Երևանում տեղի ունեցավ «Խոշտանգումների դեմ պայքարի գործընթացում ԶԼՄ-ների և ՀԿ-ներիդերը» թեմայով դասընթաց
10:17, March 18, 2015 | Նորություններ, Սեփական լրատվություն | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք2015 թ. մարտի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Երևանում կազմակերպվեց դասընթաց՝«Խոշտանգումների դեմ պայքարի գործընթացում ԶԼՄ-ների և ՀԿ-ների դերը» թեմայով, որին հրավիրված էին լրագրողներ և իրավապաշտպաններ:
Դասընթացը վարեցին վրացի փորձագետներ՝ Հանրային գործերի վրացական ինստիտուտի (անգլ.՝ GIPA) Լրագրության և մեդիա կառավարման (անգլ.՝ CSJMM) կովկասյան դպրոցի դասախոսներ, Թինա Ծոմայան և Նինո Դանելիան:
Դասընթացը նպատակ ուներ բարձրացնելու լրագրողների և իրավապաշտպանների մասնագիտական կարողությունները` խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների բացարձակ արգելքին ուղղված գործընթացում:
Դասընթացի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին մարդու իրավունքների, մասնավորապես խոշտանգման, վատ վերաբերմունքի այլ դրսևորումների դեպքերի լուսաբանման հետ կապված խնդիրները, այդ դեպքերի լուսաբանման կարևորությունը, լուսաբանման մեթոդները, ներկայացվեց տրավմայի գործոնը և լրագրողական էթիկան: Մասնակիցները ծանոթացան նաև Մեդիա հաղորդակցության ուղեցույցի, նոր մեդիա գործիքների և ինֆոգրաֆիկների հետ: Կարևորվեց լրագրողի հոգեբանական ինքնապաշտպանության անհրաժեշտությունը, որի հետ կապված փորձագետները ներկայացրեցին որոշ հնարքներ:
Դասընթացը բաղկացած էր ոչ միայն տեսական մասից, այլև գործնական աշխատանքից, որի միջոցով մասնակիցներին ներկայացվեցին տուժողների կամ տուժողների հարազատների հետ շփման առանձնահատկությունները, մասնագիտական նրբությունները և ամենակարևոր սկզբունքները:
Մասնակիցների և դասընթացավարների կողմից ներկայացվեցին վատ վերաբերմունքի դեպքերի լուսաբանման հաջողված և ձախողված օրինակներ:
Քննարկվեց նաև հասարակության արձագանքը դժբախտ դեպքերի կամ պատմությունների մասին պատմող հոդվածների կամ հեռուստահաղորդումների նկատմամբ:
Դասընթացը ֆինանսավորվել է Նիդերլանդների թագավորության դեսպանատան կողմից՝ Մարդու իրավունքների տուն Թբիլիսիի հետ համատեղ իրականացվող «Մարդու իրավունքները դեպի մարզեր» ծրագրի շրջանակներում: Ծրագրի հայաստանյան գործընկերներն են Մարդու Իրավունքների Տուն Երևանը և «Ասպարեզ» լրագրողների ակումբը: