ԹԻ զեկույց,կոռուպցիոն բարձր ռիսկեր Հայաստանի պաշտպանության ոլորտում
18:22, February 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումՀայաստանի պաշտպանության և անվտանգության ոլորտում առկա են կոռուպցիոն բարձր ռիսկեր: Այս մասին ասված է Թրանսփերենսի ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հրապարակված «Հայաստանի պաշտպանության համակարգի հակակոռուպցիոն համաթիվ 2015» զեկույցում:
ԹԻ-ն այս համաթիվը կազմում է աշխարհի տարբեր երկրների համար, 77 հարցից բաղկացած հարցաշարի հիման վրա: Երկիրը դասվում է A-ից F խմբերից որևէ մեկում. A-ում կոռուպցիոն ռիսկերը շատ ցածր են, իսկ F-ում՝ շատ բարձր: ՀՀ-ն ընդգրկվել է D խմբում, որը համապատասխանում է պաշտպանության և անվտանգության ոլորտում կոռուպցիոն բարձր ռիսկերի առկայությանը:
Զեկույցի հեղինակները ներկայացրել են ՊՆ համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերն՝ առանձին ոլորտներով: Ըստ ներկայացված տվյալների՝ ֆինանսական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը կազմում են 23%, անձնակազմում՝47, գործողություններում՝ 25, գնումներում՝ 26%, ըստ որում, որքան բարձր է թիվն, այնքան ավելի շատ կոպումպացված է ոլորտը:
Ռիսկերի ամենաբարձր ցուցանիշները, փաստորեն արձանագրվել են ֆինանսական, գործողությունների և գնումների ոլորտներում. դրանք բնութագրվում են որպես շատ բարձր կոռուպցիոն ռիսկերով առկա ոլորտներ: Ուսումնասիրության հեղինակները դիտարկել են և գնահատել նաև ՊՆ ոլորտը՝ ըստ թափանցիկության, վստահության և արդյունավետության, առևտրային գործունեության և շահերի բախման:
Ըստ արդյունքների՝ ՀՀ ռազմական գնումների մեծամասնության գործընթացները և որոշումները գաղտնի են, և ռազմական բյուջեի մասին միայն շատ ընդհանուր տեղեկատվություն է հրապարակվում:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պաշտպանության ոլորտի վերահսկողության բավականին քիչ հնարավորություններ ունի, մասնավորապես պաշտպանության քաղաքականությունը և ծախսերը խորհրդարանում երբեք քննարկման առարկա չեն դարձել և կարևոր որոշումները, որպես կանոն, ընդունվել են առանց բավարար քննարկումների: Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովն իրավասու է վերահսկելու պաշտպանության ոլորտի գնումները փակ լսումների ընթացակարգով, սակայն այն տարվա ընթացքում սովորաբար սակավաթիվ լսումներ է անցկացնում, և վերահսկողության աստիճանը հնարավոր չէ հստակեցնել»,- ասված է զեկույցում:
Դրանում քննադատվում է նաև այն, որ չնայած Պաշտպանության նախարարությունը սկսել է մասնակցել քաղաքացիական հասարակության որոշ նախաձեռնությունների, սակայն պաշտպանության ոլորտին վերաբերող սահմանափակ տեղեկատվություն է հասանելի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
«Սա նշանակում է, որ հասարակական վերահսկողությունը և ներգրավվածությունը պաշտպանության քաղաքականության, գնումների և ծախսերի առաջնահերթությունների որոշման մեջ փաստացիորեն բացակայում է: Պաշտպանության պլանավորման և գնումների վերաբերյալ խորհրդարանի և քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովումը առավել ամուր հիմք կստեղծի ծախսերի առաջնահերթությունների ընտրության համար և կբարձրացնի զինված ուժերի նկատմամբ վստահությունը, ինչը հատկապես կարևոր է, եթե զինապարտությունը շարունակում է մնալ զինված ուժերի հենքը»,- ասված է զեկույցում:
Անդրադառնալով առևտրային գործունեություն և շահերի բախման խնդրին՝ զեկույցի հեղինակները գրել են, որ քիչ տեղեկատվություն է առկա պաշտպանության արտաբյուջետային եկամուտների աղբյուրների վերաբերյալ:
«Ակտիվների օտարման գործընթացը ընկալելի չէ, ինչպես նաև բացակայում են վաճառքից ստացված եկամուտների օգտագործման վերաբերյալ տեղեկություններ: Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև անձնակազմի առանձին անդամներ, հանդիսանում են մի շարք առևտրային կազմակերպությունների կամ դրանց բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթների սեփականատեր, որոնց գործունեությունը և ֆինանսական հաշվետվությունները թափանցիկ չեն: Սա կարող է հանգեցնել շուկայի աղճատման և անարդար մրցակցության, իսկ եկամուտների աղբյուրների վերաբերյալ հստակության բացակայությունը կարող է խոչընդոտել ռեսուրսների բաշխման և առաջնահերթությունների որոշման կայուն գործընթացի ձևավորմանը»,- ասված է զեկույցում:
Հեղինակները Պաշտպանության նախարարությանն առաջարկում են հրապարակել եկամուտների բոլոր աղբյուրները, ինչպես նաև դրանց օգտագործումը, և ապահովել պաշտպանության նախարարությանը պատկանող ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտը և հրապարակայնությունը:
Զեկույցում նշվում է նաև, որ ըստ ԶԼՄ-ների՝ ՊՆ բարձրաստիճան անձնակազմի որոշ անդամներ ներգրավված են բիզնեսներում: Որպես օրինակ բերվում են Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի բենզալցականներն ու շտաբի պետի տեղակար Հայկազ Բաղմանյանին պատկանող բիզնեսները: ՊՆ-ն պաշտոնական գրությամբ ասել է, որ նման տեղեկատվություն իրենց հայտնի չեն:
Այսօր զեկույցը քննարկվեց ԱԺ պատգամավորների, Պաշտպանության նախարարության, հասարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և թեմայով հետաքրքված այն անձանց մասնակցությամբ:
Միջոցառման բանախոս, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր անհամաձանությունը հայտնեց զեկույցում առկա մի շարք խնդրահարույց հարցերի վեևաբերյալ՝ նշելով, որ եթե անգամ ՊՆ ոլորտում խնդիրներ կան, ապա դա չի նշանակում, թե ԱԺ-ն այդ ոլորտում պատշաճ վերահսկողություն չի իրականանցնում.
«Գործող օրենսդրության շրջանակներում ԱԺ-ն կատարում է իր գործառույթները, իսկ եթե դուք ցանկանում եք, որ մենք մեր լիազորությունների շրջանակներից դուրս գանք, դա չի լինելու»,- քննադատություններին այսպես պատասխանեց Կորյուն Նահապետյանը:
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հիշեցրեց. օրենք ընդունող մարմինն Ազգային ժողովն է, և եթե այս կամ այն ոլոտում օրենսդրական բացեր կան, ապա դրանք շտկելու գործառույթը ևս ԱԺ-ի պարտականությունն է: Սաքունցը կարծիք հայտնեց, որ ԱԺ-ի պատգամավորներից շատերին պարզապես ձեռնտու չէ օրենսդրական այնպիսի կարգավորումները, որոնք վնասում են իրենց առևտրային շահերը:
«Եթե մամուլում հրապարակում է հայտնվում այն մասին, որ «Երևան սիթի»-ում զինվորների համար նախատեսված խտացրած կաթ ա վաճառվում, ապա պարզ է, որ Սամվել Ալեքսանյանը չի մասնակցելու Ազգային ժողովում այդ հարցի վերաբերյալ քննարկմանը»,- ասաց Սաքունցը, հիշեցնելով, որ Երևան սիթի խանութների ցանցը գրանցված է Ալեքսանյանի կնոջ անվամբ:
Կորյուն Նահապետյանը այս, ինչպես նաև ՊՆ-ի տարբեր ոլորտներում առկա խնդիրները լսելուց հետո, դրանց վերաբերյալ բովանդակային մեկնաբանություններ կատարելու փոխարեն եզրահանգման եկավ. «Սաքունցը եղել է ԹԻ-ին տեղեկություններ տված գաղտնի աղբյուրներից»: Ժամանակի սղության պատճառով զեկույցում տեղ գտած շատ հարցերի անդրադարձ չկատարվեց: