Իրավական ուժ չունեցող չհրապարակված իրավական ակտը տեղեկատվության մասին հարցումը մերժելու հիմք
18:31, November 17, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն | Ոստիկանություն2014 թ. նոյեմբերի 11-ին ՀՀ վարչական դատարանում, նախագահությամբ դատավոր Ա. Դանիելյանի, քննության առնվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանությանը տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով ներկայացված հայցը:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը դիմել էր ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում քանի ծառայող է աշխատում, նրանցից քանիսն են ղեկավար պաշտոնում, քանիսը՝ շարքային, քանիսն են արական սեռի, քանիսը՝ իգական: Միաժամանակ Ա. Սաքունցը խնդրել էր տեղեկատվությունը տրամադրել ըստ կոչումների: Սույն հարցմամբ պահանջված տեղեկատվության տրամադրումը մերժվել էր «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանի գաղտնի լինելու պատճառաբանությամբ:
2014 թ. նոյեմբերի 14-ի դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանի մասնակցությամբ:
Դատական նիստի ընթացքում հայցվոր կողմի ներկայացուցիչը ներկայացրեց հայցադիմումի փաստական և իրավական հիմնավորումները: Ա. Զալյանը հայտնեց, որ ոստիկանության կողմից վկայակոչված «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանը «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է իրավական ակտ, իսկ ՀՀ սահամանդրության 6-րդ հոդվածի համաձայն կարող էր ուժի մեջ մտնել միայն սահմանված կարգով հրապարակվելուց հետո: Հայցվորի ներկայացուցիչը վկայակոչեց նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի այն դրույթը, համաձայն որի ՀՀ պաշտոնական տեղեկագրում կամ ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակման ենթակա, սակայն չհրապարակված իրավական ակտերն իրավական ուժ չունեն: Այդպիսով, գտնելով, որ տեղեկատվության տրամադրման մերժումը խախտում է կազմակերպության՝ ՀՀ Սահմանդրության 27-րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածների դրությները, խնդրեց պարտավորեցնել ՀՀ ոստիկանությանը տրամադրել պահանջված տեղեկատվությունը:
Պատասխանողի ներկայացուցիչն ամբողջությամբ առարկեց հայցի դեմ, նշեց, որ տեղեկատվության տրամադրման մերժումը եղել է իրավաչափ: Մասնավորապես, ոստիկանության ներկայացուցիչը վկայակոչեց «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի այն դրույթը, ըստ որի՝ գերատեսչական ցանկերը չեն գաղտնագրվում և ենթակա են հրապարակման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանցում ընդգրկվող կոնկրետ տեղեկության վերտառությունը (անվանումը) ինքնին ամրագրման փաստի ուժով կարող է լինել պետական կամ ծառայողական գաղտնիք: Տ. Ավետիսյանն իր առարկություններում վկայակոչեց ՀՀ կառավարության կողմից 1998 թվականին ընդունված 173-Ն հրամանը, որով սահմանվում են պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը: Պատասխանողի ներկայացուցիչը նշեց, որ այս որոշման հիման վրա ընդունված «ՀՀ ոստիկանության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկերը հաստատելու մասին» թիվ 2-ՆԳ հրամանը գաղտնի է համարվում, քանի որ դրա անվանման մեջ ինքնին պարունակվում է գաղտնի տեղեկատվություն: Միաժամանակ, Տ. Ավետիսյանը հայտնեց, որ այդ հրամանը գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում, ի հավաստումն որի պարտավորվեց դատարան ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության կողմից կնիքված և համապատասխան գրանցման համարի նշմամբ ակտը:
Դատարանը, կարևորելով ՀՀ արդարադատության նախարարությունում ակտի գրանցված լինելու հանգամանքի ստուգումը, անհրաժեշտ համարեց համապատասխան հարցում կատարել ՀՀ արդարադատության նախարարություն, որի պատասխանը ստանալուց հետո սույն գործով կնշանակվի ևս մեկ դատական նիստ: