Անկախ ռազմական օմբուդսմենի ինստիտուտը որպես զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմ
18:45, July 17, 2015 | Նորություններ, Սեփական լրատվությունՄարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրով սահմանված է Ռազմական օմբուդսմենի ներդրման անհրաժեշտությունը. Ծրագրի 115-րդ կետով որպես գործողություն սահմանված է Ռազմական օմբուդսմենի ստեղծումը՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի գործող կարգավորումներին համապատասխան:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից մշակվել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական տարբերակը: Նախագծի 22.1.-րդ հոդվածը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի տեղակալներից մեկին, որը նրա հանձնարարությամբ գործունեություն է իրականացնում զինված ուժերում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության բնագավառում:
Չնայած Նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է որոշակի չափով դիտարկվել որպես ռազմական օմբուդսմենի որոշ լիազորություններ իրականացնող մարմնի ստեղծում, սակայն անհրաժեշտ է նշել, որ այն չի կարող փոխարինել ռազմական օմբուդսմենի ինստիտուտը ԵԽԽՎ 1742 (2006) հանձնարարականի իմաստով, քանի որ համաձայն նշյալ հանձնարարականի 9-րդ հոդվածի 9.2 կետի՝ Ռազմական օմբուդսմենը պետք է լինի անկախ մարմին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ-ի կողմից իրականացվել է ուսումնասիրություն և պատրաստվել առաջարկությունների փաթեթ՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Առաջարկվում է սահմանել ռազմական օմբուդսմենի անկախ ինստիտուտ, վերջինիս կազմավորման կարգը, լիազորությունները, ինչպես նաև ռազմական օմբուդսմենի կողմից զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի մասին տարեկան թեմատիկ զեկույցի հրապարակման կարգը: Առաջարկությունների փաթեթը ուղարկվել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին: