Երբ հարցը վերաբերում է իշխանության ներկայացուցչին, ապա նրանց համար օրենքը դադարում է գործել. Արթուր Սաքունց
10:14, March 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՀՀ Գլխավոր դատախազությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ՀՀ գլխավոր դատախազություն դիմում էր ներկայացրել, որով նա պահանջել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործով հարցաքննել Սերժ Սարգսյանին: Դատախազության կողմից դիմումը ստանալուց անցել է 18 օր:
«Ժողովուրդ»-ը Արթուր Սաքունցից հետաքրքրվեց, թե արդյոք ինքը դատախազությունից որեւէ գրություն ստացել է եւ տեղյակ է, թե իր դիմումը ինչ ընթացքում է գտնվում: «Բացարձակապես ոչ մի գրություն, ոչ մի տեղեկություն առայժմ չեն ուղարկել, որ մենք իմանանք՝ ինչ են կատարում: Նրանք պետք է 10 օրվա ընթացքում որոշում կայացնեին հաղորդման հիման վրա: Կան հստակ օրենսգրքի պահանջներ, կա քննչական գործողությունների կատարման հստակ անելիքը, եւ պետք է կատարել օրենքի պահանջները: Կարող ենք արձանագրել, որ հարցը երբ վերաբերում է իշխանության ներկայացուցչին, ապա նրանց համար օրենքը սկսում է դադարել գործել: Գլխավոր դատախազությունն իր անգործությամբ, ըստ էության, հերթական անգամ ցույց է տալիս դա»,- ասաց Սաքունցը: