Իշխանության ճգնաժամը խորանում է
12:48, April 18, 2016 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններՆախօրեին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրությունների շուրջ զրուցել ենք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ
Քառօրյա պատերազմից հետո իշխանությունը խոսում էր փոփոխությունների անհրաժեշտության մասին, որ իշխանությունը կոնկրետ քայլեր կանի, բայց տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ որևէ բան չի փոխվել, ավելի վերահսկելի է դարձել գործընթացը։ Ստացվում է՝ ոչ մի խոստում չիրականացա՞վ։
Տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին նախորդած ժամանակահատվածում վարչական ռեսուրսների, ընտրական կաշառքների, նախընտրական քարոզչությանը պաշտոնատար անձանց անթաքույց ներգրավումը, քաղաքացիներին ստիպելու, համոզելու այս ամբողջ ավանդական զինանոցը կիրառվեց։
Կարող է արտառոց թվալ, բայց ապրիլի սկզբի պատերազմական գործողությունների ֆոնին, նաև այդ պատերազմի հետ կապված բազմաթիվ խնդիրների համատեքստում, եթե փորձենք վերհիշել նույն կառավարող ուժի վարքագիծը վերջին 17 տարիների ընթացքում, երբ գոյություն ուներ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակը, ապա պետք է համոզվենք, որ ՀՀԿ-ի իշխանությունը ոչ մի դեպքերում չի հրաժարվել իր մտադրությունից՝ իշխանությունը պահել ամեն գնով։ Իշխանություն ունենալն այդ քաղաքական ուժի համար դարձել է ինքնանպատակ, որովհետև իրենք բացարձակ ոչ մի առաջարկություն ու մոտեցում ՀՀ քաղաքացիների, այդ թվում համայնքների բնակիչներին առաջարկելու չունեն։ Ես պետք է հիշեցնեմ, որ հենց այս օրերին ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացում նրանք, ըստ էության, թեև փոքրիկ, կոսմետիկ փոփոխություններ կատարեցին, բայց հիմնական կոնցեպտը, որ վերաբերում էր կայուն քաղաքական մեծամասնության ձևավորմանը, այն է՝ առավելագույնը երեք քաղաքական ուժերի կողմից մեծամասնության ձևավորման կոնցեպտը, այդպես էլ չփոխեցին։ Մենք մինչ այդ էլ ասում էինք, որ նրանք այնպիսի նորմեր են ներդրել նախագծի մեջ, որ գիտեին, որ ակնհայտ դժգոհություն է առաջ բերելու և դրանց փոխարինմամբ փորձ են անելու ցույց տալ, որ տեսեք, պատրաստ ենք փոխզիջումների գնալ, բայց իրենց համար կենսական նշանակություն ունեցող կայուն քաղաքական մեծամասնության ձևավորման մեխանիզմում որևէ փոփոխություն չեն կատարելու։ Այսինքն՝ ցանկացած մակարդակում իշխանությունը պահելու համար միջոցների մեջ ոչ մի խտրականություն չեն դնելու:
Այստեղ մի հարց է առաջ գալիս, որը հանրային մտածելակերպում ձևավորված է, այն է՝ պատերազմական գործողությունների ժամանակ հասարակության այդ արձագանքը, համախմբումը ոչ թե իշխանության հովանու ներքո էր, այլ մարդկանց բնական արձագանքն էր հակառակորդի հարձակմանը և առկա սպառնալիքները չեզոքացնելու նպատակ ուներ, բայց ոչ ամենևին իշխանության հովանու կամ նշանաբանի ներքո։ Ավելին՝ իշխանությունը շատ վախեցավ հասարակության համախմբումից և հիմա փորձ է անում նաև ՏԻՄ ընտրությունները նման խայտառակ խախտումներով անցկացնելով՝ վերստին այդ համախմբումը կոտրել, չեզոքացնել։ Որովհետև հանրային ընկալումներում հստակ է, որ իշխանությունն անպատրաստ է ոչ միայն երկրի ներսում տնտեսական, սոցիալական, քաղաքական, իրավական, պետական խնդիրներին լուծում տալու, այլ նաև անընդունակ է լուծումներ տալ անվտանգության ապահովման տեսակետից։ Այսինքն՝ չի կարող մի իշխանություն, որ մտահոգված չէ երկրի ներսում իր քաղաքացիների ազատության պաշտպանությամբ, մտահոգված լինի արտաքին մարտահրավերների նկատմամբ այդ քաղաքացիների ազատության և անվտանգության նկատմամբ ոտնձգություններով։ Վերջին չորս օրերի ընթացքում մենք տեսանք Ռուսաստանի ակնհայտ նսեմացնող քաղաքականությունն ու վարքագիծը, որի նկատմամբ իշխանությունը վերստին մեծ առումով որևէ վճռորոշ, արժանապատիվ քայլ չկատարեց։ Այնպես որ, եկեք ևս մեկ անգամ արձանագրենք, որ իշխանությունը նույնիսկ ոչ միայն քաղաքացիների արժանապատվության զոհաբերման գնով, այլ նաև սեփական արժանապատվությունը նսեմացնելու հաշվին պատրաստ է սեփական իշխանությունը պահել արտաքին ուժերի հետ հարաբերությունների ժամանակ։ ՏԻՄ ընտրությունները հանդիսացան այն ինդիկատորը, որը ցույց տվեց, որ իշխանությունը որևէ մտադրություն չունի եզրակացություններ անելու, բացարձակապես նպատակ չունի իր վարքագիծը փոխելու և ունակ էլ չէ որևէ գործողության, քան բռնությունների կիրառումը։
Ստեղծված իրավիճակը ինչի՞ կարող է հանգեցնել։
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավելի է խորացնելու Հայաստանոմ սահմանադրական ճգնաժամը և հանգեցնելու այդ ճգնաժամի ծավալմանը, և իշխանությունը հիմա փորձում է մի ձեռքով կասեցնել հանրային համախմբման բնական գործընթացը, մյուս կողմից փորձում է մանիպուլյացիաների միջոցով լղոզել պատերազմական գործողությունների և դրա հետ կապված բազմաթիվ խնդիրները, այդ թվում կոռուպցիոն մարտահրավերները, ապօրինությունները, այն, թե ինչպես է լինում, որ միայն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են զոհվածների թվում։ Այդ աղաղակող անարդարությունները փորձում են տեղեկատվական մանիպուլյացիաների միջոցով քողարկել, բայց մյուս կողմից իշխանության պահպանելու հարցում գնում են ճնշման։ Իշխանության երկդիմի վարքագիծը չի կարող անընդհատ շարունակվել և հանգեցնելու է բավականին լուրջ խնդիրների։ Բայց իմ մտահոգությունը իշխանությունը չէ, իմ մտահոգությունը հանրային մոբիլիզացիան է՝ այս քաղաքական ուժին շուտափույթ հեռացնել իշխանությունից։
Նախադրյալներ կա՞ն։
Նախադրյալները գոյություն ունեցող խնդիրները և դրանց անընդհատ չլուծվածությունն են և իշխանությունների կողմից որևէ առաջարկի և փոփոխություն կատարելու քայլերի բացակայությունը։ Սրանք են նախադրյալները, բայց սրանք անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են։ Բավարար լինելու համար անհրաժեշտ է նաև այն քաղաքական կազմակերպվածությունը, առանց որի հնարավոր չի լինի իշխանության լծակները տիրապետելու փաստով կազմակերպված ուժին հեռացնել։ Կազմակերպված ուժին հեռացնելու համար պետք է լինի կազմակերպված պայքար։
Ընտրությունների միջոցով հերթական անգամ համոզվում ենք, որ փոփոխություն չի լինում։
Իշխանություններն ուզում են, որ ընտրությունների վրա ընդհանրապես հանրությունը հույս չդնի։ Իրենք են հետևողականորեն այդ մտածելակերպը ձևակերպում և պարտադրում։ Եվ մնում է հանրությունը համոզվի, որ, ցավոք սրտի, ընտրությունները ճանապարհ չեն։ Առաջին ինդիկատորը Սահմանադրության հանրաքվեն էր, թե ինչպես այդ փոփոխությունները պարտադրեցին, ինչպես խայտառակ ձևով կեղծեցին հանրաքվեի արդյունքները։ Այնպես որ, այս ՏԻՄ ընտրությունների հետ կապված միայն մեկ փաստարկ կար, որ գուցեև այս պատերազմական գործողությունների հետ կապված բազմաթիվ խնդիրները պետք է որ սթափեցնեն, որ իրենք են անմիջական մեղավորը բոլոր գործոնների և խնդիրների համար, բայց պարզվեց, որ ոչ, իրենք ոչ միայն չունեն սեփական մեղքի զգացումը, այլ ծայրաստիճան վախենում են այդ խոստովանությունից, որովհետև գիտեն՝ այդ խոստովանությունից հետո պետք է կատարեն փոփոխություն, որի համար պատրաստ չեն և ունակ էլ չեն։ Իսկ այս գործողությունների բացակայությունը ևս մեկ ազդակ է հանդիսանալու, որովհետև շարունակական անգործության պարագայում խնդիրներն անընդհատ կուտակվում են, իսկ դրանք ծանր բեռ են հասարակության համար։ Մթնոլորտն է դառնում շատ ավելի անտանելի։