Սաքունց. «Զինված ուժերում միշտ ճնշված վիճակում են գտնվում սոցիալական անապահով խավի ներկայացուցիչները»
10:33, December 17, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը դեկտեմբերի 16-ին «Խտրականություն. Առկա հիմնախնդիրները եւ պայքարի միջոցները Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպել:
Քննարկման ընթացքում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ դժվար է Զինված ուժերում ամբողջական իրավիճակը ներկայացնել, քանի որ փակ կառույց է. «Ասել, որ տվյալներ չունենք, ճիշտ չէ, բայց ասել, որ ամբողջական տվյալներ չունենք, սա նույնպես, ցավոք սրտի, չենք կարող պնդել: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում խտրականության դրսեւորումների վիճակի վերաբերյալ համակողմանի ուսումնասիրության կատարումը հանդիսանում է իմ առաջարկներից մեկը, որը որպես օրակարգային հարց պետք է ձեւակերպվի եւ փորձենք խոսել պաշտպանության նախարարության հետ նման ուսումնասիրություն կատարելու համար, ինչը կներկայացնեմ:
Առաջինը՝ քաղաքականության տեսակետից՝ գործող Սահմանադրությամբ, որը մենք ունեինք մինչեւ դեկտեմբերի 6-ը, ամրագրված է, եւ այդ դրույթը Սերժ Սարգսյանի նախագծում նույնպես կա, որ Զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն եւ պետք է գտնվեն քաղաքական վերահսկողության ներքո: Սա դրույթ է, որը լիովին համապատասխանում է եւ բխում է Հայաստանի միջազգային պարտավորություններից, եւ սա, մասնավորապես ամրագրված է ԵԱՀԿ-ի՝ Զինված ուժերի վերաբերյալ չափորոշիչների մեջ, որ զինված ուժերն ընդհանրապես պետք է չեզոք լինեն, քաղաքական որեւէ գործընթացում մասնակից չլինեն եւ զսպվածություն ցուցաբերեն: Մենք տեսանք, որ քարոզչության ընթացքում պաշտպանության նախարարը, ակնհայտորեն, որպես անձ, մասնակից եղավ, օգտագործեց նաեւ զինված ուժերի սիմվոլիկան նախագծի օգտին: Եվ չկար որեւէ այլ նման տիպի հոլովակ՝ մեկ այլ կարծիքի տեսակետից: Բայց խնդիրն այն չէ, որ պետք է մյուս կողմի ապահովվածությունը լիներ, այլ հոլովակ չպետք է լիներ: Սա ակնհայտ խտրականության դրսեւորում է»:
Մյուս խնդիրը, ըստ Սաքունցի, ըստ սոցիալական ծագման է: Նա որպես օրինակ բերեց այս տարվա հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտում սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի օրինակը, նա համարում է, որ դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ Բարսեղյանը սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչ էր. «Զինված ուժերում միշտ ճնշված վիճակում են գտնվում սոցիալական անապահով խավի ներկայացուցիչները: Դա վերաբերվում է ոչ միայն շարքային զինծառայողին, դա վերաբերվում է նաեւ սպաներին՝ ծառայողական առաջխաղացման համար: Մասնագիտական կարողությունների զարգացման վրա էական նշանակություն ունի նրա սոցիալական կարգավիճակը: Դա վերաբերվում է թե՛ շարային ծառայության մեջ ընդգրկվածներին եւ թե՛ նաեւ բժշկական անձնակազմին»:
Արթուր Սաքունցը հաջորդ խնդիրը համարում է ըստ սեռական կողմնորոշման խտրականությունը, նա նշեց, որ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին տեղափոխում են այնպիսի ծառայության, որը կարող է նրանց արժանապատվությանը վնաս հասցնել: Ըստ նրա, զինված ուժերում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ վերաբերմունքը բավական մտահոգիչ է:
Աղբյուրը՝ aravot.am