Եվս մեկ անգամ բացահայտվեց իշխանության կապը քրեական աշխարհի հետ
10:11, May 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Lragir.am-ի հետ զրույցում անդրադարձել է Չեխիայի իրավապահների կողմից հայազգի գործարար Ռոբսոն մականունով Ռուբեն Թաթուլյանի ձերբակալության դեպքին և Հայաստանի իշխանությունների կապին քրեական աշխարհի հետ: Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ Ռուբեն Թաթուլյանի կողքին Սերժ Սարգյանն ու Գագիկ Ծառուկյանն են:
«Այս դեպքով ևս մեկ անգամ բացահայտվում է Հայաստանի իշխանությունների սերտ կապը քրեական աշխարհի հետ: Մինչ այդ, Ազգային ժողովի ընտրություններից առաջ տարածվեց մի տեսանյութ, որն արվել էր դեռևս 1993 թվականին և փաստում էր Սերժ Սարգսյանի առնչությունը քրեական աշխարհի հետ: Այդ տեսանյութում, հիշեցնենք, խնջույք էր Սերժ Սարգսայնի և Դեդ Հասանի մասնակցությամբ: Այնուհետև պետք է հիշենք մի քանի տարի առաջ մեկ այլ քրեական հեղինակության՝ Շաքրո Մալադոյի այցը Հայաստան, որին, ըստ լրատվամիջոցների, օդանավակայանում դիմավորելու էին գնացել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նրանք առանց Սերժ Սարգսյանի համաձայնության չէին կարող նման քայլ կատարել»,- ասաց Սաքունցը:
Նա հիշեցնում է, որ ժամանակին ԶԼՄ-ներով տարածվել էր Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի հայտնի գիրքը՝ «Ուժի արթանցումը» վերնագրով, որտեղ ուշագրավ փաստեր կան, որ քրեական աշխարհի այդ հեղինակությունները Ռուսաստանի իշխանությունների հետ ունեն անմիջական սերտ կապեր: «Հիմա, այս ձերբակալությունը ոչ միայն ինքնին փաստ է, այլ ձերբակալված անձի հետ քաղաքական իշխանության՝ ամենաբարձր մակարդակով կապերը բավական լուրջ սպառնալիք են ՀՀ իշխանության գործունեության նկատմամբ՝ վստահության տեսակետից: Դա նաև ազգային անվտանգության լուրջ խնդիր է»,- ասաց նա:
Ըստ իրավապաշտպանի՝ հետևյալ բնույթի հարցն է ծագում՝ ինչքանո՞վ են այդ կապերն ազդեցություն ունենում ՀՀ իշխանության կրողների կողմից որոշումների կայացման վրա: Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ քրեական աշխարհի և ՌԴ իրավապահ մարմինների ու նախագահի կապերը մեկ համակարգ են: Այդ նույն համակարգի հետ կապ ունի նաև ՀՀ նախագահը: Այսինքն՝ այսօր մենք ունենք բավական լուրջ հարցեր, որոնց վերաբերյալ նման տվյալների առկայության պարագայում իրավապահ մարմիններն անհապաղ հետաքննություն պետք է սկսեին:
«Եվ այդ փաստերի նկատմամբ լռությունը ես մեկ առ մեկ բոլոր կուսակցություններին եմ վերագրում, անխտիր բոլոր պատգամավորներին, որոնք այսօր ամբողջ օրը հարկ չհամարեցին որևէ մեկնաբանություն ներկայացնել: Ես բացարձակ անընդունելի եմ համարում իրավապահ մարմինների լռությունը, որովհետև հիմնավոր են կասկածները, որոնք պահանջում են քննություն, նյութերի պատրաստում»,- ասաց նա:
Սաքունցը հիշեցնում է, որ ժամանակին Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի՝ մաֆիայի հետ ունեցած կապերի հարցով, որը նա ունեցել էր մինչև վարչապետ դառնալը, քննություն ու դատական գործընթաց սկսեցին, դա ունեցավ նաև քաղաքական ազդեցություն: Ըստ նրա՝ Հայաստանի նման երկրում, երբ նման փաստեր կան, բայց լռության են մատնվում, դա խորը ճգնաժամի մասին է խոսում: Եվ սա, ըստ իրավապաշտպանի, փաստում է այն մասին, որ ՀՀ-ում վտանգված է իրավական համակարգը, պետական ինստիտուտների գոյությունը:
«Ընտրությունների ժամանակ պարբերաբար խոսք է գնում քրեական տարբեր հեղինակությունների ներգրավման մասին ընտրական գործըթացներին: Եվ մենք տեսնում ենք, որ սա արդեն դառնում է մի համակարգ, որ քաղաքական իշխանության համար քրեական աշխարհը դարձել է գործիք՝ քաղաքական խնդիրները լուծելու համար, ինչպիսիք հանդիսանում են ընտրությունները: Սա սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Խոսքս ուղղում եմ իրավապահ բոլոր մարմինների պատասխանատուներին՝ սկսած գլխավոր դատախազից: Անկախ նրանից, թե ում կողմից են նրանք նշանակվել, պետք է հստակ ՀՀ սահմանադրական կարգի և իրավական համակարգի պաշտպանության դիրքերից հանդես գան և մոռացության տան այն մտահոգությունը, որ կարող են զրկվել իրենց պաշտոններից», ասաց նա: