Ավետիսյանների սպանության գործի օրինակով քրեական գործ հարուցվել է ՀՀ եւ ՌԴ իրավապահների կողմից
17:42, June 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱյսօր Գյումրու Մայր Հայաստան կոչվող հուշահամալիրի տարածքում աշխատում էին հայ և ռուս քննիչները: Հայտնի է, որ Հայաստանի քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ, իսկ ավելի ուշ պարզ դարձավ, որ ռուսական կողմը ևս դարձյալ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցել:
Հայտնի է նաեւ, որ սպանությունը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա, եւ ձերբակալված անձը, ով Նովիկովի ծառայակիցն է, գտնվում է ռուս իրավապահների մոտ:
Իրադարձությունների այսօրինակ զարգացումը հիշեցնում է Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեական գործը: Եվ կարծես թե ստեղծվեց նախադեպ, որ նույն փաստի առթիվ քրեական գործ են հարուցում թե ՀՀ եւ թե ՌԴ քննչական կոմիտեները: Հիմա հարց է առաջանում՝ այս դեպքում դարձյա՞լ շարունակելու են իրարից անջատ սպանության գործը քննել թե ՀՀ եւ թե ՌԴ իրավապահները:
ՀՀ քննչական կոմիտեից պատասխանեցին.
«ՀՀ քննչականում հարուցված է քրեական գործ, եւ կատարվում է քննություն: Այդ պահի դրությամբ քննչական կոմիտեն շարունակում է ձեռնարկել քննչական գործողություններ»:
«Քննության արդյունքներով կորոշվի իրավազորության հարցը»:Մեր այն հարցին, թե շարունակելո՞ւ են քննել, թե՞ կհանձնվի գործն ամբողջությամբ ռուսական կողմին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց.
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը համոզված է, որ քրեական գործի քննությունը պետք է հայկական կողմն իրականացնի.
«Քննչական կոմիտեն, իրավապահ մարմինները եւ անձամբ Գեւորգ Կոստանյանը հետամուտ պիտի լինեն, որ քրեական գործընթացն իրականացնի հայկական կողմը, որովհետեւ սպանություն է տեղի ունեցել ՀՀ տարածքում: Ճիշտ է, թե՛ տուժողը, թե՛ հանցագործության մեջ կասկածվողը հանդիսանում են ՌԴ զինծառայողներ, բայց հանցագործությունը կատարվել է ոչ թե ռուսական բազայի տարածքում, այլ տարածքից դուրս, եւ այս տեսակետից քննությունը ՀՀ իրավապահ մարմինների կողմից պիտի իրականացվի: Եվ քննության արդյունքում շատ հարցերի պատասխաններ կունենանք Ավետիսյանների սպանության հանգամանքների հետ կապված»:
Մեր ճշտող այն հարցին, թե ի՞նչ կապ ունի Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, Սաքունցը պատասխանեց, որ խոսքն ուղղակի կապի մասին է.
«Անուղղակի կապ կարող է լինել, այն առումով, որ ի վերջո հո Պերմյակովն այլմոլորակային կամ Մարսից չէր, ի վերջո նա էլ ռազմաբազայի զինծառայող է, եւ հնարավոր կլինի հասկանալ, թե նա ինչպիսի իրավիճակում է ծառայել:
Սա տիպիկ օրինակ եւ փաստ է, թե ինչ իրավիճակ է տիրում ՌԴ Զինված ուժերում եւ կոնկրետ դեպքում՝ բազայում. կանոնադրական հարաբերություններ, կոռուպցիա, բռնություններ, որոնց մասին բազմաթիվ անգամ արձանագրել են ռուս իրավապաշտպան կազմակերպությունները:
Եվ կարեւոր հարց է, որ ռուսական բազայում տիրող իրավիճակն արդեն դադարում է լինել ներռուսական խնդիր: Այդ պրոբլեմները դառել են նաեւ Հայաստանի համար պրոբլեմ:
Սպանվածը նորակոչիկ է, սա վկայում է այն մասին, որ նոր ծառայողների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա բազայում»:
Փաստաբան, փաստաբանների պալատի անդամ Հարություն Բաղդասարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ հարցը, թե որ կողմն է սպանության գործը քննելու, կարգավորվելու է ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ գործող համաձայնագրով.
«Այդ համաձայնագրի 4-րդ հոդվածն ասում է, որ գործը քննելու է հայկական կողմը: Նույն համաձայնագրի 5-րդ հոդվածն ասում է՝ եթե բազայի տարածքում է հանցագործությունը տեղի ունեցել, քննելու է ռուսական կողմը: Հանցագործությունը բազայի տարածքից դուրս է եղել, բայց նույն հոդվածը նաեւ ասում է, որ եթե հանցագործությունը ռուսական զինվորների կամ բազայի դեմ է, գործը ռուսական կողմն է քննելու»:
Փաստաբանի համոզմամբ՝ այս դեպքում առավել արդարացի է, որ քրեական գործը հանձնեն հայկական կողմին, հատկապես որ համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է, որ եթե հանցագործություն է կատարվել եւ մեղադրյալը կամ մեղադրյալ անձանցից առնվազն մեկը ՀՀ քաղաքացի է, նշանակում է քրեական գործի քննությունը հայկական կողմն է իրականացնելու:
Փաստաբանը նշեց նաեւ, որ գրեթե համոզված է, որ հակառակն է տեղի ունենալու՝ քրեական գործը հանձնելու են ռուսական կողմին ամբողջությամբ, քանի որ տեղի ունեցածը խոսում է ՌԴ զինված ուժերում, կոնկրետ դեպքում՝ բազայում տիրող բարձիթողի մթնոլորտի մասին:
Աղբյուրը՝ www.galatv.am