Մտահոգություններ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փակման հարցի շուրջ
18:22, May 17, 2017 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՄայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մտահոգություններ ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի փակման հարցի շուրջ» թեմայով:
Քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Տևական ժամանակ մամուլում լուրեր են շրջանառվում, որ 6-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովում իշխանությունները ցանկություն ունեն լուծարելու Ազգային ժողովի մի շարք մշտական հանձնաժողովներ, որոնց թվում են Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի և Եվրաինտեգրացիայի մշտական հանձնաժողովները:
Ըստ դեռևս պաշտոնապես չհաստատված լուրերի՝ որոշվել է Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը միացնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը միավորվելու է Պետաիրավական հանձնաժողովին:
ԵԼՔ դաշինքով պատգամավոր ընտրված Էդմոն Մաուրքյանը կարծիք հայտնեց, որ նման փոփոխություններ կատարվում են, որպեսզի ԵԼՔ խմբակցությանը որևէ մշտական հանձնաժողվի նախագահություն չհասնի:
«Մենք ևս ունենք տեղեկություն, որ քաղաքական մեծամասնությունը առաջարկելու է, որպեսզի ԱԺ մշտական հանձնաժողովների թիվը կրճատվի մինչև 9-ը: Կրճատման ամբողջ իմաստն այն է, որ 10-րդ հանձանժողով չլինի, որովհետև 10-րդ հանձնաժողով լինելու պարագայում, այդ հանձնաժողովը ըստ «Դոնթի բանաձևի» հասնում է ԵԼՔ խմբակցությանը: Հենց այդ պատճառով կրճատում են մշտական հանձանժողովների թիվը, որպեսզի ԵԼՔ դաշինքը որևէ լծակ գոնե հանձնաժողովների մակարդակով չունենա և այդ հանձնաժողովը չօգտագործի իր ծրագրերի կամ ազգային ժողովի վերահսկողական ֆունկցիաների իրականացման կոնտեքստում»,- նշեց Մարուքյանը:
Պատգամավորը նաև հավելեց, որ իր համար տարօրինակ է, որ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովը փորձում են միավորել պետաիրավական հանձնաժողովի հետ. «Այդ հանձնաժողովը փորձում են միավորել Ազգային ժողովի ամենագերծանրաբեռնված հանձնաժողովին՝ Պետաիրավականին, որի անդամն եմ ես հիմա և գիտեմ, որ այդ հանձնաժողովը իր ունեցած օրենսդրական փաթեթները չի հասցնում քննարկել, ինչ մնաց դրան գումարվի մարդու իրավունքների բնագավառի հետ կապված օրենսդրությունն ու նախագծերը»:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ այս քայլով գործող իշխանությունը ուղերձ է հղում միջազգային հանրությանը, որ իրենք ԵՄ ինտեգրումը առաջնահերթ ուղղություն չեն համարում. «Եթե քաղաքական, այսպես կոչված, մեծամասնությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի և նրա կցորդ Դաշնակցության, նման մտադրություն ունեն, ապա դա ուղերձ է միջազգային հանրությանը, որ մենք եվրոպական ուղղությունը՝ հանձինս ԵՄ- Հայաստան համաձայնագրի, առաջնահերթ ուղղություն չենք համարում»:
«Երկրորդ արդեն կառավարությանն է ներկայացվել մարդու իրավունքների ռազմավարության գործողությունների երկրորդ պլանը: Ըստ էության, այս Եվրոինտեգրացիան և մարդու իրավունքների ռազմավարության պլանը, որոնք գտնվում են նաև իշխանությունների քաղաքական օրակարգում: Երկու կարևոր ուղղություն, որոնց էլ իշխանությունը միջազգային կառույցներից ֆինանսական ակնկալիքներ ունի: Այս աստիճան արդեն բացահայտ իմիտացիայով չեմ կարծում, որ իշխանությունները կարող են ակնկալիք ունենալ` այդքան ցանկալի ֆինանսական հոսքեր ստանան համապատասխան քաղաքական դիրքորոշումների բացակայության պայմաններում: Մենք մեր այս մտահոգությունները ներկայացրել ենք նաև եվրոպական կառույցներին: Չի կարելի վստահել և ֆինանսական աջակցություն ցույց տալ ինստիտուցիոնալ զարգացման համար մի իշխանության, որը եվրաինտեգրման և մարդու իրավունքների հանձնաժողովները փորձում է լուծարել»,- ասում է Սաքունցը:
Մարուքյանը կարծում է, որ Մարդու իրավունքների հանձնաժողովի լուծարումը իշխանությունը չի կարող պատճառաբանել օպտիմալացման գործընթացով, քանի որ մաքուր խորհրդարանական կառավարման անցնելու դեպքում Ազգային ժողովի կառույցները ոչ թե պետք է օպտիմալացնել, այլ՝ ընդլայնել:
«Ես կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում պետք է օպտիմալացում իրականացվի խորհրդարանից դուրս, ոչ թե ներսում: Այդ հանձնաժողովը որևէ ծախսային բեռ չունի ԱԺ-ի վրա: Աբսուրդ է. խորհրդարանի պահակն էլ ունի պադավատ: Ասենք հանձնաժողովի նախագահը, որը նախարարին հավասար պաշտոն է, ինչո՞ւ, չպիտի ունենա մեքենա: Բայց մենք երբևէ որպես ընդդիմություն չենք էլ վիճարկել այդ հարցը: Ավելին, եթե նման փաստարկ բերվի, կարծում եմ, որ պետք է օպտիմալացվի ոչ թե ԱԺ-ն, այլ կառավարությունը»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Տես նաև՝galatv.am