ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը կարող էր շատ ավելի համարժեք լինել. ինչո՞ւ չեն արտացոլվել միջադեպերը
14:56, March 18, 2017 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ընտրական իրավունքԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային («միջանկյալ» – ՀՔԱՎ) զեկույց է հրապարակել:
Զեկույցում նշվել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության խմբի զրուցակիցներից մեծամասնությունն ընտրակաշառքի բաժանման վերաբերյալ են հայտնել. «Կա նաև տարածված ընկալում, որ ճնշումը և ահաբեկումն ի հայտ կգան նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ ներառյալ վարչական ռեսուրսների չարաշահումը»:
Դիտորդական խմբի զրուցակիցները հայտնել են, որ հասարակական դժկամություն կա ընտրախախտումների մասին հայտնելու նկատմամբ, որի պատճառն ընտրությունները կազմակերպող դատական և իրավապահ մարմինների նկատմամբ անվստահությունն է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիտարկմամբ՝ զեկույցն ուղղակի արձանագրում է իրավիճակը: «Կարծում եմ, որ պետք էր անպայման շատ լուրջ անդրադառնալ այն միջադեպերին, որտեղ ակնհայտ երևում են քաղաքական և ինչու չէ նաև քրեական հանցագործության ենթատեքստերը: Նկատի ունեմ թե՛ Ջրառատի դեպքերը, թե՛ առսնձին տարածքներում թեկնածուների միջև ընդհարումները, ինչպես նաև հասարակության նկատմամբ ճնշումները, ահաբեկումները, հրազենի կիրառման դեպքերը, լրագրողների նկատմամբ բռնությունները: Դրանք պետք է անպայման արտացոլվեին զեկույցում»,- NewsBook-ի հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ զեկույցի մեջ լարվածության առանձին դրսևորումներին պետք է տրվեր պատշաճ պատասխան:
«Զեկույցում համարժեք արտացոլում չեն գտել այն դեպքերը, որոնք ակնհայտորեն կապված են եղել ընտրական պրոցեսների հետ, ունեին քաղաքական ենթատեքստեր և ուղեկցում են նախընտրական քարոզչության գործընթացին: Կան մեսիջներ, բայց չեմ կարծում, որ սա այն զեկույցն ու մոտեցումն է, որը կարող է զգոնացնել: Այն կարող էր շատ ավելի համարժեք լինել: Միայն համարժեք արտացոլման և գնահատականների դեպքում կարող է ազդեցություն ունենալ: Սա շատ ավելի մեղմ է, քան իրականում կա»,- նշեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, կարծես, չի վերապահում իրեն առանձին դեպքերին անդրադառնալ, քանի դեռ քննություն կատարված չէ:
«Կարծես, հեռու է պահում շատ ավելի բաց տեքստով գնահատականներ տալուց: Խուսափում է, ամենայն հավանականությամբ, ենթադրելով, որ միայն այդ դեպքերով օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա նոր կարող են գնահատականներ տալ: Կան նաև շատ լատենտային գործընթացներ, որոնք տեղի են ունենում և որոնց վերաբերյալ առնվազն գոնե պետք է արձանագրվեր: Գոնե պետք է արձանագրվեր, որ կա լարվածություն և այդ լարվածությանը հանգեցնող գործոնները մնում են չպարզաբանված կամ չքննված: Ձևակերպումները կարող էին այնպես լինել, որ հարցեր թողնվեին, որոնք պատասխան են ենթադրում: Զեկույցում այդ հարցերը չեն երևում, որոնց պետք է պատասխաններ տրվեն: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը կարող էր շատ ավելի համարժեք լինել: Որպես նախընտրական լարվածությունը փաստող գործոններ` զեկույցում պետք է արտացոլվեին միջադեպերը: Պետք է անպայման ձևակերպվեր պատճառների ուղղությամբ պատշաճ քննության անհրաժեշտության հանգամանքը, որը կկանխի հետագա նմանատիպ միջադեպերը, և որոնք կարող էին ստվեր նետել ընտրությունների վրա»,- ասաց նա:
Արթուր Սաքունցը հղում կատարեց այն հանագմանքին, որ սա ընդամենը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցն է:
«Հույս ունենանք, որ նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքի վերաբերյալ վերջնական զեկույցում երևի թե ավելի համակողմանի մոտեցում կլինի: Բայց մյուս կողմից էլ չէի ցանկանա, որ մենք նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ որոշակի անհամաձայնություններ ունենանք նախընտրական քարոզչության գնահատականների վերաբերյալ: Մենք նախատեսում ենք մեր միջանկյալ զեկույցը մի քանի օրից հրապարակել: Շփվում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդների հետ: Իմ մտահոգություններն անպայման այս միջանկյալ զեկույցի վերաբերյալ կներակայցնեմ նրանց, որովհետև քաղաքական նպատակահարմարությունը չի կարող գերակշռել օբյեկտիվ իրականությանը»,- եզրափակեց իրավապաշտպանը: