«Դուք հերոսի մայր եք, հերոսի հայր եք»․ ինչպես էին զոհվում զինվորները ապրիլին
16:35, November 17, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՓամփուշտների պակաս, փչացած մեքենաներ, վառելիքի բացակայություն, ոչ պատշաճ բուժօգնություն և ոստիկանական հսկողության տակ գտնվող փակ դագաղներ․․․ Ապրիլին մահացած զինվորների հարազատները տեղեկատվության բացակայության պատճառով իրենց սեփական հետաքննությամբ պարզել են, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին Ղարաբաղում: Նրանց մի մասը, այնուամենայնիվ, մինչև այսօր չգիտի, թե ինչ հանգամանքներում է մահացել իր հարազատը:
Այսօր «Հոդված 3» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբելայի Վանաձորի գրասենյակի անդամները (ՀՔԱՎ) ներկայացրել են իրենց ուսումնասիրության արդյունքները:
Կազմակերպությունը զոհված զինծառայողների մահվան հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու նպատակով հանդիպել է ապրիլ ամսին մահացած զինծառայողներից 61-ի ընտանիքների հետ, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հետազոտությունն արվել է այս տարվա մայիս-հունիս ամիսներին:
ՀՔԱՎ-ի տվյալները փաստում են, որ զոհված զինծառայողների հարազատները պատշաճ իրազեկված չեն եղել իրենց բարեկամների զոհվելու հանգամանքների մասին։ Կազմակերպությունը նշում է՝ զինվորներն ապահովված չեն եղել բավական քանակությամբ զինամթերքով, բժշկական օգնությունն ուշ է հասել, իսկ որոշ զինծառայողներ էլ ապօրինաբար են բանակ զորակոչվել:
61 ընտանիքներից միայն մեկին են անմիջապես դեպքից հետո հայտնել զինվորի մահվան հանգամանքների մասին: 13 զինծառայողների հարազատներ անձամբ են մեկնել դեպքի վայր և փորձել պարզել, թե ինչ հանգամանքներում են զոհվել զինծառայողները։ Իսկ այն դեպքերում, երբ ծնողներին զանգել են և հաղորդել զինծառայողի մահվան մասին, դրանք ներկայացվել են հայրենասիրական պաթոսով:
«Երբ զանգել են և ասել զինծառայողի մահվան մասին, նշել են՝ «դուք հերոսի մայր եք, հերոսի հայր եք», սկսել են դրանից: Փորձել են հերոս մատուցելու անվան տակ տեղեկացնել ծնողներին», – ուսումնասիրության արդյունքները ներկայացնելիս ասել է ՀՔԱՎ֊ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը:
Ապրիլի 2-30-ը ընկած ժամանակահատվածում զոհված զինծառայողներից 53֊ի ընտանիքներն ամբողջական տեղեկատվություն չունեն իրենց հարազատի մահվան հանգամանքների վերաբերյալ: ՀՔԱՎ֊ի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ սեփական հետազոտության արդյունքում հարազատները պարզել են, որ բանակում թերի սպառազինություն է եղել:
Ապրիլի 2-ին Ջեբրայիլում զոհված զինծառայողներից մեկի (անունը չի նշվում) հարազատներն այցելել են նրա զոհվելու վայր և իմացել, որ այդ հատվածում ծառայակից զինվորներից ոչ-ոք ողջ չի մնացել, քանի որ զենքի բացակայություն է եղել: Զինծառայողների հարազատաների հետ հանդիպած մյուս ծառայակիցները հայտնել են, որ «ասելիք շատ ունեն», սակայն ծառայության մեջ գտնվելու ժամանակ չեն կարող խոսել այդ մասին:
Համաձայն կազմակերպության ուսումնասիրության՝ իրենց այցերի ընթացքում առնվազն 3 ընտանիք հայտնել է, որ իրենց հարազատը մահացել է ոչ պատճաշ բժշկական օգնության պատճառով: Օրինակ, ապրիլի 26-ին մահացած Հայկ Մինասյանը վիրավորվել է և մինչև մահանալը 5 ժամ բուժօգնություն չի ստացել:
Իր ուսումնասիրության արդյունքում կազմակերպությունը պարզել է նաև, որ զոհված զինծառայողներից 15-ը, ըստ հարազատների, ունեցել են առողջական խնդիրներ, ընդ որում՝ այդ խնդիրներն ի հայտ են եկել մինչև զորակոչը: Այդ զինծառայողների մեծ մասն ունեցել է տեսողության, սրտի և ոսկրային համակարգի հիվանդություններ:
Սաքունցը նշել է, որ 61 ընտանիքներից երկուսին թույլ չեն տվել բացել դագաղը և տեսնել՝ արդյոք իրենց զինվորն է, թե ոչ: «Հարազատները պատմել են, որ ողջ գիշեր դագաղի մոտ հերթապահություն է եղել ոստիկանության կողմից: Մայրը հակված էր մտածել, որ այնտեղ իր որդին չէ կամ գուցե դատարկ է», – ասել է Սաքունցը:
Բանախոսները նշել են, որ 61 զոհված զինծառայողների ընտանիքների գերակշիռ մասը աղքատ են։ Ընտանիքների հիմնականում գոյատևում են թոշակով, նպաստով, իսկ 30 ընտանիքներ՝ արտագնա աշխատանքի շնորհիվ:
Սաքունցի խոսքով՝ իրենք այս տվյալները պատրաստվում են ներկայացնել Պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով անհապաղ ծառայողական քննություն անցկացնել: