«ՔՀԿ կարողությունների զարգացում» ծրագիրը Դիլիջանում
10:03, June 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄայիսի 27-ից 29-ը Դիլիջանում անցկացվեց «ՔՀԿ կարողությունների զարգացում» ծրագրի երկրորդ փուլը: Ծրագիրն իրականացվում է «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի կողմից ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. երկխոսություն հանուն առաջընթացի» ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն էր զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կազմակերպական և ծրագրի կառավարման կարողությունները: Ծրագրի առաջին փուլում, որն իրականացվել է մայիսի 6-ից 8-ը Աղվերանում, հիմնական շեշտը դրված էր ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների վրա: Առաջին փուլի ընթացքում քննարկվել են ՔՀԿ-ների իրավական միջավայրին, ինչպես նաև կազմակերպությունների տեսլականին, առաքելությանը, ռազմավարական պլանավորմանը, կազմակերպական կառուցվածքին և ներքին կառավարմանն առնչվող թեմաներ:
Առաջին փուլի ավարտին մեզ տրամադրվեց կազմակերպությունների գնահատման գործիք, որը մասնակիցները, որպես գործնական առաջադրանք, պետք է կիրառեին՝ գնահատելու իրենց կազմակերպությունները:
Ծրագրի երկրորդ փուլն իրականացվեց Դիլիջանում: Այս դասընթացի ընթացքում սովորեցինք՝ ինչպես է իրականացվում ծրագրի կառավարումը առաջին իսկ քայլերից սկսած: Մեզ օգնեցին զարգացնել ծրագրի կառավարման հմտությունները և տրամադրվեցին տեսական գիտելիքեր ընդհանուր առմամբ ծրագրերի կառավարման վերաբերյալ:
Այս փուլը սկսվեց «Ի՞նչ է ծրագիրը» հարցից: Մենք ծանոթացանք ծրագրային ցիկլին, ծրագրերի տրամաբանությանը և դրամաշնորհային դիմումների հիմնական բաղադրիչներին: Խոսեցինք ծրագրի նպատակի, խնդիրների և գործողությունների մասին: Քննարկեցինք ծրագրի հաղորդակցությունը և տեսանելիության խնդիրները, ինչպես նաև բյուջեն: Որպեսզի այս ամենը հեշտ յուրացնենք, մեզ տրվում էին գործնական առաջադրանքներ, որոնց միջոցով մշակվեցին հնարավոր ծրագրեր՝ կիրառելով ծրագրի շրջանակներում տրամադրված գիտելիքները և գործիքները: Ծրագրի երկրորդ փուլում մենք հյուրընկալեցինք անկախ փորձագետի, ով ներկայացրեց «Տրամաբանական կառուցվածք» ճկուն գործիքը, որն օգնում է ծրագրի պլանավորման, կառավարման, մշտադիտարկման և հաշվետվության համար:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին արդյունավետ, օգտակար և հետաքրքիր դասընթացների համար: