Քրեակատարողական վարչությունը դատապարտյալի ահազանգի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել
16:04, May 17, 2018 | Նորություններ, Սեփական լրատվությունԱյսօր՝ 2018 թ. մայիսի 17-ին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակեց «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Արմեն Շամիրյանի ահազանգն այն մասին, որ ՀՀ վարչապետին ու արդարադատության նախարարին ուղղված նամակները 2018 թ. մայիսի 15-ին ՔԿՀ վարչակազմը հրաժարվել է ընդունել և ուղարկել հասցեատերերին:
Քիչ առաջ ստացել ենք ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պարզաբանումը ահազանգի վերաբերյալ: Պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մայիսի 17-ին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Շամիրյանի «ահազանգի» համաձայն՝ նա «մայիսի 15-ին նամակներ է փոխանցել ՔԿՀ վարչակազմին՝ դրանք հասցեատերերին ուղարկելու համար: Սակայն ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են նամակները վերցնել»:
Վերոգրյալի կապակցությամբ հայտնում ենք, որ նշվածն իրականության հետ կապ չունի: Փաստն այն է, որ Ա. Շամիրյանի նամակները քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ընդունվել են:
Տեղեկացնենք, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից նամակներն առաքվում են շաբաթը միայն երկու օր՝ երեքշաբթի և ուրբաթ՝ առավոտյան ժամերին:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին»