Լիա Միսակյանի գործով վերսկսվեց դատաքննության փուլը
13:12, March 17, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Լիա Միսակյան2015 թ. մարտի 12-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Լ. Ավետիսյանի, վերսկսվեց 2-ամյա Լիա Միսակյանի մահվան դեպքի առթիվ Լիլիթ Վարդանյանի և Զարինե Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով կայացված նախորդ դատական նիստին դատարանն անցել էր դատական վիճաբանությունների փուլին և կողմերի միջնորդությամբ հետաձգել դատական նիստը:
2015 թ. մարտի 12-ի դատական նիստին՝ մինչ մեղադրողի ճառի հրապարակումը, գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը դատաքննությունը վերսկսելու պահանջով միջնորդություն ներկայացրեց, որով հայտնեց, որ դատաքննության ավարտից հետո ի հայտ է եկել նոր փաստ, որը չի հետազոտվել դատաքննության փուլում, որն էլ անհնար է դարձնում այդ փաստը գործով որպես ապացույց դիտելու և դրան դատական վիճաբանությունների փուլում հղում կատարելու հնարավորությունը: Նոր ապացույցը վերաբերում է բժշկական կենտրոնում Լիա Միսակյանի բուժվելու ժամանակահատվածում լաբորատորիայի աշխատելու կամ չաշխատելու հարցին: Մասնավորապես, 2015 թ. հունվարի 28-ին գործով տուժողի իրավահաջորդ Գեորգի Միսակյանի եղբայր՝ Անդրեյ Միսակյանն, ով միաժամանակ գործով ներգրավված է որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Facebook» սոցիալական ցանցում Լիա Միսակյանի մահվան հանգամանքների շուրջ խոսակցություն է ունեցել նույն սոցիալական ցանցի օգտատեր Սարգիս Մամյանի հետ: Վերջինս խոսակցության ընթացքում հայտնել է, որ երրորդ օրվա բժշկուհին իր քույրիկն է եղել և ինքն ամեն բանից տեղյակ է: Խոսակցության ընթացքում Սարգիս Մամյանը հայտնել է հետևյալը «… բայց ամսի 1-ով շատ դժվար ա բուժօգնություն ցուցաբերելը …. Դա բժշկի մեղավորությունը չի, դա հիվանդանոցի հարցն ա, որ լաբորատորիաները չեն աշխատել … ու հերթապահ բժիշկ նշանակել այդ օրով անփորձ բժշկի» Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթով՝ Ա. Սաքունցը միջնորդեց վերսկսել դատաքննությունը և որպես վկա հարցաքննել «Արաբկիր» ԲԿ-ի 2013 թ. հունվարի 2-ի հերթապահ բժշկուհի Իրինա Մամյանի եղբայր Սարգիս Մամյանին:Գործով մեղադրող Դ. Կարապետյանը չառարկեց միջնորդության դեմ, իսկ պաշտպանական կողմը միջնորդեց հետաձգել դատական նիստը՝ միջնորդությանը ծանոթանալու և դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Դատարանը, քննության առնելով ներկայացված միջնորդությունը, լսելով կողմերի դիրքորոշումները, գտավ, որ պաշտպանական կողմի դիրքորոշումները ճշտելու համար անհրաժեշտ է ժամանակ տրամադրել, և, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, որոշեց հետաձգել դատական նիստը:
Միաժամանակ, դատաքննությունը վերսկսելու միջնորդությամբ հանդես եկավ նաև գործով ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը: Մասնավորապես, նա միջնորդեց վերսկսել դատաքննությունը՝ տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացված տեսաձայնագրությունները դատաքննության ընթացքում հետազոտելու համար: Կողմերն իրենց դիրքորոշումները հայտնեցին նշված միջնորդության, ինչպես նաև տեսաձայնագրությունները գործին որպես փաստաթուղթ կցելու վերաբերյալ, որից հետո դատարանը որոշեց ներկայացված կրիչը որպես փաստաթուղթ հրապարակել դատական նիստի ընթացքում: Այնուհետև, հրապարակվեցին էլեկտրոնային կրիչով դատարան ներկայացված տեսաձայնագրությունները:
Դատաքննությունը վերսկսելուց հետո Գիվի Հովհաննիսյանը դատարան ներկայացրեց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերով մշտական հանձնաժողովի կողմից իր գրությանն ի պատասխան տրամադրված պատասխանը, որը կցվեց գործին որպես փաստաթուղթ:
Այսքանով գործի դատաքննությունը հետաձգվեց և նշանակվեց 2015 թ. մարտի 27-ին, ժամը 16:00-ին, որի ընթացքում կքննարկվի տուժողի իրավահաջորդ Ա. Սաքունցի կողմից ներկայացված՝ դատաքննությունը վերսկսելու միջնորդությունը: