Կարեն Քյուփելյանի գործով բողոքի քննությունը հետաձգվեց
23:07, December 16, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք2015թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, սկսվեց տուժող Կարեն Քյուփելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված բողոքի քննությունը: Սույն բողոքով Տ. Սիրադեղյանը պահանջել է վերացնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանի՝ քրեական հետապնդում չիրականացնելու մասին 2015թ. հոկտեմբերի 19-ի որոշումը:
Բողոքի քննությանը մասնակցում էին բողոքաբեր Կ. Քյուփելյանը, վերջինիս ներկայացուցիչ Տ. Սիրադեղյանը և վարույթն իրականացրած Ա. Օհանյանը:
Դատարանը նախ պարզաբանեց կողմերի իրավունքներն ու պարտականությունները, պարզեց բացարկի միջնորդությունների բացակայությունը, այնուհետև նշեց, որ վարույթն իրականացրած մարմինը Դատարան չի ներկայացրել գործի նյութերը: Ի պատասխան՝ ՀՀ ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Օհանյանը պատճառաբանեց, դա հնարավոր չի եղել, քանի որ հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Հ. Մ.-ին առաջադրվել է մեղադրանք, կազմվել է մեղադրական եզրակացություն, այն հաստատվել է վերահսկող դատախազի կողմից և գործն ուղարկվել է դատարան, սակայն քանի որ գործի նյութերը դատարան ներկայացնելու պարտականությունը կրում է վարույթն իրականացրած մարմինը, նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը պարտավորեցրեց Ա. Օհանյանին քրեական գործի նյութերը Դատարան ներկայացնել:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը՝ նախագահող դատավոր Ա. Խաչատրյանը հետաձգեց բողոքի քննությունը՝ այն նշանակելով 2016թ. հունվարի 22-ին՝ ժամը 10:30-ին:
Հիշեցնենք, որ Կ. Քյուփելյանը 2007թ. նոյեմբերի 1-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ Է. Ն.-ի., Հ. Մ.-ի և ՀՀ ԱԱԾ մեկ այլ աշխատակցի կողմից իր ավտոմեքենայով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, որտեղ պահվել է շուրջ մեկ օր: