Գյումրիի սպանության անմիջական պատասխանատուն ռուսական կողմն է
21:25, October 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ավետիսյանների ընտանիքԳյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ոչ ադեկվատ վիճակի մասին փաստաբանների երեկվա ներկայացած դրվագները հերթական անգամ փաստում են, որ այս սպանության անմիջական պատասխանատուն ռուսական կողմն է: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը: Նշենք, որ այս գործով փաստաբան Լուսինե Սահակյանը երեկ հայտարարեց, որ ռուսական կողմից հայկական կողմին փոխանցված փաստաթղթից տեղեկանում են, որ ժամանակին Պերմյակովը բազմիցս գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, բուժվել է հոգեբուժական բաժանմունքներում, այն բանից հետո, երբ զորակոչվել է բանակ: Բանակում էլ նա մշտապես ոչ ադեկվատ վարք ու ագրեսիվություն է դրսևորել, ասել էր փաստաբանն ու որպես օրինակ՝ մի քանի դրվագներ ներկայացրել: Արթուր Սաքունցի խոսքով՝ սա հերթական անգամ վերահաստատում է այն տեսակետը, որ ռուսական կողմը Գյումրիի ռազմական բազայի զինծառայողների ընտրության հարցում բծախնդիր ու ուշադիր չէ: Հետևաբար, նրա խոսքով, ռուսական բազայի ղեկավարությունն անմիջական պատասխանատվություն է կրում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործում, քանի որ իրենց հսկողության տակ գտնվող զինծառայողի կողմից է կատարվել այդ ծանր հանցագործությունը: “Բազայի ղեկավարությունը, մեծ հաշվով ռուսական կողմը, այն մարդիկ, ովքեր ընտրում են զինծառայողներին եւ ուղարկում են Հայաստան, այդ բոլոր օղակներն անմիջական պատասխանատվություն են կրում այդ ամենի համար: Դա վկայում է ռուսական բազայում տիրող ոչ առողջ մթնոլորտի, զինվորական ծառայության ոչ պատշաճ կազմակերպման մասին”,- ասաց նա: Ըստ Սաքունցի՝ նախաքննություն իրականացնող մարմինն ու Քննչական կոմիտեն անպայման պետք է այս հարցերին իրավական գնահատական տան: Ինչ վերաբերում է նրան, որ Պերմյակովին ապօրինի սահմանահատության մասով նույնպես մեղադրանք է առաջադրվել, ապա Արթուր Սաքունցը կարծում է, որ ռուս սահմանապահների գործողություններին նույնպես պետք է իրավական գնահատական տրվի: “Սահմանն ապօրինի հատելու փաստով քրեական գործ հարուցվեց, բայց մի բան պետք է հստակ նշել, որ սահմանը խախտողին հայտնաբերելուց և ձերբակալելուց հետո պետք է անպայման հանձնեին հայկական կողմին, ինչը չի արվել: Ակնկալում եմ, որ այդ ապօրինի գործողությանը նույնպես պետք է անպայման իրավական գնահատական տրվի: Այսինքն՝ տվյալ դեպքում ռուս սահմանապահների գործողությանը պետք է իրավական գնահատական տրվի”,- ընդգծեց նա: Սաքունցը նաև ասաց, որ գործի հետ կապված այն դեպքերով, որոնցով հայկական կողմն իրավական գնահատական չի տա, իրենք միջնորդությամբ հանդես կգան, որպեսզի այդ գնահատականներն անպայման տրվեն:
Աղբյուրը՝ lragir.am