժ Սարգսյանը, ով 10 տարի է՝ պաշտոնավարում է և, ձախողելով հանդերձ, փորձում է շարունակել իր պաշտոնավարումը, շատ լավ ծանոթ է հանրային ընկալումներին, որոնք ատելության մակարդակի են հասնում:
«Ինքը վտանգ է տեսնում ցանկացած այնպիսի դիրքորոշման ու գնահատականի մեջ, որոնք կարող են արտահայտել մարդիկ, և որն ուղղված է իշխանության դեմ:
Սա իշխանության ավտորիտարիզմից դեպի բռնապետական վարքագծի գործելակերպի անցում է, որին հաջորդելու են խոսքի, կարծիքների արտահայտման ազատության է՛լ ավելի սահմանափակումը, քրեական հետապնդումները: Ըստ էության, բռնապետական համակարգի ամրագրում է տեղի ունենում Հայաստանում: Ես սա անվանում եմ բելառուսացում: Հայաստանի բելառուսացումն արդեն հաջորդ փուլն է, առանց որի ձևավորման Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնին անցնելու որևէ երաշխիք չունի»,- հավելեց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ Կրեմլի պահանջները կատարելով ու ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելով՝ Սերժ Սարգսյանը փորձում է ապահովել արտաքին լեգիտիմության հարցը, իսկ ներքին լեգիտիմության ձևավորման ռեսուրս չունենալով, նրան մնում է ձևավորել ճնշման, բռնապետական մոտեցումների մթնոլորտ:
«Էլի կլինեն նման քրեական գործեր, հետապնդումներ, ազատության աստիճանն ու տարածքները ՀՀ-ում հաջորդ տարվա ապրիլին զուգընթաց է՛լ ավելի են նեղանալու: Եվ բոլոր այն մարդիկ, որոնք անտարբեր կմնան այդ գործընթացների նկատմամբ, ավելին՝ կնպաստեն այդ գործընթացներին, ուղղակի պատասխանատվություն են կրելու ՀՀ-ում բռնապետության հաստատման համար»,- ասում է Սաքունցը: