Փորձագիտական եզրակացության համաձայն՝ անցած տարվա մարտին Գյումրիում մահացած նորածնին թերի բուժօգնություն է տրամադրվել, բայց Դատախազությունը դրանում հանցակազմ չի տեսնում
12:23, May 17, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2016թ. մարտի 12-ին Գյումրիի «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» մահացած նորածնի մահվան հանգմանքները պարզելու նպատակով իրականացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Գյումրիի ծննդատուն» ՓԲԸ-ում նորածնի բուժումն ու հետազոտումը մի շարք թերություններով է իրականացվել:
Փորձաքննությամբ բացահայտված թերություններին զուգահեռ եզրակացությամբ նշվում է նաև, որ, «եթե նշված թերությունները և բացթողումները թույլ չտրվեին, ապա այդպիսիք միայն կարող էին քիչ կարճատև ժամանակահատված՝ մոտավորապես օրեր երկարացնել երեխայի կյանքը»:
Հիմք ընդունելով դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ մահացած նորածնի մոր՝ Լիանա Դարբինյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բողոք է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի խախտումը վերացնելու, իրենց աշխատանքում թերացած բուժանձնակազմի աշխատակիցներին մեղադրանք առաջադրելու և գործի քննությունը Քննչական կոմիտեի այլ ստորաբաժանման հանձնելու հարցով:
Այս համատեքստում Ա. Զալյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ավելի քան մեկ տարի ձգվող նախաքննության ընթացում քննչական մարմնի նախաձեռնությամբ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել. կատարված քննչական գործողություններն ու փորձաքննությունները բացառապես տուժող կողմի միջնորդությունների արդյունք են եղել:
Քննության առարկա չեն դարձել նաև ծննդատան հոսանքազրկման վերաբերյալ՝ տուժող Լիանա Դարբինյանի հայտնած տեղեկությունները, քրեական գործում առկա չեն փորձաքննությամբ պարզված՝ երեխայի և մոր մոտ առկա առողջական խնդիրների և ըստ այդմ՝ նշանակված բուժումների մասին հավաստող փաստաթղթեր, ինչը խորացնում է կասկածները՝ նորածինների փոփոխություն կատարելու վերաբերյալ: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ առաջին դատագենետիկական փորձաքննությամբ հնարավոր չէր եղել պարզել արդյոք Հ. Պետրոսյանն ու Լ. Դարբինյանը հանդիսանում են մահացած նորածնի ծնողները, թե՝ ոչ:
Իսկ փորձագետի այն պնդումը, թե նորածնի առողջական խնդիրները մինչծննդաբերական շրջանում հնարավոր չի եղել հայտնաբերել, ուղղակի ստվեր է գցում Հայաստանի Հանրապետությունում տրամադրվող անվճար բժշկական ծառայության որակի վրա. նման հիվանդություններն ու օրգանների այդպիսի փոփոխությունները չհայտնաբերելը խոսում է այն մասին, որ տրամադրվող անվճար բժշկական օգնությունը ձևական բնույթ է կրում, և սա ևս պետք է ուսումնասիրության առարկա դառնա:
Արձագանքելով տուժող կողմի ներկայացրած բողոքին՝ Դատախազությունից պնդում են, որ տուժող կողմի՝ նորածնին ծննդատնից հիվանդանոց տեղափոխող բուժանձնակազմի անդամներին հարցաքննելու, բժշկական փաստաթղթերն առգրավելու և փորձագետին որոշ հարցեր առաջադրելու միջնորդությունները բավարարվել են և վերոնշյալ գործողությունները կատարվել: Իսկ ահա քննչական մարմնի գործողությունները համարում են իրավաչափ, և քրեական գործ հարուցելու կամ գործը ՀՀ Քննչական կոմիտեի այլ ստորաբաժանում ուղարկելու հիմքեր չեն տեսնում:
Հետաքրքիր է, որ բողոքի բուն բովանդակությանը Դատախազությունն այդպես էլ չի անդրադառնում՝ փորձելով շրջանցել իրենց աշխատանքում թերացած բուժաշխատողներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Սրանով պետությունը խուսափում է իր իրավասության տակ գտնվող անձանց կյանքը պաշտպանելու՝ իր ստանձնած պարտավորություններից և ակնհայտորեն խախտում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքը: