Արթուր Սաքունցը վերին աստիճանի ցինիզմ որակեց այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք չպայքարեցին Հաց բերողի ազատության համար, սակայն այսօր ցավակցողի դերում են հայտնվել
15:06, March 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Իրավապաշտպանների արձագանքը հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան դեպքին եւ վերջին զարգացումներին» թեմայով այսօրվա քննարկման ժամանակ իրավապաշտպան, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ Արթուր Սարգսյանը դարձավ խորհրդանիշ։ Նրա դիտարկմամբ՝ Հաց բերողը մարդ էր, որը չուներ քաղաքական հավակնություններ, անհայտ էր հանրությանը, սակայն իր կյանքը վտանգելով, հաց հասցրեց «Սասնա ծռեր»-ին։ Իրավապաշտպանը հիշեց, որ, սկսած 1988 թվականից, Հայաստանում ոչ մի հացադուլավոր չի հասել իր պահանջների բավարարմանը։ Այս դեպքում էլ, ըստ նրա, իշխանությունները սպասում էին, որ Հաց բերողը չի գնա մինչեւ վերջ, դուրս կգա հացադուլից։ Սակայն նա ցույց տվեց, որ մարդը կարող է սկզբունքներ ունենալ եւ հպատակության չգնալ։ Ավետիք Իշխանյանն առաջարկում է Վերնիսաժում տեղադրել Հաց բերողի արձանը, քանի որ նա աշխատել է այնտեղ։
Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը քննարկման ժամանակ նշեց, որ պետք է պայքարել, որ իրավական լուծում տրվի Հաց բերողի հետ կատարվածին, մեղավորներն անպայման պատժվեն։ Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կարծիքով՝ Արթուր Սարգսյանը դարձավ ներկա իշխանությունների հերթական զոհը, ավելացավ Մարտի 1-ի զոհերին։ Նրա կարծիքով՝ Հայաստանում միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են բանտ գնալ, հրապարակ դուրս գալ եւ պայքարել, հացադուլ հայտարարել։
Իրավապաշտպան, Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նկատեց, որ ներկա համակարգը հակված չէ փոփոխությունների եւ պատժում է իր դեմ դուրս եկողներին։ Նա հիշեց, թե ինչպես Հյուսիսային Իռլանդիայում ապստամբների խումբը պայքարեց եւ հասավ նրան, որ իրեն (խմբի անդամներին – ՀՔԱՎ) ճանաչեցին որպես ռազմագերի։ Արթուր Սարգսյանի մահը իրավապաշտպանը համարում է սպանություն, որի համար անմիջական պատասխանատվություն է կրում Սերժ Սարգսյանը։ Նա ասաց, որ Սերժ Սարգսյանի հրահանգով են երկրորդ անգամ կալանավորել Արթուր Սարգսյանին, քանի որ Հաց բերողը երբեւէ փախուստի փորձ չի արել, չի խուսափել նախաքննությունից։
Հաց բերողի մահվան համար, ըստ իրավապաշտպանի, պատասխանատվություն են կրում նաեւ Գլխավոր դատախազը, Հատուկ քննչական ծառայությունը, քրեակատարողական հիմնարկը, դատավորը, արդարադատության նախարարը, քանի որ նրանք ապօրինի հրաման կատարողներ են։ Արթուր Սաքունցը վերին աստիճանի ցինիզմ որակեց այն քաղաքական ուժերի պահվածքը, որոնք չպայքարեցին Հաց բերողի ազատության համար, անձնական երաշխավորությամբ չստորագրեցին, սակայն այսօր ցավակցողի դերում են հայտնվել։