Ռուստամ Ղազարյանի գործով դատաքննությունն ավարտվեց
12:39, July 17, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն2015 թ. հուլիսի 16-ին, ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր Մ. Մելքումյանի, քննության առնվեց Ռուստամ Ղազարյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության՝ իրեն ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի հաշվառումից հանելուն պարտավորեցնելու պահանջով:
Դատաքննությանը մասնակցում էին Ռ. Ղազարյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը և ՀՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչ Իրինա Շահումյանը:
Հայցվորի ներկայացուցիչը պնդեց ներկայացված հայցը, իսկ պատասխանողի ներկայացուցիչ Ի. Շահումյանը առարկեց ներկայացված հայցի դեմ:
Միջնորդությունների բացակայությունը ճշտելուց հետո դատարանը բացման խոսքով հանդես գալու հնարավորություն տվեց Ռ. Ղազարյանի ներկայացուցչին: Տ. Սիրադեղյանը հիմնավորումներ ներկայացրեց այն մասին, որ Ռ. Ղազարյանը ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում» հաշվառման է վերցվել սահմանված կարգի խախտմամբ, մասնավորապես, նա հաշվառվել է տոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացության հիման վրա, առանց որևէ հետազոտություն անցնելու և առանց համապատասխան ախտորոշման, որը պետք է կատարի բժիշկ-նարկոլոգը: Հայցվորի ներկայացուցիչը նաև նշեց, որ հայցվորին որպես թմրամոլ հաշվառելը սահմանափակում է նրա՝ որոշակի իրավունքների իրացումը, մասնավորապես, հայցվորը զրկվել է նոր վարորդական վկայական ստանալու հնարավորությունից: Դատավորի հարցին ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչը պնդեց նախնական նիստերին արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ առողջապահության նախարարությունը լիազորված է առողջապահության բնագավառում մարդու իրավունքների պահպանում և պաշտպանություն իրականացնելու պարտականությամբ, ինչպես նաև իրականացնում է ոլորտի առողջապահական կազմակերպությունների համակարգումը, հետևաբար այդ լիազորությունների իրականացման շրջանակներում կարող է հայցվորին հանել հաշվառումից: Այդպիսով, Տ. Սիրադեղյանը պնդեց ներկայացված հայցը:
Այնուհետև, բացման խոսքով հանդես եկավ պատասխանողի ներկայացուցիչ Ի. Շահումյանը: Վերջինս ամբողջությամբ առարկեց ներկայացված հայցի դեմ, նշելով, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որևէ լիազորություն չունի անձանց ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում» հաշվառելու կամ հաշվառումից հանելու ոլորտում, վկայակոչեց ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածն, ըստ որի՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Դատաքննությունը լրացնելու միջնորդությունների բացակայությունը ճշտելուց հետո՝ դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը, որից հետո անցավ դատական վիճաբանությունների փուլին:
Կողմերն իրենց ավարտական ճառերում պնդեցին ներկայացված դիրքորոշումը, հայցվոր կողմը խնդրեց բավարարել հայցը, իսկ պատասխանող կողմը՝ մերժել այն:
Այսպիսով, սույն գործով դատաքննությունն ավարտվեց: Դատարանի վճիռը կհրապարակվի 2015 թ. հուլիսի 24-ին, ժամը 17:30-ին: