Մտահոգող դիտարկումներ` Քրեական նոր օրենսգրքի նախագծի մասին
22:27, March 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԲաց հասարակության ինստիտուտը ձևավորել է մի խումբ՝ «Justice group», որի կազմում են բավականին ճանաչված իրավաբաններ ու իրավապաշտպաններ՝ Ավետիք Իշխանյան, Հայկ Ալումյան, Դավիթ Խաչատրյան, Արթուր Սաքունց, Արտակ Զեյնալյան և այլոք: Խումբն անդրադարձել է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծին, բավականին խորությամբ վերլուծել այն, ներկայացրել իր տեսանկյունից առավել կարևոր հարցերի վերաբերյալ իր բոլոր դիտարկումները, դիտողություններն ու առաջարկությունները:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը, վերլուծությունը դեռ ամիսներ առաջ ուղարկվել է նախագծի հեղինակներին, շատ շուտով կուղարկվի նաև բոլոր նրանց, ովքեր առնչվել, առնչվում կամ հնարավոր է, որ առնչվեն այդ նախագծի ընդունման գործընթացին:
Փաստաթուղթը քննարկվել է Քրեական նոր օրենսգրքի նախագծի հեղինակների հետ և դեռ շարունակելու է քննարկվել: Քննարկման ժամանակ նշվել է, որ բավականին կարևոր դիտարկումներ են, և որ արդեն առաջին հայացքից դրանց մի մասի հետ իրենք ակնհայտորեն համաձայն են և կներառեն նախագծում, «մնացածն էլ կքննարկենք»: Հայկ Ալումյանի տպավորությամբ, դեռ հստակ չի երևում, որ այն առաջարկությունները, որոնց հետ հեղինակները համաձայնել են, ներառվել է նախագծի մեջ:
Վերլուծության մեջ, մասնավորապես, հիշատակվում է նախագծի 13-րդ հոդվածը՝ Հանցանք կատարած անձին արտահանձնելը կամ փոխանցելը: Առաջարկվող նորմը մարդուն արտահանձնելու արգելք է նախատեսում, եթե պահանջող երկրում տվյալ հանցանքի համար նախատեսված է մահապատիժ: Խումբը գտնում է, որ բացի դա նորմով պետք է արգելվի արտահանձնումը նաև այն դեպքերով, եթե հիմքեր կան ենթադրելու, որ արտահանձնելու դեպքում տվյալ անձի նկատմամբ կարող է կատարվել խոշտանգում, դաժան կամ անմարդկային վերաբերմունք:
Բացի վերոհիշյալից, Խումբը գտնում է, որ նորմը դատավարական նորմ է, ուստի խումբը առաջարկում է լրամշակել նորմը, ներառելով արտահանձնման արգելք՝ խոշտանգման սպառնալիքի դեպքերի համար և նորմը տեղափոխել Քրեական դատավարության օրենսգիրք:
Նախագծի 30-րդ հոդվածը՝ Սխալը արարքի փաստական հանգամանքների մեջ, սահմանում է հանցանքի որակման կարգավորում կախված նրանից, թե ինչպես է դրա մասին կարծում հանցանք կատարած անձը, մասնավորապես, կարծում է, թե իր հանցանքը պարունակում է ծանրացնող հանգամանք, թե ոչ: Նույն հոդվածով սահմանվում է, որ պատասխանատվությունը վրա է հասնում ոչ միայն այն դեպքում, երբ վտանգավոր հետևանքը առաջացել է անձի արարքից, այլ նաև երբ հետևանքը առաջացել է այլ պատճառով: Սույն սահմանումը կարող է նշանակել, որ պատասխանատվությունը կարող է վրա հասնել միայն մտադրության համար:
Ուստի Խումբն առաջարկում է հոդվածում ամրագրել, որ հանցանք կատարող անձը ոչ միայն կարծում էր/չեր կարծում իր արարքում պարունակվող ծանրացնող հանգամանքի առկայության մասին, այլ նաև ողջամիտ հիմքեր չուներ այդպես մտածելու:
Առաջարկվում է վերանայել հոդվածը, բացառելով մտադրության համար պատասխանատվության ենթարկելու վտանգը:
Քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքները գլխի 34-րդ հոդվածի՝ անհրաժեշտ պաշտպանություն, համաձայն, անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում չի համարվում հակաիրավական ոտնձգություն կատարողին դիտավորությամբ կյանքից զրկելը, եթե տվյալ իրավիճակում ոտնձգությունից պաշտպանվելու այլ միջոցներ չկան կամ պաշտպանվողը չի գիտակցում դրանց առկայությունը: Խնդրահարույց է այն, որ հոդվածը հաշվի չի առնում վտանգի չափը, ինչը վտանգում է միջազգային չափանիշով սահմանված կյանքի իրավունքի պաշտպանությունը:
Ուստի իրավաբաններն ու իրավապաշտպաններն առաջարկում են լրամշակել հոդվածը, հստակեցնելով անհրաժեշտ պաշտպանության սահմանները ըստ սպառնացող վտանգի չափի:
Նախագծի 35-րդ հոդվածը՝ Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելիս վնաս պատճառելը, սահմանում է պատասխանատվություն «հակաիրավական» ոտնձգությոյւնների համար, սակայն ո՛չ հոդվածը, ո՛չ էլ Օրենսգիրքը չեն սահմանում «հակաիրավական» գործողության չափանիշները:
Ուստի Խումբն առաջարկում է սահմանել «հակաիրավական» տերմինը, կամ փոխարինել այն «անօրինական»-ով: (Կիրառելի է այլ հոդվաների համար, որտեղ նշվում է այդ տերմինը):
43-րդ հոդվածով՝ Հանցագործությունների բացահայտման կամ կանխարգելման հանձնարարություն կատարելը, սահմանվում է, որ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով օրենքով սահամանված կարգով կատարել է հանցագործության բացահայտման, կանխման կամ ապացույցների ձեռք բերման հատուկ հանձնարարություն: Սույն սահմանմամբ, ըստ Խմբի, հասկանալի չէ, թե ըստ հոդվածի ով կարող է իրականացնել նշված գործողությունը: Եթե խոսքը իրավապաշտպան, կամ այլ՝ ի պաշտոնե գործողություն կատարող անձանց մասին է, ապա նման չարաշահումները սահմանվում են այլ դրույթներով:
Խումբը գտնում է, որ սույն հոդվածի վերաբերյալ անհրաժեշտ են պարզաբանումներ: