Գյումրիում սպանդի գործով փորձաքննությունը չի տալիս հարցերի պատասխանները. Սաքունց
15:51, March 18, 2015 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք | Ավետիսյանների ընտանիքԱվետիսյանների ընտանիքի սպանության գործով օբյեկտիվ բացահայտումներ անելու համար գլխավոր հարցը մնում է այն, որ հայկական կողմը պետք է ազատ ելումուտ ունենա սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի ու նրա զինակիցների մոտ, ոչ թե նրանք գտնվեն ռուսական հսկողության տակ:
Քանի դեռ նրանք գտնվում են ռուսական կողմի հսկողության տակ, հավանականությունը, որ գործը օբյեկտիվորեն կբացահայտվի, հավասար է զրոյի: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով օրերս հրապարակված դատաձգաբանական փորձաքննության եզարկացությունը, ըստ որի՝ ընտանիքի անդամները սպանվել են մեկ՝ «АКС-74» տեսակի ինքնաձիգից:
Իրավապաշտպանի խոսքով՝ այդ փորձաքննությունն ընդամենը մեկ հարցի պատասխան տվեց, որ Պերմյակովի զենքից է կրակվել: «Քանի որ դեպքի վայրում են եղել այդ զենքը, փամփուշտները, ընդամենը պատասխան տրվեց, թե այդ պարկուճները կարող են կրակված լինել այդ ինքնաձիգից, որը Պերմյակովի անունով է: Այդ փորձաքննությունն այն բոլոր հարցերը, որ ունեինք մինչ այդ, դրանց պատասխանը չի տալիս: Խնդիրը մնում է այն, որ դա չի համապատասխանում փաստական այն հանգամանքին, որ այդքան կրակոցների ձայնը ոչ ոք չի լսել: Նման բան չի կարող լինել, Կալաշնիկով ինքնաձիգից արձակված 20-ից ավելի կրակոցների ձայները մի ամբողջ թաղամաս ոտքի կհանեին: «Փորձաքննությունն ասում է, որ այդ զենքից կրակել են, ես ասում եմ՝ եթե այդ զենքից են կրակել, պետք է ձայները լսվեր»,- նշեց նա:
Այս գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ այդ փորձաքննության արդյունքն իրենք կասկածի տակ չեն դնում, սակայն դա դեռ չի նշանակում, թե դեպքի վայրում մեկ անձ է գործել: «Կատարվել է փորձաքննություն, ստացվել է արդյունք, որ դրանք բոլորը նույն զենքից են կրակվել, դա չենք կարող բացառել, որովհետև դեպքի վայրից հայտնաբերվել են 28 պարկուճներ, ևս երկուսն էլ զենքի մեջ են եղել: Հետևաբար գոնե թվային առումով դա համապատասխանում է: Սակայն փորձաքննության արդյունքը դեռևս չի նշանակում, որ միանշանակ մեկ անձ է գործել»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Նրա խոսքով՝ եթե լիներ փաստ, որ դեպքի վայրում այլ զենք էլ է օգտագործվել, ավելի հեշտ ու հիմնավոր կարելի էր ասել, որ երկրորդ անձ է գործել: «Մենք պարտադիր այդ վարկածն ի նկատի ունենք, որ դեպքի վայրում կարող է մի քանի անձ եղած լինի: Հենց կողմնորոշվենք, որ մեկ անձ է եղել, դա լուրջ սխալ կլինի մեր կողմից: Առաջին իսկ պահից սկսած մենք բոլոր վարկածները հաշվի ենք առել և միջնորդություններ ենք ներկայացրել, որ քննչական մարմինները նաև այդ ուղղությամբ քննություն կատարեն: Բավական շատ այլ գործողություններ կան, որոնց միջոցով պետք է պարզվի՝ մեկ հոգի է եղել, թե՞ այլ անձինք էլ են եղել»,- նշեց Երեմ Սարգսյանը: Նրա խոսքով՝ այդ գործի քննության բուն խնդիրը պետք է լինի այն, որ գործողություններով համոզեն, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի մարդկանց մոտ կասկածներ չլինեն:
Աղբյուրը՝ lragir.am