Արթուր Սաքունց.«Հանրությունն ու ոստիկանությունը դեմ առ դեմ դուրս եկան ՀՀ իշխանության անսկզբունքային քաղաքականության հետեւանքով»
17:51, January 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը, վերլուծելով նախօրեին Գյումրիում տեղի ունեցած դեպքերը, նշում է, թե հանրային վրդովմունքն արդարացի էր, ինչպես նաեւ արդարացի էր իշխանություններից հանցագործության բացահայտման ուղղությամբ պահանջները: Ըստ նրա, կար ոչ միայն ընկալումը, որ սարսափելի հանցագործություն է կատարվել, այլ դրսեւորվել է ոտնձգություն՝ յուրաքանյուր անձի նկատամամբ: Այդ մտահոգությունը, ընդվզումը, սակայն, ՀՀ իշխանությունների կողմից որեւէ արձագանք չստացավ:
-Դա կարող էր լինել Սերժ Սարգսյանի հրապարակային ելույթը, պահանջների ներկայացումը, անելիքների, հետագա գործողությունների մասին դիտարկումները, կարող էր լիներ ԱԺ արտահերթ նիստի հրավիրում: Այսինքն՝ մարդիկ մնացել էին պրոբլեմի հետ մեն-մենակ եւ, տեսնելով, որ արձագանք չկա, արեցին այն, ինչ պետք է անեին: Քաղաքակիրթ եղանակով հարցերը այլ հարթակներում ու այլ մակարդակում ներկայացնելու անհնարինությունն այլ ելք չէր թողնում, քան քաղաքացիների հանրային բողոքը փողոցում արտահայտելը:
Ըստ Արթուր Սաքունցի՝ Գյումրիում դատախազության շենքի դիմաց հավաքն ունեցավ իր հստակ արդյունքը, այն է՝ ՀՀ գլխավոր դատախազը ստիպված էր երկարատեւ դիմադրությունից հետո ճնշման տակ հայտարարել, որ կկատարի իր պարտականությունը՝ ՌԴ գլխավոր դատախազություն դիմելու եւ Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու.
-Սա շատ կարեւոր արդյունք էր, բայց այդ ընթացքում նկատվում էր հավաքի մասնակիցների դինամիկան, որոնք մաքսիմալ ու հիմնավոր արդյուքն էին սպասում, այն է՝ որ այդ թուղթը գրվեր կես ժամվա ընթացքում եւ հրապարակվեր: Եւ հաջորդ հստակ ապացույցի պահանջը, թե Պերմյակովն արդյո՞ք գտնվում է ՀՀ տարածքում: Այս տեսակետից գլխավոր դատախազի հայտարարությունների էվոլյուցիան խոսում է այն մասին, որ քաղաքական իշխանությունը շատ անհետեւողական, երկչոտ դիրքորոշում ունի, երբ խոսքը վերաբերում է ՌԴ-ի հետ փոխհարաբերություններին, որն իր ազդեցությունն ունի նաեւ իրավապահ մարմինների վարքագծի վրա,-նշեց նա
Ըստ զրուցակցիս՝ իշխանության ներկայացուցիչների ոչ արդյունավետ, ոչ ժամանակին պահանջի ներկայացման պայմաններում հանրությունն ինքը ներկայացրեց այդ պահանջները, հետեւաբար ցուցարարների մի մասը իրենց դժգոհություն հայտնեցին Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ՝ որպես ՌԴ-ի պաշտոնական ներկայացուցիչ:
Իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ իշխանությունը, որն իր անողնաշար, անսկզբունքային , ոչ արժանապատիվ պահվածքի հետեւանքով մեծացրեց լարվածությունը եւ որպես ավանդական մեթոդ՝ մարդկանց դեմ ոստիկանական ուժերը կանգնեցրեց: Այսինքն՝ ոստիկանությունն էլ հանդիսացավ այդ նույն քաղաքականության զոհը, եւ պետության երկու հատված՝ հանրություն ու ոստիկանություն, դեմ առ դեմ հայտնվեցին այդպիսի իրավիճակում,-ասաց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ www.asparez.am