Դատարանը ճանաչեց հարկադիր կատարողի՝ ավարտված կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը
18:16, May 18, 2017 | Նորություններ, Սեփական լրատվություն2017 թ. մայիսի 18-ին ՀՀ Վարչական դատարանը հրապարակեց ԴԱՀԿ ծառայության դեմ Անուշ Պողոսյանի հայցի քննության արդյունքում կայացված վճիռը:
Հիշեցնենք՝ Ա. Պողոսյանը պահանջել էր ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Պարոնյանի՝ 2016 թվականի հունվարի 22-ի՝ կատարողական վարույթները վերսկսելու գործողությունները: Դրանք ավարտվել էին դեռևս 2015 թ. նոյեմբերի 30-ի որոշումներով:
Դատարանը գտել է, որ կատարողական վարույթները վերսկսելու իրավահարաբերությունների բացակայությունը ենթակա է ճանաչման, քանի որ ավարտված կատարողական վարույթները վերսկսելու իրավական հիմքերը բացակայում են, և հարկադիր կատարողը, չունենալով նման իրավասություն, վերսկսել է դրանք:
Դատարանի վճռով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի նաև 8.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես չվճարված պետական տուրքի գումար:
Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով նաև հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ՀՔԾ: Դրա արդյունքում 2016 թ. օգոստոսի 12-ին որոշում էր կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Որոշման դեմ Ա. Պողոսյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի ներկայացրած բողոքները մերժվել էին: