«Ավետիսյանների ընտանիքի սպանության ձեռագիրը պնդում է, որ դա ուներ պատժողական բնույթ». իրավապաշտպան
22:22, March 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքՎալերի Պերմյակովը, եթե նույնիսկ մասնակից է Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ, որպես անմիջական կատարող, ապա ամենավերջին տեղում է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ արձագանքելով դատաբժշկական փորձագետ Էլդա Գրինի հայտարարությանը, թե Պերմյակովի պահվածքը բնորոշ չէր 7 մարդ սպանողի պահվածքին:
«Առնվազն պետք է խոսել Պերմյակովի այս հանցագործության մասին իմանալու վերաբերյալ, բայց կատարողների մասով դեռեւս վստահ եզրակացություն չեմ կարող կազմել»,- ասաց Արթուր Սաքունցը:
Էլդա Գրինը հավանական չէր համարել նաեւ Պերմյակովի սատանիստ լինելու վարկածը: Այս առումով իրավապաշտպանն ասաց. «Ի սկզբանե, երբ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներից մի մասը այդ վարկածի վերաբերյալ մոտեցում հայտնեց, այդ ժամանակ հստակ արտահայտվել եմ, որ համաձայն չեմ եւ ոչ թե սատանիստի մասին է խոսքը, այլ սատանայի հետ պայմանագիր կնքելու, ինչ-որ գրառման մասին, որը չի համապատասխանում հանցագործության կատարման ձեռագրի հետ:
Ավետիսյանների ընտանիքի սպանության ձեռագիրը պնդում է, որ դա ուներ պատժողական բնույթ, այսինքն, այնպես էր սպանությունը կատարվել, որ հատուկ եկել են պատժելու, բայց հաշվի առնելով, որ Ավետիսյանների ընտանիքը որեւէ կերպ առնչություն չունի ոչ ռուսական բազայի, ոչ էլ հնարավոր այն գործոնների հետ, որի հիման վրա կարող էին այդ ընտանիքի նկատմամբ նման պատժիչ գործողություն կատարել, խոսում է այն մասին, որ այս հանցագործության իրական պատկերը բացահայտված չէ նախաքննության մարմնի կողմից:
Իսկ արդյոք դատաքննության ընթացքում կհաջողվի բացահայտել, թե՝ ոչ, ցույց կտա հետագա ընթացքը»: