Փորձաքննության արդյունքները չեն փարատել Ավետիսյանների ներկայացուցիչների կասկածները
17:17, March 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներ, Կյանքի իրավունք | Ավետիսյանների ընտանիքԳյումրիում սպանված Ավետիսյանների գործով երեկ հրապարակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը էլ ավելի խորացրել է իրավահաջորդների կասկածները՝ արդյոք մեղադրյալ Պերմյակովը գործել է միայնակ, թե հանցագործությունը մի շարք անձնաց ձեռքի գործն է եղել։
Գյումրեցի Ավետիսյանների դաժան սպանության գործով Քննչական կոմիտեի հրապարակած վերջին տեղեկություններն, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի, ավելի շփոթեցրեց իրավիճակը՝ այդպես էլ չցրելով կասկածներն այն մասին, թե արդյոք ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը գործել է միայնակ, թե խմբով։
Քննչական կոմիտեն երեկ հաղորդեց, որ Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով նշանակված դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն, դեպքի վայրում հայտնաբերված և փորձաքննության ներկայացված պարկուճները, գնդակները կրակվել են «АКС-74» տեսակի ինքնաձիգից, որը ամրակցված է եղել գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին և հայտնաբերվել դեպքի վայրում։ Արթուր Սաքունցի խոսքով, եթե նույնիսկ հիմք ընդունենք փորձաքննության արդյունքները, ապա ստացվում է, որ այդքան կրակոց արվել է մի ինքնաձիգից, իսկ հարևանները որևէ ձայն, աղմուկ չեն լսել, ինչը տարօրինակ է, և ավելի է շփոթեցնում իրավիճակը: Իրավահաջորդի ներկայացուցիչը կասկած հայտնեց մեկ ինքնաձիգի առկայության մասին եզրակացության վերաբերյալ:
«Եթե մի զենք է, դա չի նշանակում, որ մնացած զենքերը չկային: Ես հերքում եմ դա, որովհետև մի զենքից էդքան կրակոցի արձակման պարագայում պետք է դմբոցը, աղմուկը լսվեր, որը չի եղել, ինչը հակասում է գործի կարևոր հանգամանքներին», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը:
Արդյո՞ք Պերմյակովը միայնակ է գործել, արդյո՞ք խլացուցիչ է օգտագործել, այս հարցերի պատասխանները մինչև օրս թե ռուսական, թե հայկական կողմերը չեն տվել։ Սաքունցը հավատացած է՝ քննությունը չի էլ պարզի այդ կարևոր հանգամանքը, քանի որ ռուսական կողմը զբաղված է հանցագործությունը կոծկելով, ինչի հերթական ապացույցը երեկվա եզրակացությունն է՝ մեկ զենքի առկայության մասին:
Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ քանի դեռ չեն ստացել քննչական կոմիտեի եզրակացությունը, առայժմ զերծ կմնան մեկնաբանությունից։ Միևնույն ժամանակ փաստաբանը շարունակում է պնդել, որ ստեղծված աբսուրդ իրավիճակն իրականում խանգարում է իրենց զբաղվել այս գործով՝ շատ ապացույցներ, այդ թվում և մեղադրյալը, գտնվում են ռուսական կողմում, ինչը խոչընդոտում է քննությանը:
«Կան շատ լուրջ խոչընդոտներ, որոնք վերջնական հաշվով խոչընդոտներ են ստեղծվում գործի արդյունավետ քննության իմաստով: Եվ նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները լուրջ խնդիրներ են էդ կապակցությամբ ունենում, ինչպես նաև վարույթ իրականացնողը, որովհետև նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում շատ դժվար է հասնել վերջնական բազմակողմանի քննությանը», – ասաց փաստաբանը։
Աղբյուրը՝ www.azatutyun.am