Ինչու են սպաները հրաժարվում ստորագրել նոր պայմանագրերը
21:42, August 16, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՊաշտպանության նախարարության հրամանը, որով ծառայությունից վաղաժամկետ հրաժարվող սպաները պետք է մի քանի անգամ ավելի գումար վճարեն պետությանը, հակաիրավական է և խախտում է սպաների իրավունքը: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ըստ նախարարի այս տարվա հունիսի 20-ի հրամանի՝ սպաներին առաջարկվել է իրենց հետ կնքած պայմանագրերի փոփոխված տարբերակը: Ըստ այդմ՝ եթե ռազմական համալսարանն ավարտած սպան մինչև 10 տարին լրանալը ծառայությունից հրաժարվի, տարեկան 1 մլն դրամ է վճարելու պետությանը՝ ներկայիս 250 հազար դրամի փոխարեն: Ըստ տեղեկությունների՝ այն սպաները, ովքեր հրաժարվում են նոր պայմանագրեր ստորագրելուց, ցուցակագրվում են, նրանց անունները ներկայացվում են նախարարին:
Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարել է, որ արդեն բազմաթիվ սպաներ դիմել են Վարչական դատարան՝ իրենց խախտված իրավունքը վերականգնելու հույսով:
Արթուր Սաքունցի խոսքով՝ զինվորական ծառայության մասին պայմանագրով նախատեսված է, որ սպան կարող է ցանկացած ժամանակ ժամկետից շուտ թողնել ծառայությունն ու զորացրվել: Նաև սահմանված է, թե ինչ պայմանների դեպքում կարող է այդ պայմանագիրը չեղյալ համարվել:
«Այսինքն՝ ի սկզբանե խաղի կանոները սահմանված են եղել: Մասնագիտության ընտրության կամ մասնագիտությունը թողնելու իրավունքը չի կարող խոչընդոտվել ու սահմանափակվել այնպիսի նորմերով, որոնք խախտում են այդ իրավունքը: Այսինքն՝ պայմաններն իրենց բովանդակությամբ չպետք է լինեն այնպիսին, որոնք կխոչընդոտեն մարդու զբաղմունքի ընտրության իրավունքը»,- ասաց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ սպաները, որոնք անցել են զինվորական ծառայության, իմացել են, որ հրաժարվելու դեպքում որոշակի մեթոդիկայով հաշվարկված գումար պետք է վճարեն պետությանը:
«Ավելին, մեր գործունեության ընթացքում առնչվելով ծառայությունը պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ թողնելու և լուծելու հետ կապված դեպքերի, ես կարող եմ հստակ ասել, որ այդ մեթոդիկայի հիմքում հստակ հաշվարկ է, մաթեմատիկական բանաձև: Դրա հիմքում ընկած է այն ծախսերի փոխհատուցումը, որը պետությունը ծախսել է տվյալ սպայի պատրաստման համար: Դրանք ուսումնական, գործուղման և այլ ծախսեր են, որոնք մտնում են այդ հաշվարկի մեջ: Հիմա, եթե այդ գումարը մեկ տարվա համար 250 հազար դրամի փոխարեն 1 մլն դրամ են սահմանում, դա նշանակում է, որ պետք է հիմնավորեն: Եթե նույնիսկ այս փուլում պատրաստվող սպաների ծախսերն են թանկացել, դա նույնպես պետք է հիմնավորված լինի: Սա խաղի ընթացքում խաղի կանոնների փոփոխություն է, որը հետադարձ ուժ չպետք է ունենա: Եթե նույնիսկ ենթադրենք, որ հիմնավորեն՝ իրապես 1 մլն դրամը դա մեկ տարվա փոխհատուցման ծախսն է, ապա այս պահին ծառայության մեջ գտնվող սպաների նկատմամբ այդ պայմանը չեն կարող առաջադրել: Հետևաբար, սա իրապես հանդիսանում է սուբյեկտիվ, կամայական պահանջ, որի նպատակն է խոչընդոտել սպայի՝ ժամկետից շուտ պայմանագրով նախատեսված իր ծառայությունը թողնելու գործընթացին»,- հավելեց նա:
Ըստ Սաքունցի՝ ՊՆ-ն գնում է նման որոշման, քանի որ նկատելի է՝ զինվորական ծառայությունը նույնիսկ սպաների համար է դարձել ոչ գրավիչ: Եվ փոխանակ պետությունն այդ իրավիճակի համար հիմքեր հանդիսացող պատճառները վերացնի, «ցնդած, ոչ ադեկվատ գաղափարներ է առաջարկում»:
«Լավ են անում սպաները, որ դատի են տալիս, դու ի՞նչ ես առաջարկում զինվորական ծառայությունն ընտրած անձին, որպեսզի նրա ծառայությունը գրավիչ լինի: Ոչինչ չանելով՝ ստիպում են, որ սպան մնա ծառայության մեջ: Այդ դրույթը մարդուն ստիպողաբար ծառայության մեջ պահելու միտում ունի, ինչն իր էությամբ հակաիրավական է»,- ասաց իրավապաշտպանը: