Հանդիպում Երևանում այլընտրանքային զինվորական ծառայության թեմայով
10:43, March 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՄարտի 14-ին «Այլընտրանքային զինվորական ծառայության մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ Երևանում, որը նախաձեռնել էր «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն «Օրենքի գերակայությունը հանուն փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:
Բանախոսն էր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը:
Ինչպես նշեց Ա. Սաքունցը, օրենքը կարգավորել է կրոնական փոքրամասնությունների ծառայության հարցը, սակայն եթե անձը բանակում է փոխում կրոնական համոզմունքը, ապա նրան թույլ չի տրվում անցնել այլընտրանքային զինվորական ծառայության: Բացառվում է մարդու՝ երկու տարվա ընթացքում համոզմունքների փոփոխությունը, ինչը, բանախոսի համոզմամբ, ակնհայտ խախտում է:
«Զինվորական ծառայությունը պետք է ընտրովի լինի՝ որպես մասնագիտություն: Քաղաքացին երկրի նկատմամաբ միայն մի պարտավորություն ունի՝ հարկեր վճարել, իսկ ծառայելու հարցն ինքը պետք է որոշի»,-նշեց իրավապաշտպանը:
Ա. Սաքունցն անդրադարձավ նաև միջնակարգ դպրոցներում դասավանդվող «Ռազմագիտություն» առարկայի դասագրքերի բոդանդակությանը: Ըստ իրավապաշտպանի՝ տարբեր տեսակի զենքերի, այդ թվում նաև քիմիական զենքի մանրամասն նկարագրությունների փոխարեն կարելի է անդրադառնալ զինվորական ծառայության իրավունքների հետ կապված հարցերին: